Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տղան ծառայության ավարտից շաբաթներ անց մահացել է, եւ մայրը չի կարողանում պատճառահետեւանքային կապն ապացուցել». Տ. Սիմոնյան

Ապրիլ 09,2019 20:50

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, զինվորական եւ միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն է:

Նա նշեց՝ առաջարկում են նշյալ օրենքում ավելացնել հոդված, որի առաջնային առաքելությունը հետեւյալն է. պարտադիր զինվորական ծառայության ժամկետի լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքայինը եւ սպան կարող է անցնել առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն՝ ծառայության ավարտից ոչ ուշ, քան մեկ ամսում:

«Այսպես անձին կազատենք ծառայության ընթացքում ոչ իր մեղքով առողջության վատթարացման ֆինանսական ծախսերից, որոշակի կդարձնենք առողջության վատթարացման պատճառները, կբարձրացնենք հանրության վստահությունը պետության հանդեպ: Բացի այդ, բժշկական հանձնաժողովներն ավելի զգոն կլինեն՝ զորակոչի ենթակա եզրակացություններ տրամադրելիս»,-շեշտեց Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում անձը հիվանդություններ է ձեռք բերում, կամ եղած հիվանդության վիճակը վատթարանում է զինծառայության ընթացքում, սակայն խնդրի պատճառահետեւանքային կապը չի հստակեցվում. «Ծառայածները ստիպված դատական կարգով են ապացուցում պատճառահետեւանքային կապը, որպեսզի ստանան պետական աջակցություն՝ հիվանդությունների բուժման համար: Այսպիսի շատ դեպքերի եմ հանդիպել: Մեկի պարագայում տղան ծառայության ավարտից մի քանի շաբաթ անց մահացել է, եւ մայրը չի կարողանում պատճառահետեւանքային կապն ապացուցել»:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեցին նախագծին, հետեւաբար՝ ԱԺ լիագումար նիստում այն չի քննարկվի: Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց նաեւ այն օրինագծին, որով ԲՀԿ-ն առաջարկում էր մարտական հերթափոխի տանել ոչ թե 18 տարեկաններին, այլ փորձառու զինծառայողներին:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930