Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Կորոտչենկո. «Պատերազմի հավանականությունը բարձր է, դա օբյեկտիվ իրավիճակ է, քանի որ կա հակամարտություն, այն կարգավորված չէ, նոր պատերազմը շատ հնարավոր է». «168 ժամ»

Ապրիլ 09,2019 12:34

«168 ժամ»-ի զրուցակիցն է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն

– Պարոն Կորոտչենկո, բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետը պահանջում է Արցախի մասնակցություն, որը բանակցային ձևաչափի վերականգնում է, ինչին դեմ են Ադրբեջանն ու Մինսկի խումբը։ Այս իրավիճակում շատ են խոսակցությունները պատերազմական սցենարի հավանականության մասին։ Դուք ի՞նչ եք կարծում։

– Պատերազմի հավանականությունը բարձր է, դա օբյեկտիվ իրավիճակ է, քանի որ կա հակամարտություն, այն կարգավորված չէ, նոր պատերազմը շատ հնարավոր է։ Ինչ վերաբերում է Երևանի պահանջներին, որպեսզի ԼՂՀ ներկայացուցիչները լինեն բանակցային սեղանին, դա նոր պահանջ է, բնական է, որ Բաքուն դա չի ընդունի, միջնորդները հստակ ասացին, որ կողմերը պետք է որոշեն բանակցային ձևաչափը, աջակցեցին Ադրբեջանի դիրքորոշմանը, որ բանակցությունները վարում են Երևանն ու Բաքուն։ Ուստի այդ պահանջն անիրականանալի է։ Բայց լավ է, երբ երկու ղեկավարները հանդիպում են, շփվում են, ԱԳ նախարարները՝ ևս, դա լավ է, բայց որքան է ձգվելու այդ իրավիճակը, երբ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակ է, հստակ չեմ կարող ասել։

Ռուսաստանը հակամարտության քաղաքական, դիվանագիտական լուծման կողմնակիցն է։ Որևէ փորձագետ Ռուսաստանում պատերազմի օգտին հանդես չի գալիս։ Բայց երբ կողմերի միջև չկան պայմանավորվածություններ, ապա պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է։

Վերադառնալով ռազմական դոկտրինի փոփոխությանը՝ ասեմ, որ այն փոխելու որոշումը տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել։ Պարոն Փաշինյանը լավ հասկանում է, որ մեկ-երկու տարի անց ՀՀ բնակչությունը կցանկանա տեսնել, զգալ կոնկրետ պտուղներ նրա իշխանությունից՝ նյութական վիճակի բարելավում, աշխատավարձերի .բարձրացում, ներդրումների ակտիվացում, որպեսզի աշխատի տնտեսությունը, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն։ Եթե դա չհաջողվի, Փաշինյանին հեռանկարում նոր թավշյա հեղափոխություն է սպասվում։ Դժգոհ հատվածը կմեծանա, հասարակության տրամադրությունները փոխվում են, ներկայումս մեծ հեղինակություն է վայելում Փաշինյանը, ձևավորել է իրեն ենթակա ԱԺ և Կառավարություն։ Եթե չլինի տնտեսական վիճակի բարելավում, իրեն սպասվում է Սարգսյանի ճակատագիրը։ Ուստի կա խնդիր՝ ինչպես շեղել հասարակության ուշադրությունը, երբ չկան տնտեսական հաջողություններ, դեպի ուր ուղղորդել հասարակության դժգոհությունը։ Սա որոշակի առումով կարող է նախապատրաստություն լինել ուկրաինական սցենարով, երբ Պորոշենկոն հասարակության ողջ ուշադրությունն ուղղում էր արտաքին թշնամու դեմ։

Ակնհայտ է, որ հնարավոր է՝ դա տարբերակներից մեկն է. Պատերազմը՝ որպես իշխանություն պահելու միջոց, որպես քաղտեխնոլոգիա։ Ընդգծում եմ, որ հնարավոր է։ Հնարավոր է՝ այդ տրամաբանությունը սխալ է։ Մենք Հայաստանին բարգավաճում ենք ցանկանում, բայց հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է իրականացնել այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսում է, այստեղ շատ հարցեր կան։ Իմ նկատառումներով՝ նա վարվում է այնպես, ինչպես նախկինում իշխող ուժը։ Իշխանությունը փոխվել է, թվում է՝ ժողովրդավարական կարգախոսներ են, բայց ավտորիտար մոտեցումներ են, իշխանության կտրուկ որոշումներ, որը ոչնչով չի զիջում Սարգսյանի քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, թող հաջողվի հրաշք իրականացնել, թեև հրաշքներ չեն լինում։ Բայց մենք հաջողություններ ենք մաղթում տնտեսական բարեփոխումներին։

Ակնհայտ է նաև, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ։ Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ՝ 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի։ Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները։ Եթե վարվում է բազմավեկտոր քաղաքականություն, ապա ստացեք գազ այն գնով, ինչ ստանում եք, խոսք չի կարող լինել իջեցման մասին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930