Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի լեգիտիմության եւ Վահե Գրիգորյանի` կրկին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու մասին. Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 09,2019 21:21

«Իմ նպատակը մեկն է` ես ուզում եմ օգնել պետությանը`զարգացնել հայկական իրավունքը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Գոռ Հովհաննիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական իրավունքի և Միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ամբիոնի դոցենտ, Բեռլինի Հումբոլտի համալսարանի դոկտոր:

Բանախոսն ասաց, որ իր գիտական աշխատանքով ինքը հիմա էլ փորձում է նպաստել հայկական իրավունքի զարգացմանը, բայց այլ բան է, երբ ինքը հնարավորություն կունենա դա անել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում`ազդելով ՍԴ-ի որոշումների վրա: Ինքը գիտե, թե հանուն ինչի է թողել Գերմանիայում աշխատանքը եւ եկել Հայաստան. «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն ինձ համար ամենաարդյունավետ ու ճանապարհն է հասնելու հայկական իրավունքի զարգացմանը»: «Հայկական իրավունք» եզրույթն էլ այսպես է բացատրում`«հայկական օրենքներում ամրագրված նորմերը եւ դրանց վերաբերյալ պատկերացումը»:

Լրագրողները հետաքրքրվեցին`տեսակետ կա, որ նոր իրավիճակում Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ: «Մեր պրոբլեմը ոչ թե Սահմանադրության կամ որևէ օրենքի տեքստն է, այլ այդ տեքստի ճիշտ ընկալումը, ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը` հավելելով, որ Սահմանադրության տեքստի փոփոխությունը` անկախ նրանից, թե մենք ինչպիսի Սահմանադրություն ունենք. լինի դա 2005 թվականի կամ ներկայիս Սահմանադրությունը, եթե փոխենք եւ նորը գրենք, դրանով մեր երկրում կյանքի որակն էականորեն չենք բարելավվի, եթե այդ Սահմանադրությունը շարունակելու ենք մեկնաբանել ու կիրառել այնպես, ինչպես մինչև հիմա եղել է: Հետևաբար, իր համար, Սահմանադրության զուտ տեքստը փոխելը էական նշանակություն չունի: Ասում է`2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ է ասել, որ դրա կարիքը չկա, քանզի մեր երկրում առկա խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրության տեքստով: Հիմա, սահմանադրական փոփոխություններից չորս տարի անց, կարծում է, որ Հայաստանում կյանքի որակը չի փոխվել, անգամ, եթե այդ փաստաթուղթը կեղծիքներով ընդունված չլիներ: «Մենք ունենք դատարաններ, որոնք պետք է հսկեն եւ վերահսկեն, թե ինչպես պետք է մեկնաբանվեն օրենքները, այդ թվում նաեւ Սահմանադրությունը եւ ոչ ոք իր լիազորությունները չչարաշահի»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն:

Հստակեցնող հարցին` ինչպե՞ս, օրինակ, պետք է մեկնաբանվի սուպերվարչապետությունը, նա պատասխանեց, որ անգամ, եթե Սահմանադրության տեքստի որոշ դրույթներից կարող ենք հետեւություն անել, թե դա հենց սուպերվարչապետություն է, ապա ունենք ՍԴ սահմանադրական մարմինների միջեւ վարույթը, որը նախկինում չկար, ավելացել է 2015-ի փոփոխություններով, պետք է երաշխավորի իշխանությունների տարանջատման սկզբունքը: Նա կարծում է նաեւ, որ միջազգային դիտորդների հայտարարությունները հիմք չեն պնդելու, որ այս Սահմանադրությունը ընդունվել է կեղծիքներով: Ասում է`դա ՍԴ-ն պետք է որոշի, իսկ նման ակտ չկա:

ՍԴ դատավորի թեկնածուն գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի աշխատանքը պետք է լինի պրոֆեսիոնալ և քաղաքականապես 100 տոկոսով չեզոք: Այս տեսլականը թեկնածում հրապարակեց`պատասխանելով հարցին, թե մինչ այժմ ՍԴ-ում ունենք որոշակի ուժերից «կախյալ» ՍԴ կազմ: Թեկնածուն ասաց, որ որոշումները քվեարկությամբ են ընդունվում, կա նաեւ հատուկ կարծիքի իրավունք, ուստի, այդ առումով ինքը խնդիրներ չի տեսնում: Իր ներդրումը ՍԴ-ում ասում է`իր տարբերվող իրավաընկալումն է: Իր թեկնածությունը Գոռ Հովհաննիսյանը որեւէ քաղաքական ուժի հետ չի քննարկել, չի քննարկելու, քաղաքականապես չեզոք է եւ իրեն, այդ առումով, կաշկանդված չի զգում: Նորմալ է համարում, եթե ԱԺ-ն չհաստատի իր թեկնածությունը`այդ թվում նաեւ քաղաքական դրդապատճառներից ելնելով:

Վաղը Գոռ Հովհաննիսյանը հանդիպում կունենա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ, իսկ ապրիլի 15-ին`«Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների հետ:

Անդրադարձ եղավ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության խնդրին, մանավանդ, որ Գոռ Հովհաննիսյանը հենց նախագահի կողմից առաջարկված թեկնածուն է: Հիշեցնենք, նախկին թեկնածուն`Վահե Գրիգորյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ: Հիշեցնենք, Վահե Գրիգորյանի թեկնածությունը նույնպես առաջադրվել էր Արմեն Սարգսյանի կողմից: Գոռ Հովհաննիսյանը Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասով պատասխանեց, որ մեկնաբանությունները, թե նախագահը պետք է խորհրդարանական համակարգում ընտրվի ժողովրդի կողմից, հակասության մեջ է մտնում խորհրդարանական կառավարման համակարգի հետ: Իսկ նախագահի`Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից չհրաժարվելու մասով էլ ասաց`տեղյակ չէ:

ՍԴ անդամի առաջադրման «նոր թեկնածու» եզրույթի մասով էլ, որը վիճարկվեց Վահե Գրիգորյանի նորից առաջադրման համատեքստում, Գոռ Հովհաննիսյանն ասաց. «Նույն մարդու թեկնածության առաջադրումը արգելվում է ոչ թե օրենքի, այլ արդեն Սահմանադրության մակարդակով: Սահմանադրական իրավունքում կա չգրված սկզբունք`պետական մարմինների միջեւ կա փոխադարձ հարգանքի սկզբունք եւ յուրաքանչյուր պետական մարմին պետք է հաշվի նստեն մեկը մյուսի որոշման հետ: Այս սկզբունքի ուժով արդեն, հանրապետության նախագահը չի կարող հաշվի չնստել խորհրդարանի այն որոշման հետ, որ չեն ցանկանում ՍԴ-ում տեսնել իքս անձին: Հետեւաբար, օրենքում նոր բառ ավելացնել, ջնջել, որեւէ բան այլեւս չի փոխում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930