Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագիրը, հիշեցնենք, վավերացրել են նաեւ՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան: Ապագայում ակնկալվում է համաձայնագրի վավերացում նաեւ ԵՄ այլ երկրների կողմից:
Հետխորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի համար Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու նպատակով ձեւավորված Արեւելյան գործընկերության համար 2019 թվականը հոբելյանական տարի է: Մայիսի 14-ին Բրյուսելում կանցկացվի նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովը։
Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը կայացավ, իսկ Բրյուսելում նույն օրը տեղի ունեցավ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 16-րդ նիստը: Թե՛ Երեւանից, թե՛ Բրյուսելից ուշագրավ ուղերձներ են հնչել:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`անդրադառնալով ծրագրի պատմությանը, նախ նկատել էր, որ Գործընկերության տասը տարիներից մինչեւ 2030 թվականը, 13 մլրդ եվրո է հատկացվելու բոլոր գործընկերներին: Դեսպանի խոսքով՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը նաեւ շատ լավ օրինակ է, իբրեւ մի երկրի, որտեղ կարող են մեծ փոփոխություններ իրականացնել, կառավարման համակարգի բարեփոխման լուրջ գործընթացներում ներառվել: Ապագայի զարգացումներում, դեսպանի կարծիքով, առանցքային են լինելու նաեւ անվտանգային եւ իրավունքի գերակայության խնդիրները, քանի որ գործընկերության վեց երկրներից հինգը պատերազմներում են ընդգրկված եւ ԵՄ-ին դիտարկում են իբրեւ անվտանգության մատակարար:
Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը շարունակվում է, Սվիտալսկին հուսով է՝ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն արդյունքները։ Նրա փոխանցմամբ՝ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արեւելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։ Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նկատել էր. «Արեւելյան գործընկերությունը կարող է շատ շոշափելի արդյունքներ բերել Հայաստանին։ Այժմ մենք միասին 2020-ի համար 20 նպատակների իրականացման գործընթացի մեջ ենք։ Դրանցից որոշ նպատակներ շատ ակտիվորեն են իրականացվում, եւ մենք սեղանին արդեն ունենք կոնկրետ որոշումներ՝ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տրանսպորտային ցանցի ընդլայնման վերաբերյալ, կամ Թբիլիսիում Եվրոպական դպրոց հիմնելու վերաբերյալ, եւ այլն։ 20 նպատակների շարքում է նաեւ վիզաների ազատականացման նպատակը: Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին տեսանելի արդյունք կգրանցենք»:
Կարդացեք նաև
Կառավարության՝ կոռուպցիայի դեմ իրականացվող քաղաքականության մասին հարցին դեսպանը խուսափել էր գնահատականներ հնչեցնել. «Կոռուպցիայի դեմ պայքարը Արեւելյան գործընկերության համագործակցության չորս սյուների շատ կարեւոր մի տարր է համարվում»։ Սվիտալսկիի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին կոռուպցիայի դեմ տարվող պայքարում. «Որպես Եվրամիություն մենք կաջակցենք Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարի գործում նոր օրենքների ընդունմանը, նոր հաստատությունների ստեղծմանը եւ հանրային կարծիքի ներգրավմանը»։
Ինչ վերաբերում է Արցախի թեմային, ապա դեսպանը շեշտել ու հիշեցրել էր, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը:
Վերջին ամիսներին հայաստանյան քաղաքագիտական, փորձագիտական, լրատվական դաշտերում լայնորեն քննարկվում է հարցը, թե ինչպիսի՞ ձեւակերպումներ տեղ կգտնեն Արցախի մասով` ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում, իսկ ավելի կոնկրետ՝ կպահպանվե՞ն, արդյոք, այն նույն ձեւակերպումները, որոնք արտացոլված են ԵՄ-ՀՀ համաձայնագրում, որոնք պաշտոնական Երեւանը ընդունվելուց հետո այն գնահատում էր որպես միանշանակ դիվանագիտական հաղթանակ:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագրի հստակ ձեռքբերումներից էր այն փաստը, որ ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
2017 թվականի աշնանը հրապարակված Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի «Տարածաշրջանային կայունությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը» հոդվածում ամրագրված էր, որ՝ «հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Այնուհետեւ՝ «նշված ջանքերը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց կողմերը միավորվել են: Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձեւաչափերի կարեւորությունը»:
Ի թիվս համաձայնագրի շրջանակում վերահաստատվող մի շարք հարցերի՝ համաձայնագրում անդրադարձ էր կատարվում նաեւ արցախյան հակամարտությանը: Այստեղ արդեն ասվում էր. «Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008թ. նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։
Հայտնի է, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Հայկական դիվանագիտությունը ոչ միայն Հայաստանի մասով, այլեւ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հարցում ունի հստակ անելիք. Արցախի թեմայով արտահայտված դրույթները, որոնք արձանագրվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրում, փոփոխության չպետք է ենթարկվեն:
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի ապրիլի 10-ի համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ , 9.04.2019