Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո, վարչապետի հրահանգով աշխատանքից «ազատված» մաքսատան աշխատակիցներից մեկը՝ Հայկ Մարտիրոսյանը պարզաբանեց՝ ինչու էր դրոշը գետնին: Նրա խոսքով, դրոշը փակցված է եղել դռան վերեւում, պոկվել էր, եւ մի կողք են դրել, որպեսզի կրկին ամրացնեն:
Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այդ սենյակում են ավտոմեքենաները նախնական զննություն անցնում, եւ ամեն անգամ ՊԵԿ-ի մի աշխատող է այդ գործառույթն իրականացնում:
Հարցին՝ գույքի կառավարմամբ ո՞վ է զբաղվում, մաքսատան աշխատակիցն ասաց, որ սենյակը նախկինում ոստիկաններին է պատկանել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այդ սենյակում աշխատողների թվաքանակը տարբեր է լինում՝ մեկ-երկու-երեք, ըստ ծանրաբեռնվածության աստիճանի:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նորագավիթ» մաքսատանը շրջայցի ժամանակ, երբ նկատեց գետնին ընկած դրոշը, մաքսակետի ղեկավարությանը հրահանգեց սենյակի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատել: Ապա դառնալով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին, ասաց՝ պարգեւավճարները կկրճատեք, այստեղ մաքրություն կապահովեք:
Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ