Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քիչ է մնում 18 տարեկան զինվորներին «երեխա» անվանեք». Գեւորգ Գորգիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Ապրիլ 09,2019 20:15

«Քննարկման ընթացքում եւ բանակի մասին խոսակցությունների ժամանակ ինձ դուր չի գալիս այն միտումը, որ մենք շատ վերապահումներով ենք մոտենում մեր 18 տարեկան զինվորներին: Քիչ է մնում նրանց երեխա անվանեք…»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց այն օրինագծին, որով ԲՀԿ-ն առաջարկում էր մարտական հերթափոխի տանել ոչ թե 18 տարեկաններին, այլ փորձառու զինծառայողներին:

Գեւորգ Գորգիսյանն ընդգծեց, որ 18 տարեկան զինվորները հասուն տղամարդիկ են եւ ծառայում են՝ մարտական խնդիր կատարելու, հայրենիքը պաշտպանելու համար. «Նման տոնո՞վ ենք խոսում նրանց մասին: Իսրայելում 17 տարեկանից են զորակոչվում, եւ դրանից բանակի լրջությունն ու որակը բնավ չի տուժում: Գուցե ունենք խնդիրներ, բայց դրա կարգավորումը  չի առնչվում նման օրենքի նախագծին: Դրանում չգտա հիմնավորումներ՝ զոհերի եւ ինքնասպանության դեպքերի առնչությամբ: Զոհերի առնչությամբ այլ մոտեցումներ են պետք»:

Պատգամավորը հանձնաժողովականներին կոչ արեց վստահել 18 տարեկան զինվորներին, նրանց կարողությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի նրանց թիկունքն ամուր լինի:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Գորգիսյանի հետ համաձայնեց. «18 տարեկաններն իրենց տղամարդ լինելու «հայտը» ներկայացրել են ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, այստեղ քննարկման հարց չկա: Արցախյան ազատամարտի ժամանակ ավելի փոքր տարիքի հերոսներ ենք ունեցել»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ, որը ներկայացնում էր նշյալ նախագիծը՝ եզրափակեց՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժի օրինագծի նպատակն էր՝ կանխել անփորձության, անփութության եւ անզգուշության պատճառով մահվան ելքով եւ վիրավորման դեպքերը մարտական հերթապահության շրջանում: Ինչ վերաբերում է գործընկերների քննադատություններին, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. «18 տարեկանի մարտական ոգին որեւէ մեկը կասկածի տակ չի դնում: Նրա «դուխը» տեղն է, խոսքն այլ բանի մասին էր՝ կանխարգելող միջոցների»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930