Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյան. «Նիկոլ Փաշինյանին սատարող բազմաթիվ կեղծ էջեր կան, որ ատելություն են տարածում տարբեր մարդկանց». «Իրատես»

Ապրիլ 09,2019 11:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի դեմ պայքար սկսելու հրահանգ տվեց այն դեպքից հետո, երբ համացանցում տարածվեց Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի` նույն օդանավում հայտնվելու լուրը: Իշխանության ներկայացուցիչները վրդովված նշում էին, թե կեղծ օգտահաշվից է տարածվել տեղեկությունը և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ՝ նշելով, որ կեղծ օգտատերերի` ֆեյքերի դեմ օրենքներ կիրառվում են բացառապես այն դեպքում, երբ ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություններ են արվում, ու դրանց սահմանափակման անհրաժեշտությունն ակնհայտ է: Նա վստահ է՝ եթե ֆեյքերի դեմ հատուկ օրենք գործի, ապա այն, առաջին հերթին, վնասելու է Նիկոլ Փաշինյանին, և դա է պատճառը, որ Փաշինյանը համապատասխան օղակներին չի հանձնարարում զբաղվել համապատասխան օրենքի մշակմամբ:

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ Փաշինյանին գովերգող ֆեյքերը 10 հազարի են հասնում, իրենց կազմակերպությունը դրանցից 6000-ին արդեն բացահայտել է: Ըստ նրա` Հայաստանում մարդիկ կեղծ էջեր են բացում, որովետև ստեղծված է վախի մթնոլորտ: «Իր մասին բոլոր վատ կարծիք հայտնողներին Փաշինյանն ուզում է պատժել, և դա վտանգավոր է: Ղարաբաղյան հակամարտության` Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման համատեքստում կա երեք սկզբունք, երրորդ կարևոր սկզբունքն ուժի կիրառման բացառմանն է վերաբերում: Փաշինյանը փաստացի ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում, ու դա` արդեն ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական համատեքստում:

Ասելով, թե մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն տարածողներն իրենց ծնոտի վրա պետք է զգան կառավարության հակազդումը, անցնում է բոլոր տեսակի չափերն ու սահմանները: Հասկանու՞մ եք` «քուչի» բառապաշարը Փաշինյանին վատ խմբագրից ավելի առաջ չի տարել: Նա այդ բառապաշարով և ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք, ըստ էության, կարող են անգամ ֆեյք ունենալ: Տարակուսելի եմ համարում նաև փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մանիպուլյացիայից: Դա նույնն է, թե «սուտլիկ որսկանը» զարմանա և բողոքի ստից ու կեղծիքից: Վարչապետը մանիպուլյացիայի, ստի, ֆեյք քաղաքական գործչի ամենամեծ արտացոլումն է, ամենամեծ ու փաստացի գործնական օրինակը»:

ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված առաջին կեղծ օգտատիրոջ՝ «Դուխով Հայաստան» էջին անդրադառնալով՝ մեր զրուցակիցն անկեղծորեն նշեց, որ բռնության կոչեր պարունակող գրառումներ են արվել այդ էջից, օրինակ՝ «Դանակները պատրաստեք, իջեք կենտրոն, խփելու մարդ կա»: Նորմալ է, որ ահաբեկչություն ու ատելություն քարոզող օգտատերերին բացահայտի ԱԱԾ-ն, շեշտում է Սամսոնյանը, խնդիրն այն է, որ համակողմանի զբաղվեն այդ ամենով, բացահայտվեն նաև հակառակ կողմում նույն գործունեությամբ, պրոպագանդայով ու մանիպուլյացիաներով զբաղված ֆեյքերը. «Նիկոլ Փաշինյանին սատարող բազմաթիվ կեղծ էջեր կան, որ ատելություն են տարածում տարբեր մարդկանց, այդ թվում նաև ինձ նման հանրային գործիչների նկատմամբ: Եթե այդ էջերը չբացահայտվեն, պատասխանատվության չենթարկվեն, ապա վաղը, մյուս օրն ատելությունը բռնություն է ծնելու: Այսօր Հայաստանում ատելությունը բավականին մեծ պոտենցիալ է կուտակում: Երբ կեղծ էջով մարդիկ հայհոյում են որևէ մեկին, այդ մեկն ունի փողոցում կամ այլ վայրում տվյալ անձի նկատմամբ հաշվհարդար տեսնելու իրավունք: Իրավական առումով գուցե սխալ է, բայց, բարոյական առումով, վիրավորված մարդն ունի այդ իրավունքը: Մինի քաղաքացիական պատերազմները հենց այդպես են լինում: Մարդիկ կան, որ ինքնասիրության պակաս չունեն և պատրաստ են իրավապահ մարմինների փոխարեն անձամբ լուծելու իրենց հայհոյողների հարցերը: Ի տարբերություն ոմանց՝ մենք չենք ընդունում մեզ հայհոյողներին, մենք դա նորմալ չենք համարում»:

 

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930