Լրահոս
Օրվա լրահոսը

Մախլուտոն «վերածնվեց». «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը

Ապրիլ 09,2019 13:47

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մկրտիչ Երիցյանցի «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մախլուտոյին: Միջոցառմանը, որն իրականացվեց «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ներկա էին պատերազմի մասնակիցներ , աշուղներ, մշակութային եւ հասարակական գործիչներ:

Մասնակիցները նշեցին, որ նմանատիպ միջոցառումներով պետք է մեծարվեն և ներկայացվեն  մեր բոլոր  ֆիդայիները: «Հուշերի» առաջին հատորի բազմացրած մի օրինակը դիպվածով ձեռք է բերում Պարգև Մանուկյանը, որը եւ ձեռնարկում է գրքի հրատարակումը։ Պարգև Մանուկյանը մասնագիտությամբ քիմիկոս, կենսաբան, մանկավարժ է։Նա իր ուրույն մասնակցությունն է ունեցել Արցախյան ազատամարտի տարիներին, ստեղծել «Գայլաբար» ջոկատը։

Իր ողջ ուժը ներդրել է Ղարաբաղյան շարժմանը՝ տանելով հաղթանակ ֆիդայիների գլխավորությամբ։ «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը հիշեց մի հետաքրքիր դեպք։ Երբ նրանք բոլորով գնացել էին Սուրբ Գայանե եկեղեցի մոմավառության, և երբ Տեր Հայրը հենց Աղբյուր Սերոբի գերեզմանաթմբի մոտ աղոթքն ավարտեց, «Նարեկացի» արվեստի միությունից զանգահարեցին և ասացին, որ տրամադրում են միջոցառման համար նախատեսված սրահը։ Նա բացատրում էր նրանով, որ Աստծո և եկեղեցու կապը կար դրանում։ Այս գիրքը իր մեջ ներառում է պատմություն։

Հեղինակը ընթերցողներին հանձնում է մի գիրք, որը սեր է, պատմություն և հավատ։Այսպիսի գրքեր պետք է շատ լինեն, քանի որ սրանցով պետք է դաստիարակվի մեր մատաղ սերունդը։

Հիշեցնենք, որ Մախլուտոն (Սմբատ Բորոյանը կամ Զորավար Սմբատ) ծնվել է 1875 թ.  Մուշում, եղել է ՀՅԴ Մուշի «Երկաթ» խմբի մեջ։ Գործակցել է Անդրանիկի, Հրայր Դժոխքի հետ: 1901 թ. մասնակցել է Անդրանիկ Օզանյանի  ղեկավարած Առաքելոց վանքի կռվին, իսկ  1904  թվականին՝ Սասունի ինքնապաշտպանության ժամանակ, Գևորգ Չավուշի հետ ղեկավարել է Իշխանաձորի մարտերը։ Սասունի ինքնապաշտպանության մարտերում պարտությունից հետո էլ Անդրանիկի, Գևորգ Չավուշի  և մյուս ֆիդայիների հետ թուրքական զորքերի դեմ շարունակել  է կռվել Մշո դաշտում, այնուհետև անցնելով  Վասպուրական՝ մասնակցել Անդրանիկի ղեկավարած 1904 թ. հուլիսի 14-ի Աղթամարի կռվին։

«Զորավար Սմբատի հուշերը» գիրքը լույս է տեսել  1936 թվականին Փարիզում: Ինչպես արդեն նշեցինք, հուշերի առաջին հատորի մի օրինակը զուտ պատահական է ձեռք բերել Պարգև Մանուկյանը :

Բնագետ Էդիկ Այվազյանի միջոցով Պարգև Մանուկյանի ձեռքն է ընկնում այս գրքի արևմտահայերեն  պատճենահանված և դժվար վերծանելի տարբերակը: Նրա տքնաջան աշխատանքի շնորհիվ գիրքն այսօր հասանելի է արևելահայերեն, ազատ շարադրանքով:

Ի դեպ, Մախլուտոն իր հուշերում պատմում է ֆիդայի եղբայրների եւ ոչ թե իր հերոսությունների մասին: Այդ ամենի մասին մենք տեղեկանում ենք իր ընկերներից և իրեն ճանաչողներից: Եվ պատահական չէ , որ Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է. «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն»:

 

Արևիկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լիանա ԹՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930