Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում հին հունարեն նոր տերմին մտավ՝ աթեոս, որը նշանակում է «առանց աստված(ներ)»: Հնագույն ժամանակներում այն ունեցել է մի քանի իմաստ եւ օգտագործվել է հերքող տերմին նրանց համար, ովքեր փորձում էին մերժել այն աստվածներին, որոնց երկրպագում էր հասարակության մեծամասնությունը: Գիտափիլիսոփայական մտքի զարգացմանը զուգահեռ՝ աթեիզմը դարձավ փիլիսոփայական ուղղություն՝ հասնելով գիտական որակավորման (գիտական աթեիզմ):
Աթեիզմի այսօրվա տեսլականի, մարդ-աստված-բնություն, գիտությո՞ւն, թե՞ նորաձեւություն փոխհարաբերությունների շուրջ զրուցել ենք փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Ղարագուլյանի հետ։
– Ինչպե՞ս է մեկնաբանվում աթիզմը իմաստասիրության համատեքստում:
– Աթեիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը ժխտում է գերբնականի գոյությունը՝ որեւիցե տարբերակով: Փիլիսոփայության պատմության մեջ շատ տարբեր ուսմունքներ են եղել, որոնք այս կամ այն ձեւով հաստատել են, որ Աստված կա, իսկ աթեիզմը սկզբունքորեն մերժում է Աստծո գոյի հնարավոր բոլոր տարբերակները:
– Ո՞րն է բացարձակ մերժման հիմքը:
– Աստծո գերագոյության գաղափարը մարդկային ֆիզիկական զգայարաններին հասանելի չէ: Մարդը նայում է իր շուրջը ու փնտրում, թե որտե՞ղ է Աստված: Կա բնություն, օրինաչափություններ, կանոններ եւ արտաքին բարձրագույն էակի միջամտություն կամ նրա արտահայտման որեւիցե ձեւ չի գտնում: Այս առումով հետաքրքիր է Սթիվեն Հոքինգի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ ունի աշխարհի իր մոդելը եւ Հոքինգի աշխարհի մոդելը առանց Աստծո գաղափարի իդեալական գործում էր:
– Գիտությանը խանգարո՞ւմ է Աստծո գոյությունը:
– Դժվար է այդպես ասել, բայց հետաքրքիր է, որ միջնադարում այդ խնդիրը կար: Գիտությունը զարգացման ընթացքում սկսեց խաչվել աստվածաբանության հետ եւ տարաձայնություններ առաջացնել: Միջնադարյան փիլիսոփայությունը ընդունեց երկակի ճշմարտության գաղափարը՝ գիտությունն էլ է ճիշտ, աստվածաբանությունն էլ: Գիտությունը զբաղվում է այն աշխարհով, որը հասանելի է մարդուն ֆիզիկապես: Գիտությունը, ըստ էության, աթեիստական է, բայց ասել, որ խանգարում է Աստծո գոյի գաղափարին՝ ճշմարիտ չէ, որովհետեւ մարդու կառուցվածքում ոգեղենը մնում է անհերքելի: Այլ հարց է, որ երբեմն կրոնական դոկտրինան իջնում է նյութական մակարդակ եւ փորձում է քողարկվել գիտությամբ: Եվ հետո, գուցե գիտությունը եւ կրոնը միակ միջոցը չեն Աստծուն փնտրելու:
– Գիտությունն ասում է, որ մենք իմացության, գոյության ու չգոյության, տիեզերքի մեջ ընդամենը մի քանի փոքր քայլ ենք դեռ կատարել, իսկ աթեիզմը մերժում է գերբնականի գոյությունը: Չի՞ ժխտում գիտությունը ինքն իրեն:
– Փաստենք, որ գտնականների զանգված կա, որոնք բացարձակ դեմ են աթեիզմին: Երկու ուղղությունների ճանապարհները ի վերջո միանալու են՝ հօգուտ մարդու: Գալու է մակարդակ, որ թե՛ կրոնական, թե՛ գիտական դոկտրինները որոշ փոխզիջումներով խաչվելու են: Խնդիրն ավելի շատ արժեքաբանական է: Ճշմարտությունը միշտ պետք է որոնել զգուշանալով քարոզչությունից:
– Կարելի՞ է ասել, որ Աստծո գաղափարը կարեւորվում է այնքանով, որքանով անհատն է դրան իմաստավորում տալիս:
– Որոշակիորեն կարելի է այդպես ասել, քանի որ սա այն ոլորտն է, որ անմիջականորեն ստուգման չի ենթարկվում: Այստեղ հարց է ծագում՝ այն մարդիկ, ովքեր աթեիստ են, ի՞նչ հիմքի վրա են հենվում եւ այն մարդիկ, ովքեր չեն բացառում, իրենք ի՞նչ փաստարկեր են առաջ բերում: Հետաքրքիր դիտարկում գոյություն ունի՝ ինչպես մտածում ես, դա էլ ի վերջո լինում է: Իրականությունը ճկուն է իր դրսեւորումներով, եթե դու քեզ հարմար ես զգում աթեիստական մոդելում, ուրեմն իմաստազրկվում է քո կյանքում Աստծո գոյությունը, իսկ եթե հարմար ես զգում կեցության հոգեւոր, կրոնական մակարդակում, եթե ունես միստիկ, հոգեւոր, կրոնական փորձառություն, քեզ համար էլ այդ դռներն են բաց:
Կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ մարդիկ կան՝ թթվածին են շնչում, մարդիկ էլ կան՝ տրանա (տրանան հնդկական փիլիսոփայության մեջ օդի հետ շնչվող անտեսանելի էներգիան է), բայց երկուսն էլ երջանիկ են: Ճիշտ է՝ 21-րդ դարի մարդը մեծ նվաճումների է հասել, բայց տիեզերքի անսահմանության հանդեպ մարդու հնարավորությունները շատ ու շատ սահմանափակ են եւ արդյունավետ չէ ինչ-որ ոլորտներ եւ գաղափարներ փակել ու բացառել:
– Լուսավորության դարաշրջանի մեծ նահապետներից Ջոն Լոքն այն կարծիքին է եղել, թե աթեիստները հասարակության անկառավարելի զանգված են: Համաձա՞յն եք:
– Ոչ: Ջոն Լոքի ասածը նախկինում դոգմատիկ մտածելակերպ էր՝ կապված այն բանի հետ, որ կրոնը «ափիոն» է՝ կառավարելու միջոց, փաստ է, որ կրոնական դոկտրինը ունի նման որոշակի սկզբունքներ՝ կախված կրոնից, օրինակ, իսլամական դոկտրինը շատ ավելի ներթափանցող է հասարակական կյանքի ցանկացած ոլորտ. իսլամադավանը ամենօրյա իր գործունեությունում չի կարող չզգալ իսլամի ազդեցությունը: Քրիստոնեության վերահսկողությունն ավելի մեղմ է, գերխնդիրն այն է, թե ո՞րն է մեր նպատակը, ի վերջո մենք ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում ունենալ: Լոքի ասածը մշտամնա լինելու է իշխող կարծիք, բայց, ըստ էության, ճիշտ չէ մարդուն եւ իր վարքը այդ տեսակետից դիտարկել:
– Լոքի կարծիքը ունի նաեւ հակառակ դատողություն, ըստ այդ դրույթի կողմնակիցների՝ աթեիստները հասարակության ավելի գիտամետ զանգվածն են:
– Կրկին հարաբերական է: Հաշվի առնենք, որ կա պոպուլյար, նորաձեւ աթեիզմ: Առհասարակ եկեք ընդունենք, որ աթեիզմը չունի իր սեփական դրութները: Սոցիալական կայքերում բավական թվով աթեիստների խմբեր, միավորումներ ու էջեր կան: Հետաքրքիր էր՝ ինչի մասին են խոսում աթեիստները… բնության օրինաչափությունների՞, տիեզերքի՞, իմացությա՞ն…. զարմանալի էր ինձ համար, որովհետեւ այդ խմբերում ու էջերում, այսպես կոչված, աթեիստները ծաղրում են եկեղեցուն, հոգեւորականներին, քննադատում են ու այդպես շարունակ: Հարց է ծագում՝ դա՞ է նրանց հիմնական գաղափարախոսությունը կամ՝ նպատակը…
Եվ ո՞վ ասաց, որ եկեղեցի գնացող մարդը ազատ չէ, ո՞վ ասաց, որ լուսավոր չէ, եթե մարդը կրոնից ելնելով բարոյական, ծիսական, հոգեւոր որոշակի արժեքներ ունի, ապա դա չի նշանակում, որ նա միջնադարյան խավարամտության մեջ է ապրում: Կրոնի հիմնական գաղափարը համամարդկային վերելքն է՝ մարդուն աստվածային կատարելության հասցնելը, ուստի ինձ համար ընդունելի չէ, որ եթե գիտության հետ կապ ունես, հարում ես գիտական աթեիզմին, ուրեմն դու լուսավոր անձ ես, իսկ եկեղեցի գնացողը, կրոնին հարողը՝ խավարամիտ:
– Պոլ Անրի Հոլբախը, որը գիտական աթեիզմի հիմնադիրն է, նշել է, որ «բոլոր երեխաները աթեիստ են»: Համաձա՞յն եք:
– Էմանուիլ Կանտը, երբ մարդու մտածողության կառուցվածքն էր նկարագրում, ասում էր, որ մարդը աշխարհ է գալիս որոշակի նախամշակված կաղապարներով: Այդ կաղապարներից առանձնացնում էր եւ բարձրագույն էր համարում երեքը՝ կամքի գոյություն, հոգու անմահություն, Աստծո գոյություն:
Կանտը չի ասում՝ կամք կա՞, թե՝ ոչ, հոգի կա՞, թե՝ ոչ, այլ, որ առանց այդ կաղապարների մարդը չի կարող գոյություն ունենալ: Դու կարող ես կռվել այդ մտքերի հետ, մերժել, ընդունել, բայց դրանց մասին կյանքի ընթացքում չես կարող չմտորել: Այսինքն՝ երեխաները չեն կարող հենց այնպես վերցվել ու հաշվվել որպես աթեիստ:
– Վերջերս անընդհատ քննարկումներ են ընթանում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում լինելության մասին: Ի՞նչ տեսակետ ունեք Դուք՝ որպես ծնող:
– Վիճելիության առաջին կետը առարկայի անվանումն է: Ես կնախընտրեի, որ կրոնների պատմություն դասավանդվեր, սակայն՝ ոչ պարտադիր:
Առաքելական եկեղեցին միշտ ուղեկցել է հայերին, այդ առումով դա ոչ միայն դավանանք է՝ այլեւ մշակույթ: Մի քիչ զգուշավոր եմ, որպեսզի քարոզչություն չլինի, վերանայումներ պետք է լինեն թե՛ գրքում, թե՛ դասավանդման մեթոդիկայում:
Ամեն դեպքում գաղափարին սկզբունքորեն դեմ չեմ, որովհետեւ մեր կրթական համակարգում երեխաների մոտ ոգեղենության, բարոյագիտության մասին մտորումներ առաջացնող առարկաների բաց կարծում եմ՝ ունենք:
Հարցազրույցը՝ Զարա ՂԱԶԱՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.04.19
«Մի քիչ զգուշավոր եմ, որպեսզի քարոզչություն չլինի»
Քարոզչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում: Կղերամիտ փիլիսոփայական գիտությունների թեկնածուն զբաղված է տարրական քարոզչությամբ. աթեիզմի ու գիտության մասին պատկերացումները ամբողջովին տերտերական կաղապարի մեջ են: Զավեշտալի է, որ իրեն Հոլբախի մասին են հարց տալիս, իսկ ինքը կառչում է Կանտից… 🙂
Գիտականորեն բացատրեմ, թե որտե՞ղ է պետք փնտրել աստծուն, ներողություն երկար գրելուս համար: Ա ՝Աքսիոման կամ պոստուլատը հիմնավորման ելակետն է։ Ինչպես դասականորեն ընդունված է, աքսիոման ակնհայտ նախադրյալ է, որը պետք է ընդունվի առանց վիճարկման, այն անհերքելի ճշմարտություն է[1]:՝ Ստացվում է, որ ամենաճշգրիտ գիտություններն անգամ, ինչպիսին են երկրաչափությունն ու ֆիզիկան, նրանց հիմնավորման ելակետներում հավատն է, նույն հավատն էլ ցանկացած կրոնի ելակետն է, այն կրոնում կոչվում է դոգմա ՝(կրոն․) կրոնական դավանանքի անառարկելի, անքննելի և անքննադատելի դրույթ՝, այնպես որ կրոնը ոչնչով չի տարբերվում գիտությունից: Դրա համար երբ ասում եմ հայ կրոն, ի նկատի ունեմ հայերի համար այն անառարկելի, անքննելի հիմնադրույթների համակարգը, որը ցանկացած հայ ընդունում է հավատով եւ նա դրա ապացույցը չի պահանջում: Բ Աթեիստը պարզապես հավատով չի ուզում ընդունել հավատացյալի կրոնի հիմնադրույթների համակարգը, աթեիստը ապացույց է պահանջում այն բանի, որը միայն հավատով են ընդունում: Բայց սա չի նշանակում, թե աթեիստը իր հավատի համակարգը չունի:Գ Աթեիստների կրոնը: Դպրոցից գիտենք, որ մարդ տեսնում է սպեկտրի միայն շատ նեղ տիրույթում, դրանից դուրս՝ անվանենք ենթատիրույթ եւ վերտիրույթ մարդը չի տեսնում, բայց դրանք կան եւ տարբեր սարքերով այն հայտնաբերում է, նմանապես, մարդու գիտակցությունն է՝ գիտակցության սպեկտրի միայն շատ նեղ տիրույթն է ընկալվում, մնացածը՝ ենթագիտակցությունն ու վերգիտակցությունը մարդը չի գիտակցում, բայց դրանք գոյություն ունեն եւ հատուկ սարքերով դրանք հայտնաբերվում են: Մենք չենք գիտակցում բույսի աճը, բայց արագացնելով շարժանկարը միանգամայն տեսնում ենք, կամ էլ հակառակը՝ չենք տեսնում կայծակի տարածվելը, բայց դանդաղեցնելով շարժանկարը տեսնում ենք: Բայց մենք ունենք զգացմունքներ, ինտուիցիա, սա ենթա եւ վեր գիտակցության արտապակերն է գիտակցության վրա, այսինքն՝ մենք ունենք բնական սարքեր, վեցերորդ զգայարան, որոնք ընկալում են ենթա ու վեր գիտակցությունները ու հաղորդում գիտակցությանը: Երբ մարդն աղոթում է կամ առողջ երանության մեջ է, այդ գիտակցական սպեկտրը մարդու մոտ ընդլայնվում է, նա գիտակցում է ու տեսնում է այն, ինչ սովորական մարդիկ չեն գիտակցում ու տեսնում: Կարճ ասած, աստվածը հենց այդ ընդլայնված գիտակցական սպեկտրն է, սա անբնական է սովորական մարդու համար, իսկ ընտրյալները կոչվում են հանճարներ: Ցանկացած մարդ կարող է հանճար դառնալ, հայ կրոնը հայերին պետք է հանճարների աստծո ընտրյալ ազգ դաստիարակի:
«Գիտականորեն բացատրեմ, թե որտե՞ղ է պետք փնտրել աստծուն»
Դուք սկզբից սահմանեք, հետո կփնտրեք: Ու մի մոռացեք, որ փնտրել կարելի է այն, ինչ գոյություն ունի: Բանական մարդը, այն էլ 21-րդ դարում, աստված փնտրելու կարիք չունի: Եթե, իհարկե, իր գիտակցությունը մթագնած չէ կրոնական անհեթեթություններով ու նախնադարյան հեքիաթներով…
Խլուրդը լույսի կարիքը չունի, դրա համար էլ ժամանակի ընթացքում տեսողությունը աստիճանաբար հետադիմում է եւ հիմա կույր է, որովհետեւ տեսողությունը պետք է սպասարկել, թանկարժեք ու սահմանափակ թթվածին ու այլ սննդանյութեր մատակարարել, երբ մյուս օրգաններն ավելի կենսական նշանակություն ունեն ու սննդանյութերի մեծ կարիք: Աստծո գաղափարն էլ, եթե այդ գաղափարից օգուտ չկա, այն ժամանակն ու էներգիան, որ մարդ ծախսում է աստծո գաղափարի սպասարկման վրա, պետք է հրաժարվի այդ գաղափարից ու իր սահմանափակ ու թանկարժեք ժամանակն ու էներգիան ծախսի ավելի կենսական նշանակություն ունեցող գաղափարների վրա: Իհարկե, կոսմոպոլիտ, ոչ ազգանվեր կրոնավորներն աստծուն դարձրել են միամիտ մարդկանց համար խայծ ու օգտագործում նրանց, բայց դրանք չեն աստծո իսկական սպասարկուները, աստծո կարիքն ունեն իսկապես հոգեւոր ու մտավոր ստեղծագործողները, ով ստեղծագործ աշխատանքով զբաղվել է գիտի, թե դա ի՛նչ տաժանակիր գործ է եւ միայն անսահման սերն է իր գործի հանդեպ ստեղծագործողին ստիպում ավելորդ չհամարել այն թանկարժեք ժամանակն ու էներգիան, որ նա ծախսում է համարյա անհույս ու համարյա անիմաստ գործի վրա: Արարել, ստեղծագործել այն, ինչն ուրիշները համարում են անիմաստ ժամանակի վատնում, այստեղ է, որ մարդու հնարավորությունները բազմապատկվում են ու հրաշքներ են տեղի ունենում, ինչպես մարզիկը ջանասիրաբար մարզվում է եւ նրա մկաններն ուժեղանում են, այնպես էլ մարդը հոգեւոր կամ մտավոր ջանասիրաբար մաքառում է եւ հրաշք է տեղի ունենում, երբ փոքրիկը տառ առ տառ է սկզբից բառերը կարդում, հետո մի պահ գալիս է ու նա վարժ կարդում է, սա է հրաշքը, դե աստվածն էլ նա է, ով այդ հրաշքներն է իրականացնում:
Խլուրդ-մլուրդ չգիտեմ: Այն, ինչը որ դուք փնտրում եք, պահանջում է սահմանում ու գոյության ապացույց: Եթե չունեք, այդպես էլ ասեք: Իսկ առանց դրա ձեր գրած ողջ տեքստը վերածվում է անիմաստ բառակույտի…
Մեկնաբանությունների ֆորմատը սոսկ գաղափարներ արտահայտելու համար է, բայց ոչ վիճաբանելու, եթե դեմ չեք, սրանով ավարտենք մեր երկխոսությունը: Շնորհակալություն:
«Ստացվում է, որ ամենաճշգրիտ գիտություններն անգամ, ինչպիսին են երկրաչափությունն ու ֆիզիկան, նրանց հիմնավորման ելակետներում հավատն է»
Չի ստացվում: Երկրաչափական աքսիոմները հավատի վրա չեն հիմնված: Գիտությունը ընդհանրապես օգտագործում է ժամանակավոր հիպոթեզներ, ստուգում է դրանք, կատարելագործում եւ անհրաժեշտության դեպքում հրաժարվում դրանցից, եթե ապացուցված է թերիությունը:
Իսկ ահա կրոնը հիմնված է միմիայն կույր հավատի վրա. մի մեռյալ դոգմա, որը հնարավոր չէ ստուգել, կապված չէ փորձի հետ եւ հետեւաբար բոլորովին անօգուտ ու անպիտան: Այն ստեղծվում է մեկ անգամ եւ անհետանում է իր կույր հավատացյալների հետ միասին՝ ի տարբերություն գիտության, որը մշտապես եւ հաջորդականորեն զարգանում է՝ անվերջ մոտենալով ճշմարտությանը…
«այնպես որ կրոնը ոչնչով չի տարբերվում գիտությունից:»
Իյա, իրո՞ք: Կրոնը եւ գիտությունը բացարձակապես անհամատեղելի են. գիտնականները ձգտում են ճանաչել աշխարհը, իսկ տերտերները հնարել են անճանաչելի «աստծուն», որպեսզի խանգարեն գիտնականներին մարդկանց աչքերը բացելու, որպեսզի բթացնեն ու շահագործեն նրանց…