Այսօր «Նորագավիթ» մաքսատան տարածքում շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի՝ բողոքելով, որ քանի օր է՝ ավտոմեքենաները մաքսազերծել է, բայց ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի, չեն տրամադրում. «Ոչ ոքի չեն տալիս, մենք երեկ մեքենաները գրանցել ենք, ոչ մի մեքենայի պետհամարանիշ չեն տալիս, ասում են՝ թիթեղ չունենք»:
Հենց մաքսատնից, Փաշինյանը զանգեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ ճշտելու պետահամարանիշների դեֆիցիտի պատճառը:
Կարդացեք նաև
«Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-ոստիկանապետից հետաքրքրվեց Փաշինյանը: Մի քանի րոպե տեւած զրույցից հետո վարչապետը Օսիպյանի պատասխանը հրապարակեց՝ ասելով, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից. «Թիթեղ չկա, որովհետեւ նախատեսվածից ավելի մեքենա է ներկրվել»:
Երբ վարչապետը պարոն Օսիպյանին ասաց, թե պետք էր կանխատեսել, ի պատասխան ոստիկանապետն, ըստ Փաշինյանի, ասել էր, որ կանխատեսել են, բայց գերազանցել է անգամ իրենց կանխատեսած թիվը:
«Դե արագացրեք»,-ոստիկանապետին ասաց վարչապետը՝ շարունակելով Օսիպյանի հետ իր ունեցած հեռախոսազրույցից մանրամասներ ներկայացնել. «Օսիպյանն ասում է, որ կանխատեսել են, բայց կանխատեսածից ավելի է եղել, հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան, ասում է՝ крепитесь, запад нам поможет»:
Ապա վարչապետին ուղեկցող ՊԵԿ աշխատակիցներից մեկը հայտնեց, որ այս տարվա ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 տոկոսով ավելի մեքենա է մաքսազերծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ