Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում «բանդայի գործով» դատապարտյալի դիմումը գրանցվել է

Ապրիլ 10,2019 13:30

20 տարվա ազատազրկման դատապարտված, «Բանդա 2»-ի գործով Ռաֆայել Հարոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը երկու օր առաջ ստացել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ուղարկված դիմումի վերաբերյալ դատարանի ծանուցումը:

Այնտեղ նշված է, որ դիմումը կքննարկվի առաջին իսկ հնարավորության դեպքում:
Բողոքը ներկայացվել էր այն հիմքով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը. այն է՝ դատաքննության ժամանակ Ռ.Հարոյանը զրկված է եղել իր դեմ վկայած միակ անձին հարցաքննելու հնարավորությունից:

Դատարանի իրավաբանական քարտուղար Արեւիկ Ստեփանյանը ծանուցել էր. «Գործի վարույթի ընթացքում հնարավոր է, որ Դուք դատարանից ստանաք գրավոր հարցումներ՝ տեղեկատվություն եւ այլ փաստաթղթեր ներկայացնելու խնդրանքով: Այդ հարցումներն անպատասխան թողնելը կարող է դատարանին հանգեցնել այն եզրակացության, որ դիմողն այլեւս շահագրգռված չէ հետամուտ լինել իր դիմումին, հետեւաբար, այն կարող է հանվել դատարանի գործերի ցուցակից»:

Հիշեցնենք, այս գործով մեղադրանք է առաջադրվել Ռաֆայել Հարոյանին, Տիգրան Հովհաննիսյանին, Կարեն Վարդանյանին, Հայկ Կոջոյանին, Մնացական Սարգսյանին, Էդիտա Ալիխանյանին, Գոհար Գաբրիելյանին, Վահե Ստեփանյանին եւ Մառլեն Մուրադյանին: Նրանք մեղադրվել են տարադրամի փոխանակման կետերի եւ այնտեղ աշխատող անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության համար: Նախաքննությունն իրականացնող մարմինն այս խմբի պարագլուխ էր համարել Ռաֆայել Հարոյանին, որն ըստ նրանց, ստեղծել եւ անձամբ ղեկավարել է զինված խումբը` բանդան, որոշակի դերաբաշխմամբ:

Տուժողների մեջ նշվել էր «Դաշինք» սահմանափակ ընկերության հիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանը, որի նկատմամբ ավազակային հարձակում էր տեղի ունեցել իր տան շքամուտքի մոտ: Մեղադրյալները դարանակալել էին Հովհաննիսյանի շքամուտքում, մարմնական վնասվածք էին հասցրել նրան, ու հետագայում դիմել փախուստի:

 

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

10.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930