Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-ն

Ապրիլ 09,2019 22:00

Ապրիլի 4-ին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունը, որն անգլերեն հապավմամբ կոչվում է ՆԱՏՕ, իսկ հայերեն նույնպես կոչվում է ՀԱՊԿ՝ նշեց իր 70-ամյակը

Երկու աշխարհամարտերից ավերված, տասնյակ միլիոնավոր մարդկանց կորցրած, նացիստական եւ ֆաշիստական լծից ձերբազատված, բոլշեւիկյան վտանգի երախում հայտնված Եվրոպան յոթ տասնամյակ առաջ իր անվտանգության, վերականգնման եւ ապագայում նոր հակամարտություններից, նոր աշխարհամարտի վտանգից խուսափելու միայն մեկ տարբերակ ուներ, որն էլ, պատշաճը մատուցելով, ընտրեց որպես բարիք, ինչն էլ կանխորոշեց Պատմության հետագա ընթացքը։ Դա 1941-ին ԱՄՆ նախագահ Ֆրանքլին Ռուզվելտի եւ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից ստորագրած Ատլանտյան Խարտիայի փիլիսոփայության հիման վրա նոր տրանսատլանտյան դաշինքն էր, որը նաեւ պետք է համալրվեր պատմության մեջ իր ծավալներով նախադեպը չունեցող Մարշալի պլանով եւ մինչ այդ թշնամական հարաբերություններ ունեցող եվրոպական երկրների ինտեգրացիայով։

1949-ին կասկած չկար, որ դրանից մեկ տարի առաջ Չեխոսլովակիայում կոմունիստական հեղաշրջումից հետո դրա այլընտրանքն էր նույնպիսի կոմունիստական հեղաշրջումներն Իտալիայում եւ Ֆրանսիայում, հակաժողովրդավարական այլ ուժերի իշխանության գալը, քաոսը, սովը այլ երկրներում։ Ընդունվեց մի ռազմավարություն, որի հակիրճ բանաձեւումը վերագրում են ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար, լորդ Հասթինգս Իսմեյինգ. «Պահել Ռուսաստանին Եվրոպայից դուրս, ԱՄՆ-ին՝ ներս, Գերմանիային՝ զսպել» («To keep the Russians out, the Americans in, and the Germans down»). Այդ ռազմավարությունն էր, որ Սովետական կայսրությանը հաջողությամբ զսպեց ողջ Սառը պատերազմի ընթացքում մինչեւ նրա անփառունակ վախճանը, զերծ պահելով մայրցամաքը նոր արհավիրքներից, պաշտպանելով ազատությունը եւ ժողովրդավարությունը, ապահովելով աննախադեպ զարգացում՝ միջուկային սպառազինության մրցավազքի եւ սուր դիմակայության պայմաններում։

Այս ամենն օգտակար է վերհիշել հասկանալու համար, թե ինչը եւ ինչու հետեւեց դրան, ինչ տրամաբանությամբ է վերափոխվում Պատմության մեջ ամենահաջողված եւ ամենաուժեղ դաշինքը, եւ ինչպես է դա առնչվում Հայաստանի շահերին։

ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ «ռոմանտիկ» տարիներին, երբ նույնիսկ հայտնի մտավորականներն էին ազդարարում «պատմության ավարտը», ՆԱՏՕ-ն շարունակում էր իր գործունեությունը, կարծես, իներցիայով, փորձելով վերագտնել իր դերը հետսառըպատերազմական աշխարհում։ Սակայն կարճ ժամանակ անց, երբ «այդ խելագար ռուսների» («these crazy Russians») հետ «բոլոր երգերը երգվեցին», ձեւավորվեց Վացլավ Հավելի ձեւակերպմամբ՝ «մաֆիոզ պետությունը», ներառելով իր մեջ կոմունիզմի եւ քրեական աշխարհի վատթարագույն տարրերը, վերածվելով դրանց մի չարօրակ սիմբիոզի՝ պարզ դարձավ, որ Ազատ Աշխարհը կանգնած է նոր՝ «ոչ կոնվենցիոնալ» սպառնալիքների առաջգահաբեկչություն, վերազգային կազմակերպված հանցավորություն, միջազգային կոռուպցիա՝ իրենց բոլոր տարատեսակներով, որոնց «տանիքը» կարող են լինել նաեւ ավտորիտար, ժողովրդավարությունն արհամարող, նեոկայսերական հավակնություններով, ներկա աշխարհակարգից դժգոհող պետությունները։ Իսկ 100 դոլարից ավելի արժողությամբ նավթի տասնամյակը Ռուսաստան բերեց աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ, որոնք էլ ռուսական պատմության մեջ աննախադեպ կերպով թալանվեցին, դուրս բերվեցին երկրից, հիմնականում դեպի Արեւմուտք, կոռումպացնելով, այլասերելով քաղաքական վերնախավերը եւ խաթարելով քաղաքական համակարգերը։ Մոսկովյան կայսերապաշտության այդ յուրօրինակ «ռենեսանսն» անհնարին կլիներ, եթե Ազատ Աշխարհում լիբերալ-դեմոկրատիան չլիներ ցավալիորեն եւ այդ աստիճանի տապալված։

Սակայն, Արեւմուտքը ցույց տվեց եւս մեկ անգամ, որ ցանկացած ճգնաժամ՝ նաեւ զարգացման, ներքին վերափոխման խթան է։ Ռուսների հետ այլեւս չկա «business as usual», Ռուսաստանը որպես սպառնալիք թվարկվում է նույն նախադասության մեջ ի շարս «Իսլամական պետության» եւ միջազգային ահաբեկչության, իսկ 70-ամյակի օրերին Ռուսաստանին դիմագրավելու նպատակով նոր՝ «Սեւծովյան փաթեթ» ընդունվեց, որով, ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնի՝ ՆԱՏՕ-ն «էապես մեծացնելու է իր ռազմական ներկայությունը Սեւ ծովում»։

Ավելին, տիկին Հաթչիսոնը նշում է, որ «շատ կարեւոր է, որպեսզի Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի եւ Վրաստանի բնակիչներն իրենց անվտանգ զգան Սեւծովյան տարածքում՝ ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում»։ Նկատեցի՞ք, նշված են երկու երկրներ՝ Ուկրաինան եւ Վրաստանը, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, եւ նշված չէ Թուրքիան, որը անդամակցում է դաշինքին դեռ 1952 թվականից։ Սպասելի էր, որ, վաղ թե ուշ, ռազմածովային բաղկացուցիչը Սեւ ծովում ՆԱՏՕ-ն եւ դաշնակիցները չեն կարող էապես չմեծացնել, հատկապես Ռուսաստանի՝ Վրաստան ներխուժելուց, Ղրիմի բռնակցումից, Դոնբասում ներխուժումից հետո։ Իրավիճակն էլ ավելի ծանրացավ, երբ Սեւծովյան տարածաշրջանի հետ «հաղորդակցվող անոթ» Միջերկրական ծովի ավազանում նույնպես իրավիճակը բարդացավ, հատկապես, երբ առաջ եկավ Թուրքիայում համակարգային մուտացիան, ինչի արդյունքում, փաստորեն, կազմալուծվեց աթաթուրքյան Թուրքիան, իսկ տեղն առաջացավ ինչ-որ անհասկանալի, բայց հաստատապես վտանգավոր մի բան, որը միմիայն խոչընդոտում է Արեւմուտքի ռազմավարությանը՝ միջամտելով Սիրիայի հակամարտությանը, հրահրելով փախստականների ճգնաժամ Եվրոպայում, թշնամական դարձնելով հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն, ոչ միայն չմիանալով պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի, այլեւ բարեկամանալով Պուտինի հետ։

Բարեբախտաբար, ՆԱՏՕ-ի հույսը Սեւ ծովում այլեւս միայն Թուրքիան չէ, ՆԱՏՕ-ի անդամ են նաեւ ԽՍՀՄ նախկին «դաշնակիցներ» Ռումինիան եւ Բուլղարիան, ձգտում են դաշինքին անդամակցել Ուկրաինան եւ Վրաստանը, եւ իզուր չէ, որ Թուրքիան դարձավ, փաստորեն, միակ երկիրը, որը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը Սեւ ծովում, ինչը, բնականաբար, որեւէ կերպ չի խոչընդոտի դաշինքին իր ծրագրերն իրականացնելու ճանապարհին։
Այսինքն, երկակի զսպման ռազմավարությունը, որի՝ գործնականում կիրառելու ծրագրերի մասին են հայտարարում մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-ում, չի կարող չշոշափել Եվրաատլանտյան տարածքի եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանի շահերը։ Իրականում, այն էապես է շոշափում, եւ ավելին՝ օբյեկտիվորեն բխում է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության ազգային շահերից։ Սակայն, որքանով Հայաստանը կկարողանա օգտվել շահերի այսպիսի համընկնումից՝ առնվազն կիսով չափ կախված է նաեւ մեզանից, թե որքանով մենք պատրաստ կլինենք պատշաճ համագործակցության, երբ ակնհայտ դառնա, որ փոփոխվող ռազմաքաղաքական բալանսի պայմաններում անվտանգության քաղաքականությունն անփոփոխ թողնելը մեզ ուղղակի մանրադրամի կարող է վերածել ուրվագծվող առճակատման կիզակետում։

Բնականաբար, «ջուրը չտեսած՝ բոբիկանալը» էկզիստենցիալ ռիսկերով է հղի Հայաստանի համար, սակայն, մյուս կողմից, այս անխուսափելի գործընթացին չտեսնելու տալը եւ արհամարհելը ոչ պակաս վտանգավոր է։ Հասկանալի է մի բան, որ Երեւանում ժամանակն է վերանայել մեր քարացած, «ավանդական» դարձած ընդհանուր պատկերացումներն «աշխարհաքաղաքական կոմֆորտի» վերաբերյալ, հենվելով բացառապես մեր եւ միայն մեր՝ սպառնալիքների գնահատման եւ դրանց հաղթահարման շահի վրա։ Հաստատապես կարող ենք արդեն այս պահին շեշտել. Հայաստանը որեւէ շահ չունի թշնամական հարաբերություններ ունենալու ԱՄՆ-ի, նրա եվրոպական դաշնակիցների հետ, որոնց մեզ միավորում է ընդհանուր արժեքային համակարգը, նաեւ՝ ամբողջությամբ ՆԱՏՕ-ի հետ, ՆԱՏՕ-ն արդեն իսկ կայունացնող գործոն է ոչ միայն Սեւ ծովի, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Բացի դրանից, ՆԱՏՕ-ն խնդիր չունի Հայաստանի հետ, եւ պատժամիջոցներ հայտարարել է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին։

Ուստի Հայաստանը որեւէ շահ չունի դաշնակցելու Ռուսաստանին իր՝ Արեւմուտքի հետ հիբրիդային հակամարտության մեջ, ինչ է թե Մոսկվան ոչ միայն չի կարողանում փարատել իր ֆանտոմային ցավերն, այլեւ ցանկանում է «ռուսսկի միռ» կառուցել մեր եւ հետխորհրդային այլ ժողովուրդների ազատ ապագայի հաշվին եւ բարեկամ է համարում միայն մարդասպան, կոռումպացված, «անփոխարինելի», «սովետի» եւ քրեական աշխարհի, ինչպես նաեւ՝ միջնադարյան մոնղոլների բարքերով առաջնորդվող, եւ դրանով իսկ՝ «հոգեհարազատ» բռնապետերին։
Հայաստանի գործող Ազգային անվտանգության հայեցակարգը վերջին անգամ գրվել եւ հաստատվել է 2007 թվականին, «կոմպլեմենտար» Օսկանյանի օրոք, երբ այդ չարչրկված սկզբունքը սոսկ ծխածածկույթ էր եղած-չեղածը թալանելու, թալանը պարտակելու համար ռուսական «տանիքի» ներքո մտցնելու համար։ Այն ժամանակ աշխարհն էր ուրիշ։ Իսկ հիմա՝ այլ է կարգը, այն դեռ նոր է ձեւավորվելու, երեսուն տարի ուշացմամբ։ Ցավոք, Սառը պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում Ազատ Աշխարհը կառավարած քաղաքական դասը չունեցավ այնքան իմաստնություն, որպեսզի նոր աշխարհակարգ ձեւավորեր, չթողներ 1945 թվականի սկզբունքներն անփոփոխ՝ ՄԱԿ-ում, 1975 թվականի սկզբունքներն անփոփոխ՝ Հելսինկյան ակտի շրջանակներում, չմշակեց նոր չափանիշներ եւ չափորոշիչներ, որոնցից շեղումը կհանգեցներ պատժամիջոցների՝ ավտոմատ կարգով, երբ Սառը պատերազմը չկա, ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Չեխոսլովակիան այլեւս չկան, Գերմանիան վերամիավորվեց ԳԴՀ-ի եւ Արեւմտյան Բեռլինի լուծարմամբ, Կոսովոն անկախացավ…

Ներկայիս սերնդի քաղաքական դասին է տրված իր տրամաբանական ավարտին հասցնելու երեսուն տարի առաջվա կիսատ թողած գործընթացները, իսկ Հայաստանն այստեղ թե՛ ասելիք, թե՛ անելիք ունի։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Ռուսական կայսրությունը վերջին հարյուր տարվա մեջ մեր գլխին փլվի երրորդ անգամ, որ Թուրքիան իր ներքին խնդիրների բերումով վերածվի մի նոր գազանի, եւ մենք դրան լինենք «անպատրաստ» կամ դատարկ տեղը «ռուսին սպասող»։ Հայաստանի եւ երկրորդ հայկական պետության՝ Արցախի Հանրապետության գերխընդիրն է՝ դուրս գալ այս «անցումից» առնվազն ավելի ուժեղացած, որպես խնդիր-մինիմում, հնարավորինս շատ բարեկամներով, հնարավորինս չեզոքացված հակառակորդներով, որպես նոր աշխարհակարգի սուբյեկտ, ի շարս «հարցեր լուծողների», այլ ոչ որպես «Հայոց հարց»։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930