«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտախցում մենակ է եւ մշտապես լավ տրամադրություն ունի, որովհետեւ համոզված է, որ անմեղ է, որ այս ամենը նրա հանդեպ քաղաքական հետապնդում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը: «Նա նաեւ համոզված է, որ այս գործընթացի վերջում ինքն արդարացվելու է, որ պատասխանատուները պատասխանատվության են ենթարկվելու իրավական գործընթացներից հետո»,-նշեց Արամ Օրբելյանը:
Նրա փոխանցմամբ՝ կալանավայրում Ռոբերտ Քոչարյանը նաեւ յոգայով է զբաղվում, ընթերցում, ծանոթանում քրեական գործի նյութերին: Ըստ պաշտպանի՝ դրանցում Ռոբերտ Քոչարյանը որեւէ «շոկային» բան չի հայտնաբերել. «Որքանով որ ծանոթացել ենք, նման բան չկա: Սպասում ենք մեղադրական եզրակացությանը»: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաեւ՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ