ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվեց «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Սմբատ Սաիյանը հանձնաժողովականներին ներկայացրեց, որ նշյալ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններով, եւ այն միտված է գործող օրենքը կատարելագործելուն: «Որպես հիմնական նպատակ է դիտարկվում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը»,-նշեց Սմբատ Սաիյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագիծը սահմանում է համագործակցության հստակ շրջանակ՝ թրաֆիքինգի ենթարկվածների, այդ թվում՝ երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար: Ըստ նախարարության ներկայացուցչի՝ նախագծի միջոցով կվերացվեն օրենսդրական բացերը, կհստակեցվեն թրաֆիքինգի ենթարկվածներին աջակցության տրամադրման պայմանները, իսկ առանձին դեպքերում՝ աջակցության տեսակների տրամադրման հաջորդականությունը: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվին նախագծին:
Հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվեր նաեւ «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախագծում դեռ որոշակի փոփոխություններ պետք է արվեն, ինչից հետո այն կներկայացվի հանձնաժողովականների դատին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ