Հայաստանում քաոս է տիրում, իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դավադրություն է կազմակերպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նման կերպ Ադրբեջանում մեկնաբանել են Տոնոյանի հարցազրույցը «Մեդիամաքս»-ին, մասնավորապես նրա այն խոսքերը, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյախլին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունների շրջանում «քաոս է տիրում»: Նրա խոսքով՝ Տոնոյանի վերջին հայտարարությունը «Փաշինյանի իշխանության դեմ ուղղված դավադիր ծրագրի մի մասն է և ուղղված է հենց Տոնոյանի քաղաքական կարիերային»:
Ադրբեջանցի պաշտոնյան մի կողմից Հայաստանի իշխանություններին մեղադրել է «միջազգային տեռորի լեզվով» խոսելու մեջ, մյուս կողմից նշել է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է «ազատագրել երկրի հողերն օկուպացումից» և որ «Հայաստանի պաշտոնատար անձանց մարտաշունչ սպառնալիքները որևէ իմաստ չունեն»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ