Aravot.am-ը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, ինչպե՞ս է վերաբերվում իր վերաբերյալ ոլորտում շրջանառվող այն կարծիքին, որ ինքը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին եւ որ ոլորտի հետ կապ չունի:
«Ով է ասում, ով…Ի՞նչ իմանամ ճիշտ ե՞ք ասում, թե չէ»,-նեղսրտեց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը, որը նախկինում եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի օգնականը, իսկ ավելի վաղ` այլ ոլորտներում է աշխատել: Եղել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի առաքիչ-վարորդ, «Ապերյան Կամո» ԱՁ-ի վաճառող, «Գազպրոմի» հսկիչ, «Բարսիս» ՍՊԸ-ի սրահի սպասարկող եւ այլն:
Հարցրինք` եթե ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական աշխատած չլիներ, կարո՞ղ էր հավակնել, որ առաքիչ վարորդից եւ սրահի սպասարկողից հետո երբեւէ կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ: Այո` կարճ պատասխանեց Հարություն Գուլյանը:
Նշենք, որ Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալներն էին մասնագիտությամբ ֆինանսիստ Կամո Սարգսյանը, որը 2001֊-ից աշխատել էր կոմիտեում ու աճել, իսկ նախկին նախագահ Ինեսսա Գաբայանից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր: Մյուսը երկարամյա փորձով Միհրան Հովհաննիսյանն էր, որը «Կոտայք» ՁՕԸ -֊ի պետ է եղել, ինչ վերաբերվում է Ֆրանց Հակոբյանին, նա էլ Ինեսա Գաբայանի հարեւանն էր, որին կոմիտեի նախկին նախագահը վարչության պետի տեղակալից իր տեղակալն էր դարձրել:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ջրային կոմիտեի նախագահի մյուս տեղակալ Արթուր Մեսրոպյանը եւս աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում, որը հայաստանյան շուկայում ներկայանում է ՆՈՐ ՏՈՒՆ խանութ-սրահների ցանցով: Տեղակալների վերաբերյալ կոմիտեում կատակում են, թե «սանտեխնիկայի ու կաֆել-մետլախի մասնագետներ» են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ