Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում այսօր՝ ապրիլի 9-ին, Ստրասբուրգում հանրային լսում կազմակերպվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ։ Քննարկմանը մասնակցում էին հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, տեսակապով միացավ նաև Իլգար Մամեդովը։
Հանրային լսմանը մասնակցեցին նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախաձեռնությունն ասպիսի քննարկում կազմակերպելու ո՞ւմն էր, նա պատասխանեց. «Հանրային համատեղ լսումները հրավիրել էին Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովն ու Մոնիթորինգային հանձնաժողովը: Առաջիկայում զեկույց է պատրաստվում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով: Այս հանրային քննարկման նպատակն այդ հարցին ուշադրություն դարձնելն էր և առկա խնդիրների մասին խոսելը: Իրավապաշտպան Լեյլա Յունուսովան մանրամասն ներկայացրեց տարբեր դեպքեր՝ կրոնական խնդիրներով ձերբակալվածների հետ կապված, հայերի օգտին դավաճանության, լրտեսության մեջ մեղադրվողների հետ կապված դեպքեր և այլն»:
Հարցին՝ իրավապաշտպանները փաստորեն հակափաստարկնե՞ր էին ներկայացնում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի այն պնդումներին, Ադրբեջանում լուրջ բարեփոխումներ են ընթանում, տասնյակ ազատազրկվածներ են ազատ արձակվել, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց. «Ամբողջությամբ, քանի որ իրականում հենց համաներման կարևորագույն նպատակներից մեկն էլ այդ զեկույցը որոշակիորեն չեզոքացնելն էր, նվազեցնել դրա ազդեցությունը: Հիսուն քաղբանտարկյալ ազատ արձակվեց, մինչդեռ այս հանրային լսումները, որ բազմամարդ էին, որին մասնակցում էին ԵԽԽՎ պատվիրակներ, փաստում էին, որ դա իմիտացիա է: Իրավապաշտպանները խնդրում, կոչ էին անում ԵԽԽՎ պատվիրակներին չխաբվել Ալիևի իմիտացիոն գործընթացներին: Նրանց վստահեցմամբ՝ համաներումից հետո անգամ ոմանք նորից ձերբակալվում են: Սա վկայում է այն մասին, որ դա ձևական բնույթ է կրում, և իրականում Ադրբեջանում բարեփոխումներ չեն լինում»:
Կարդացեք նաև
Տաթևիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է մայիսին ԵԽԽՎ համազեկուցողների այցը Ադրբեջան՝ տեղում հետազոտություն անելու:
Տաթևիկ Հայրապետյանին հիշեցրինք նաև, որ Սամադ Սեիդովը հայ պատվիրակներին մեղադրել էր ատելության խոսքի տարածման հարցում ու նկատեցինք՝ կարծես թե պատասխանը չի հնչել: Հայ պատվիրակը պատասխանեց. «Այդ ելույթները շարունակ կրկնվում են, նման հարցեր ԵԽԽՎ պատվիրակներին մշտապես տրվում են, բայց նրանք փորձում են չեզոք լինել: Պատասխանները հնչում են, որ ընթանում է բանակցային գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո և որ իրենք ուրախ են արձանագրել, որ գործընթացը շարունակվում է, կան դրական նշաններ և այդքանով սահմանափակվում են: Ըստ էության ադրբեջանական պատվիրակության անդամներին պատասխաններ տրվում են, ուղղակի դրանք չեն տրվում ագրեսիվ ոճով, այլ ավելի փաստարկված, որպեսզի չստեղծվի տպավորություն, որ իրենց ագրեսիվ ոճին, որն իրականում ընդունելի չէ, մենք նույն ձևով ենք պատասխանում: Մենք պատասխանում են փաստարկներով»:
Այս առիթով Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված հանրային լսումից մի դրվագ ներկայացրեց. «Լսումների ընթացքում այդքան խոսվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, բայց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վերջում կանգնեց ու խոսեց Ադրբեջանում փախստականների խնդրի մասին: Կներեք, բայց դա արդեն զավեշտի էր հասնում, թեման այլ էր: Նա ցինիկաբար կանգեց ու ասաց, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, դրանք մեր փախստականներն են: Ի պատասխան մեր պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ եթե կոնկրետ խնդրին է վերաբերում քննարկումը, ավելի լավ է չխառնի այլ հարցերին: Լեյլա Յունուսովան էլ նշեց, որ բռնատիրական, ավտորիտար վարչակարգերն ունեն արտաքին թշնամու կարիք և շարունակ ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են իրենց ներքին խնդիրները լուծելու համար: Վերջում հավելեց, որ իրենց վարչակարգն իրականում լուծում չի ուզում, քանի որ դրա միջոցով կարողանում է պահպանել իր ավտորիտար ձևը»:
Տաթևիկ Հայրապետյանին խնդրեցինք մանրամասնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում սպասվող ելույթի օրակարգը: Նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի ելույթում բնականաբար խոսվելու է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական, հեղափոխական փոփոխությունների, այն զարգացումների մասին, որոնք տեղի ունենում մեր երկրում»:
Իսկ թե որն է լինելու Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր ուղերձը, Տաթևիկ Հայրապետյանն ի պատասխան ասաց՝ ելույթի տեքստին ծանոթ չէ:
Մեր այն հստակեցմանը, տեղեկություն կա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը համատեղ հայտարարությամբ հանդես կգան, Տաթևիկ Հայրապետյանը ոչ հաստատեց, ոչ ժխտեց՝ նշելով, որ այդ հարցերով զբաղվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը: Ու փոխանցեց հետևյալը. «Ապրիլի 11-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը կբացվի Նիկոլ Փաշինյանի, Թորբյորն Յագլանդի և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեի հետ համատեղ»:
Լուսանկարները՝ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ