«Ա1+» – ՊԵԿ աշխատակիցներն այս պահին Առինջ մոլում խուզարկություն են իրականացնում: «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն, որն այս պահին Առինջ մոլում է: Առինջ մոլը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին:
Գեւորգ Պետրոսյանի խոսքով, Առինջ մոլում այս պահին, ոստիկանական համազգեստով մոտ 40 աշխատակիցներ խուզարկություն են անում՝ անհանգստություն պատճառելով առևտրականներին:
«ՀՀ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր պետական եւ ՏԻՄ եւ պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով: ՊԵԿ աշխատակիցները Առինջ մոլ են ներկայացել քաղաքացիների ահազանգի հիման վրա, թե մոլում վաճառատեղերի սպասարկման վճարները իրականում չեն համապատասխանում պայմանագրով ֆիքսված վճարներին, իբրեւ թե այդ ուղղությամբ հարկային մարմինները ներխուժել են հիմնարկ, եւ քանի որ մենք մշտապես ժողովրդի հետ կապի մեջ ենք՝ անկախ նրանից, թե որ տարածքից ով է դժգոհում, մենք պարտավոր ենք, որպես պատգամավոր՝ ներկայանալ, լսել մարդկանց ձայնը: Պարզվեց, որ վաճառականները որեւէ դժգոհություն չունեն»,-ասաց պատգամավորը:
Գեւորգ Պետրոսյանը կոչ է արել ՊԵԿ աշխատակիցներին շարժվել միայն օրենքներով, հակառակ դեպքում այս գործողություններին կհաջորդեն քաղաքական գնահատականներ:
Կարդացեք նաև
«Իրենք խուզարկություն են անում եւ ասել են, որ դեռ մի քանի ժամ էլ մնալու են եւ շարունակելու խուզարկությունը: Մենք՝ հարգելով Սահմանադրությունը եւ Քրեական դատավարության օրենսգիրքը, իրավունք չունենք խոչընդոտել իրենց գործողությունները, դրա համար, ես որպես ԱԺ պատգամավոր խնդրել եմ, որպես ժողովրդի ձայնը ներկայացնոց մարդ, որպեսզի ամեն ինչ արվի օրենքի շրջանակներում: Ես ի լուր ամենքի, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ խոսել է փոքր ու միջին բիզնեսը խրախուսելու մասին, դա պետք է ոչ միայն խրախուսել, նաեւ հոգ տանել, որպեսզի որեւէ մեկը ձեւական նկատառումներով մեր միջին բիզնեսի ներկայացուցիչներին չնեղացնեն»:
ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ սա քաղաքական հետապնդում է. «Ես հիմքեր ունեմ մտածելու, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետեւ սրան նախորդող, երկու օր առաջ տրանսգենդերների հետ կապված քննարկումներից հետո անմիջապես, սա, կարծես թե, հիշեցնում է Հանրապետական կուսակցության վարքագիծը, որ երբ տեղի էր ունենում քաղաքական քննարկում, դրան անմիջապես հաջորդում էր իրավապաշտ ձեւանալու դրսեւորումները: Եւ տնտեսական հեղափոխություն կոչվածը, թող ի գիտություն ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա մենակ ասելով չի, դա պետք է փաստացի մարդկանց հնարավորություն տալ, որ վաստակեն իրենց հացը: Ամոթ է, մենք ուրիշ խնդիրներ ունենք եւ ես խորհուրդ կտայի, որ հարկային մարմինները դրանցով զբաղվեին: Իսկ ո՞վ է հատուցելու հանկարծ, եթե այդ ահազանգը իրականությանը չհամապատասխանի եւ փաստորեն ստացվի, որ մեր միջին բիզնեսի նկատմամբ վարչարարությունը եղել է օրենքի խախտումով, ով է այդ վնասները հատուցելու:
Չեմ կարծում, որ այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ 40 սեւազգեստ ոստիկաններ մուտք գործեն եւ մարդկանց աշխատանքը պարալիզացնեն: Այնտեղ ոչ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ են շրջում, ոչ մարդասպաններ, ոչ էլ Քրեական օրենսգրքի զայրույթը հարուցած պաշտոնյաներ, պարզապես պետք է ամեն ինչ անելիս հիմք ընդունել այն նախընտրական խոստումները, որ տվել է ժողովրդին: Իրենք ժողովրդին խոստացել են ապահովել բարեկեցիկ կյանք, իրենք ժողովրդին խոստացել են անհարկի չմիջամտել մանր ու միջին բիզնեսին, հիմա, թող բարի լինեն կատարել իրենց խոստումները, բարի լինեն հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ չմոռանալ, թե հեղափոխության համար ձեռքը վեր պարզած քաղաքացին ինչ ակնկալիքով է հեղափոխություն կատարել»,-ասաց պատգամավորը: