Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք առկա բոլոր դժվարությունների վերաբերյալ ուժեղ փոխգործակցություն ենք ունեցել ՀՀ կառավարության հետ». Թորբյորն Յագլանդը՝ Ռուբեն Ռուբինյանի հարցին ի պատասխան

Ապրիլ 09,2019 21:12

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը համագործակցության համար»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ այսպիսի հայտարարություն արեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Նշենք՝ Ռուբեն Ռուբինյանը փաստեց՝ Հայաստանը ԵՄ-ի՝ մի շարք անդամ երկրների հետ ունեցած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շահառուներից է: Այնուհետև նշեց, որ ՀՀ-ն բարձր է գնահատում այս հնարավորությունը և հույս ունի առաջիկա ամիսների ընթացքում շրջանառության մեջ դնել նոր գործողությունների պլան:

Ռուբեն Ռուբինյանը Թորբյորն Յագլանդից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում գործողությունների պլանների արդյունավետությունը և ի՞նչ սպասելիքներ ունի նոր գործողությունների պլանից: ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց` հիշեցնելով, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում, օրինակ, Հայաստանը հաշվի էր առել այն բոլոր խորհուրդները, որոնք տրվել էին Վենետիկի հանձնաժողովի կողմից: Հետո էլ հայտարարեց. «Մենք բոլոր առկա դժվարությունների և խնդիրների վերաբերյալ ուժեղ փոխգործակցություն ենք ունեցել ՀՀ կառավարության հետ: Սակայն սա միակ օրինակը չէ, մեկ այլ լավ օրինակ է Վրաստանի կառավարության հետ աշխատանքը: Նրանք արդեն քաղում են մեզ հետ համագործակցության դրական արդյունքները: Այս երկու երկրները մեր ներգրավվածությունը չեն համարում խնդրահարույց և փորձում են օգուտ քաղել այն փորձառությունից, որ մենք տրամադրում ենք անդամ երկրներին: Ուրեմն շնորհակալություն այս երկու կառավարություններին»:

ԵԽԽՎ պատվիրակները Թորբյորն Յագլանդից նաև հետաքրքրվեցին ԵԽ-ում ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ հարցերով, թե ի՞նչ լուծումներ են ակնկալվում: ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Մենք ունենք ֆինանսական մեծ ճեղքվածք, չգիտենք՝ ոնց ենք հաղթահարելու: ԵՄ-ն մեզ համար լավ գործընկեր է, բայց ԵՄ-ն կանխիկ գումար մեզ տալու իրավական հիմնավորում չունի, նրանք չեն կարող մեր բյուջեն պերմանենտ լցնել: Այն պետք է լցվի բացառապես անդամ երկրների կողմից, անդամ երկրների կառավարությունները պետք է ֆինանսավորեն ԵԽ-ն»:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի տարեկան զեկույցի ներկայացումից հետո հարցուպատասխանի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, շնորհակալություն հատնելով հանձնակատարին զեկույցում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները դրական լույսի ներքո ներկայացնելու համար, հարցրեց՝ ԵԽ-ն կարո՞ղ է պաշտպանել հակամարտության գոտիներում ապրող մարդկանց իրավունքները: Նա տեղեկացրեց՝ այս հարցը տարիներ շարունակ մշտապես բարձրացվել է, սակայն ոչ մի շոշափելի արդյունք չկա:

Դունյա Միյատովիչը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հակամարտության գոտիներին, այսպես կոչված գորշ գոտիներին, ապա այս գոտիներում ապրող մարդկանց համար օգտակար կլինի այն, որ նրանք ևս դիտարկվեն որպես ԵԽ-ի մի մաս: Պահանջվում է, որ նրանք ևս պաշտպանվեն Կոնվենցիայով, սակայն այժմ դա չէ խնդիրը: Ես ունեմ հստակ պատկերացում այս հարցում. մարդու իրավունքների հանձնակատարը  միշտ պետք է ճամփորդի ԵԽ տարածքով, բայց իրականությունն այլ է: Այդուհանդերձ, ես փորձում եմ ամեն կերպ ներգրավվել, փորձ եմ անում մուտք ունենալ բոլոր այս գոտիները, որպեսզի կատարեմ իմ աշխատանքը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան: Բայց ուզում եմ նաև շեշտել, որ մարդու իրավունքների հանձնակատարը չպետք է քաղաքականացված լինի: Նրա դերակատարությունը ոչ թե տարածքների ճանաչումն է կամ քաղաքական երկխոսության մեջ մտնելը, այլ հասնել այն մարդկանց, որոնք եվրոպական ընտանիքի մի մասն են: Ես վստահ եմ՝ նրանք բոլորն անտեսված են զգում իրենց, բայց ինչպես ես նշեցի իմ ելույթում, ես ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ այդ գոտիներ: Ես միայնակ դա անել չեմ կարող, ուստի հայցում եմ կառավարությունների աջակցությունը, որպեսզի հասնեմ այդ գոտիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930