Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվում է 18 տարեկաններին բանակում առաջնագիծ չտանելու նախագիծը. ԲՀԿ-ն պնդում է, որ մենք ունենք այդ ռեսուրսը

Ապրիլ 09,2019 17:00

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա գտնում է, որ նախագիծն ընդունելու դեպքում բանակում մարտական հերթապահությունը դրական փոփոխություններ կկրի եւ կկարողանան մարդկային կյանքեր փրկել. «Մարտական հերթապահություն պետք է իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարի ծառայելուց հետո, փորձառություն ձեռք բերելուց հետո նոր նրանք մարտական հերթապահություն ունենան: 18 տարեկանները չափազանց փոքր են, որ մարտական հերթապահություն իրականացնեն: Այս հարցի լուծումը պետք է լինի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, մենք չենք ունենա մի շարք դժբախտ պատահարներ, մահվան ելքով պատահարներ՝ մարտական հերթապահության ժամանակ»:

Էնֆիաջյանն ասաց, որ ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը, հատկապես՝ Իսրայելի:

Պատգամավորներին հետաքրքրում էր՝ մենք ռեսուրս ունե՞նք առաջնագիծը համալրելու, եթե 18 տարեկանները մարտական հերթապահության չանցնեն: Էնֆիաջյանը պատասխանեց, որ տվյալներ կան, բայց փակ են, հանրային չի կարող ասել, բայց, ըստ նրա, կա դրա հնարավորությունը. «Տրամաբանությունը հուշում է, որ խնդիր չի կարող առաջանալ»: Նա նաեւ հիշեցրեց, որ «Ես եմ» ծրագիրը կա, որը հնարավորություն է տալիս ավելի պրոֆեսիոնալ զինծառայողներ ընդգրկել՝ երկար ժամանակահատվածով:

«Իմ քայլից» Սիփան Փաշինյանը հարցրեց՝ «եթե նախագիծն ընդունվի, ցիկլի լուրջ փոփոխություն պետք է տեղի ունենա, ի՞նչ ժամկետներ եք նախատեսում: 5 ամսվա ընթացքում ուսուցանում են, ծնողներին դա բավարա՞ր ժամկետ է»: Էնֆիաջյանը պատասխանեց, որ գիտակցում են, որ լայնածավալ աշխատանք է սա ենթադրում. «Վերջին 2 տարիներին դժբախտ պատահարների, մահվան ելքով միջադեպերի վիճակագրությունը ներկայացնեմ՝ 2017-ին հրադադարի ռեժիմի խախտման դեպքում 23 զոհ ենք մենք ունեցել: Սպանության դեպքեր, 2017-ի դրությամբ, 6-ն է եղել, դժբախտ պատահար՝ 11, անվտանգության կանոնների խախտում՝ 2, ինքնասպանություն՝ 9 դեպք, առողջական խնդիրներ՝ 6, անգործություն՝ 6, անհայտ՝ 3: Ընդհանուր թվով 66 հոգու մասին է խոսքը: Ինչ վերաբերում է 2018-ին, պատկերը հետեւյալն է՝ հրադադարի ռեժիմի խախտում՝ 7 դեպք,  սպանություն՝ 2, դժբախտ պատահար՝ 19, 18 տարեկանների հետ կապված ավելի մեծ համամասնություն կա, անվտանգության կանոնների խախտում՝ 3 դեպք է եղել, ինքնասպանություն՝ 9 դեպք, առողջական խնդիրներ՝ 2, անհայտ՝ 3, ընդհանուր թվով՝ 45»:

Սիփան Փաշինյանը գտնում է, որ սպանության դրդապատճառները այլ տեղում են, եթե զինծառայողների ուսուցումը եւս 7 ամսով երկարաձգեն, դա ինքնասպանությունների թիվը չի կրճատելու: Նշենք, որ ներկայումս 5-ամսյա պատրաստվածություն անցնելուց հետո նոր միայն զինակոչիկը կարող է մարտական հերթապահության անցնել, նախագծով առաջարկվում է դա դարձնել 1 տարի:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Իսրայելի օրինակն է բերում Էնֆիաջյանը, բայց նրանք հասել են դրան, ըստ Էնֆիաջյանի, մենք այդ ճանապարհին ենք: Պատգամավորները հիշեցրին՝ Իսրայելում 3 տարի են ծառայում ու համեմատությունն անտեղի է:

Քննարկման մանրամասները եւ պաշտպանության փոխնախարարի արձագանքը՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930