Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում ախպերությունը մենք արմատախիլ ենք անելու, ախպերության դրսեւորումներ մենք տեսանք նաեւ Մեղրիի դեպքերում». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 09,2019 20:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նախագծով առաջարկվում է, որ 18 տարեկանները չանցնեն մարտական հերթապահության, դա անեն փորձառուները: Ներկայումս 5 ամիս պատրաստվածություն ձեռքբերելուց հետո նոր միայն զինծառայողները կարող են մարտական հերթապահության անցնել, ըստ նախագծի, այդ ժամկետը պետք է երկարացնել 7 ամսով եւ դարձնել 1 տարի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ամեն մի զինվորի կյանքը պարզ է, որ բոլորիս համար մեծ արժեք է: Հրեաները լավ ասացվածք ունեն՝ ով փրկում է մի կյանք, նա փրկում է աշխարհը: Այդ մի կյանքի մեջ է ամփոփվում ամեն ինչ: Այդ տրամաբանության մեջ ամեն մի ինքնասպանություն շատ խորքային խնդիրների առկայությունն է: Ինքնասպանությունները ես համարում եմ ամենաահավորը, դժբախտ պատահարները դեռ կարելի է հասկանալ, կարող է անփորձ վարորդ լինի եւ այլն: Կոռուպցիայի հարցերը դեռ կարող ենք  լուծել, բայց բանակում պետք է լինի այնպիսի եղբայրություն, այդ եղբայրությունն է պատերազմի ժամանակ հաղթել եւ հաղթելու: Բայց եղբայրությունը ախպերություն չի, ախպերությունը մենք արմատախիլ ենք անելու, որովհետեւ ախպերության դրսեւորումներ մենք տեսանք նաեւ Մեղրիի դեպքերում: Դա արմատացած երեւույթ է, որ պետք է չեզոքացնել»:

Պատգամավորներն առաջարկում էին դպրոցներում ռազմագիտության դասերը խորացնել, ոչ թե մարտական հերթափոխի տրամաբանությունը փոխել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ իրեն բացարձակ դուր չի գալիս, երբ 18 տարեկանների մասին խոսում են այնպես, ասես երեխաներ լինեն ու գտնում են, որ մարտական հերթապահության չպետք է գնան. «Քիչ է մնում երեխա անվանենք ու խոսում ենք այն տոնով, կարծես արդեն պիտի խոսենք նրանց տակը փոխելու մասին: 18 տարեկանները հասուն տղամարդիկ են, Իսրայելում 17 տարեկանից են բանակ գնում եւ դրանից բնավ չի տուժում բանակի լրջությունը»:

Ինչպես արդեն հայտնել ենք, նախագիծը բացասական եզրակացություն ստացավ հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930