Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները. մանկաբույժը՝ պատվաստումների անհրաժեշտության մասին

Ապրիլ 09,2019 23:06

Երեխային պատվաստե՞լ, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ կան հակասական կարծիքներ: Aravot.am-ը թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Աշխեն Մհերյանից հետաքրքրվեց՝ ի վերջո երեխաներին պատվաստե՞լն է ճիշտ, թե՞ չպատվաստելը:

Հորդոր ծնողներին՝ երեխաներին անպայման պատվաստեք

Աշխեն Մհերյանի տեղեկացմամբ՝ ամեն տարի հանդիպում ենք շատ վարակիչ հիվանդությունների, որոնք կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Մանկաբույժը ծնողներին զգուշացրեց, որ այժմ էլ ՀՀ-ում կան կարմրուկի սուր դեպքեր, ուստի հորդորեց բոլոր ծնողներին, որոնց երեխաները կարմրուկի դեմ պատվաստված չեն, արագ տանեն պատվաստումների:

Մանկաբույժին փոխանցեցինք ծնողների այն մտահոգությունը, որ պատվաստանյութերը ըստ նրանց անվտանգ չեն, երբեմն նաև ժամկետանց, նա պատասխանեց. «Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ, ամենաանվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք այսօր իսկապես հնարավոր են: Մեզ շատ օգնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Նրանց կողմից ենք ստանում պատվաստանյութեր: Ուզում եմ ծնողներին հիշեցնել, որ աշխարհում  միայն կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ երկու երեխա է մահանում: Նախ այդ պատվաստանյութերն այնքանով են անվտանգ, որ նախքան շուկա դուրս գալն անպայման ենթարկվում են փորձարկման և հետազոտության, և նախապես այդ բարդությունների մասին անպայման գրվում է այդ պատվաստանյութերի մեջ, թե որից հետո ինչ կարող է լինել: Այդ պատվաստումներն առողջապահության հրաշքներից են: Վերջին երկու տասնամյակում 20 միլիոն կյանք է փրկվել, քանի որ պատվաստումները ժամանակին են արվել: Իսկ նախկինում ամեն շաբաթ երկու-երեք երեխա անպայման մահանում էր կարմրուկի բռնկումից»:

Որ տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները

Մանկաբույժի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում պատվաստումների օրացույցում ընդգրկված են բոլոր հիվանդությունները: Նա նշեց տուբերկուլոզը՝ պալարախտ, թոքախտ: Այս հիվանդության դեմ պատվաստումը՝ ԲՑԺ-ն, երեխան ստանում է անմիջապես ծննդատանը: Մյուս պատվաստումը վիրուսային հեպատիտն է՝ լյարդի բորբոքում: Հարուցիչը թափանցում է արյան միջոցով բժշկական միջամտությունների, ներարկման, վիրաբուժական, նույնիսկ սեռական ճանապարհով: Դրա համար անհրաժեշտ է  վիրուսային հեպատիտ B պատվաստանյութ ստանալ: Իսկ ամենածանր վարակներից է պոլիոմելիտը: Այդ ծանր վիրուսային հիվանդությամբ հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ երեք տարեկան երեխաները: Իսկ թե որ տարիքից են սկսում պատվաստումները, մանկաբույժը մանրամասնեց. «Վարակիչ հիվանդությունների պատվաստումները սկսվում են մեկուկես ամսականից: Անպայման, եթե երեխան առողջ է և հաճախակի այցելում է մանկաբույժի մոտ, մայրիկին մանկաբույժը նախօրոք տեղեկացնում է, թե որ պատվաստանյութն է, ինչի համար, որ երկրից, քանի վալենտն է: Մեկուկես ամսականում երեխան ստանում է պոլիոմելիտ, փայտացում, կապույտ հազ, դիֆտերիա, հեփատիտ Բ և պնևմակոկային վարակ, ռոտա վիրուսի դեմ պատվաստումները:

Երկրորդ պատվաստումն արվում է երեք ամսականում՝ 12 շաբաթականում: Այդտեղ մտնում է դիֆտերիան, հեմոֆիլուսը, պոլիոմելիտը, ռոտա վիրուսը, պնևմակոկը, և այդ նույն պատվաստանյութը ներարկվում է երեք անգամ:

Երրորդ պատվաստանյութը ներարկվում է  4,5 ամսականում: Իսկ 12 ամսականում մենք պատվաստում ենք կարմրուկի, կարմրախտ և խոզուկի դեմ»:

Մանկաբույժը բնական է համարում այն, որ պատվաստումների դեպքում երբեմն երեխաներն ունենում են ջերմություն: Իսկ եթե այն տևում է երկու-երեք օր, ապա պետք է դիմել բժշկի: Բժիշկը խորհուրդ է տալիս՝ ջերմության դեպքում երեխային պետք է տալ լրացուցիչ հեղուկ: Չի բացառվում, որ պատվաստման օրերը որևէ հիվանդության հետ համընկնում է: Մանկաբույժը խորհուրդ է տալիս հատկապես ալերգիկ երեխաների համար տանն ունենալ անտիգեստամինային պրեպարատներ՝ օրինակ՝ Ֆենիստիլ: Կարելի է ըստ ամսականների Ֆենիստիլի կաթիլներ տալ երեխային պատվաստումից առաջ:

Գրիպի դեմ պատվաստումների արդյունավետությունը

Աշխեն Մհերյանի համոզմամբ՝ գրիպի պատվաստումները պետք է անել ժամանակին. «Եթե ժամանակին չի արվում, արդեն վիրուսային ինֆեկցիան կա շրջապատում, հանրապետությունում, դա իմաստ չունի: Երեխային գրիպային պատվաստումներն արվում են վեց ամսականից մինչև 60  տարեկան տարիքային խումբ: Ես այնքան էլ շատ կողմնակից չեմ գրիպի հետ կապված պատվաստումներին, քանի որ որքանով կարող ենք որոշել, թե որ վիրուսն է այս տարի լինելու: Մենք ամեն տարի գրիպի պատվաստանյութերը միշտ ուշացած ենք ստանում, մինչդեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետք է սկսենք պատվաստումները»:

Հարցին՝ ծնողները հիմա ավելի շա՞տ են իրենց երեխաներին տանում պատվաստումների, քան նախկինում, մանկաբույժը պատասխանեց. «Նախկինում ավելի շատ հրաժարվողներ կային և անհիմն: Ոչ մի կազմակերպություն, ոչ մի բժիշկ չի կարող ստիպել ծնողին, որպեսզի նա անպայման բերի երեխային, պատվաստի: Օրենսգրքով այդ իրավունքը չկա: Բժիշկը միայն կարող է բացատրել, հասկացնել, թե չպատվաստելն ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930