Լրահոս
Օրվա լրահոսը

Ով առաջնագիծ է գնում՝ բանակում ավելի կարճ ծառայի, ով առաջնագիծ չի գնում՝ ավելի երկար. ՊՆ-ն քննարկում է այս հարցը

Ապրիլ 09,2019 17:30

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նախագծով առաջարկվում է, որ 18 տարեկանները չանցնեն մարտական հերթապահության, դա անեն փորձառուները: Ներկայումս 5 ամիս պատրաստվածություն ձեռքբերելուց հետո նոր միայն զինծառայողները կարող են մարտական հերթապահության անցնել, ըստ նախագծի, այդ ժամկետը պետք է երկարացնել 7 ամսով եւ դարձնել 1 տարի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Ենթադրում է, թե 7 ամիս երկարաձգելով՝ մեր զորակոչիկները կհասունանան, բայց պրոբլեմն այդտեղ չի: Սա այն հարցն է, որ մեր բանակի ֆունդամենտալ ամենակարեւոր խնդիրն է, դրան ենք մենք մոտենում, բայց մարտական հերթափոխը հանկարծ չպետք է վտանգվի: Գեթ մեկ մարդ, որոնք անցել են ԶՈՒ-ում ծառայության, եղել են առաջնագծում, եղել են այդ պատի վրա, այդ պատի պաշտպանությունը, որ ապրիլին լուծեց խնդիր, բոլորս էլ հասկացանք ինչ թեմայի մեջ ենք մենք»: Քոչարյանն ասաց, որ նախ պետք է պաշտպանական հայեցակարգը մշակեն, որից կբխեն մնացած քայլերը: Հնարավոր է որոշվի, որ, օրինակ, մենք ունենք հարձակողական դոկտրին, ամբողջ զինված ուժերը պետք է պատրաստվեն հենց այդպիսի խնդիր լուծելուն:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ զարմանալի էր, որ որեւէ վերլուծություն չկա, թե խնդիրն ինչից է ծագել. «Էնֆիաջյանի խոսքից տպավորություն ստացա, որ անպատրաստ են լինում զինծառայողները եւ 5 ամսվա ուսումնական փուլից հետո, քննություն հանձնելուց հետո նոր նրանք մարտական հերթապահությունում են ընդգրկվում: Փարատեմ այդ կասկածները, չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան: Այդպիսի բան գոյություն չունի, զինծառայողը, եթե քննությանը բավարար գիտելիքներ չի ցուցաբերում, չի ընդգրկվում հերթապահության մեջ»: Նա ասաց, որ միջազգային փորձում չգտան ծանոթ երկրներից որեւիցե նման նախադեպ:

Բալայանը նաեւ նշեց, որ հիմա քննարկվում է ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունը ավելի կարճ սահմանելու եւ մարտական հերթապահության մեջ չընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի երկար սահմանելու հարցը:

Գաբրիել Բալայանն ասաց, որ որոշ վիճակագրական տվյալներ կարող է ներկայացնել, որոնցից պարզ երեւում է, որ մեկ տարի ծառայած զինծառայողների շրջանում ավելի շատ են դժբախտ դեպքերը, մահվան ելքով դեպքերը եւ շատ ավելի նվազ են ուսումնական փուլից հետո մինչեւ մեկ տարի ընկած ժամանակահատվածում այն դեպքերը, որոնք ունեն մահվան ելք:

Էնֆիաջյանը փոխնախարարին ասաց. «Ծառայության ամբողջ օրը րոպե առ րոպե ծրագրավորված է, բայց մենք անհայտ պատճառներով մահվան ելքով դեպք ենք արձանագրում բանակում: Սա շատ վտանգավոր է»:

Բալայանն էլ ասաց. «Չեմ կիսում ձեր տպավորությունը, որ անփորձ են այն զինծառայողները, որոնք անցնում են մարտական հերթապահության»:

Նա նշեց, որ մինչեւ 1 տարի ծառայող 27 հոգի զոհ ունենք եւ մեկ տարուց հետո՝ 143 զոհ, որոնցից 32-ը ապրիլյան գործողությունների ժամանակ:

Առաջարկեցին Էնֆիաջյանին հարցի քննարկումը հետաձգել, մանրամասն ուսումնասիրել, Էնֆիաջյանը չհամաձայնեց, այն դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930