ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը կշարունակի ապրիլի 10-ին՝ 12:30-ին: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատարանն այսօր չհեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ դատախազները դեռեւս առարկություններ ունեն ներկայացնելու բողոքի առնչությամբ: Ավելի վաղ պաշտպանները հայտարարել էին, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերաքննիչ բողոքի քննության ընթացքում ելույթ է ունենալու:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ելույթը կայացե՞լ է: Արամ Օրբելյանը նշեց. «Ինչ-ինչ հարցերի շուրջ դիրքորոշումներ հայտնել է, բայց հայտարարությամբ հանդես կգա վերջում»: Իսկ թե ինչի մասին է լինելու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, Արամ Օրբելյանը չհստակեցրեց: Նա մեկնաբանեց նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությունը, թե ազատության մեջ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի ճշմարտության բացահայտմանը:
«Դատարանի դռների հետեւում ոչ թե քաղաքական բանավեճեր են, այլ իրավական գործընթաց: Երբ Սասուն Խաչատրյանին կկանչեն՝ բացատրություններ տալու որպես քննիչ, այն ժամանակ հարցը կքննարկենք: Սասուն Խաչատրյանն ունի նման կարգավիճակ, կամ կարող է ունենալ, թե ոչ, արդեն այլ հարց է: Այս պահին կողմերն են մեղադրյալը, պաշտպանները եւ դատախազները: Իսկ դատարանն իրավունք ունի հրավիրել քննիչին՝ բացատրություններ տալու»,-նկատեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաեւ՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ