«Փաստ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր ճանապարհների անմխիթար վիճակին: Գրել էինք, որ ահազանգերն անարձագանք չեն մնացել, և կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անձամբ, խոսելով խնդրի մասին, նշել էր, որ իրենք չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհ, և այն մարդիկ, որոնց անորակ շինարարության պատճառով պետությունը լուրջ ֆինանսական վնասներ է կրել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և հայտնվեն բանտում։
Որոշ ճանապարհների անբարեկարգ վիճակի և դրանց վերանորոգման ժամկետների հետ կապված «Փաստը» հարցում էր ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը: Հարցման պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 13,5–33,5-րդ կմ (Շահումյան համայնքից մինչև չհասած Դիլիջանի վարչական սահման) ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2019 թվականի պետական բյուջեում, իսկ 33,5-40-րդ կմ (Դիլիջան վարչական շրջան չհասած հատվածից մինչ Դիլիջան քաղաքի սկիզբ) ճանապարհահատվածը կընդգրկվի 2020 թվականի պետբյուջեի նախագծի հայտում, սակայն լրացուցիչ ֆինանսավորման դեպքում հնարավոր է այդ աշխատանքներն իրականացվեն այս տարի:
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 7-8-րդ կմ (Սարի գյուղի տարածք), 12,5-13,9-րդ կմ (Կիրանցի հատված), 21,9-24,7-րդ կմ (Ոսկեպարի հատված), 29-35,8-րդ կմ (Բաղանիսի հատված), 41,9-46,4 կմ (Նոյեմբերյանի տարածաշրջան)՝ ընդհանուր 17,73 երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են նախարարության 2019 թվականի պետբյուջեում:Ինչ վերաբերում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 96,5-106-րդ կմ (Դիլիջան-Իջևան-Վանաձոր խաչմերուկից մինչև Հաղարծին վարչական տարածք) ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներին, ապա դրանք ընդգրկված են նախարարության 2019 թվականի պետբյուջեում:
Բացի այդ, 2018 թվականին սկսած հատվածի միջին նորոգման աշխատանքները կվերսկսվեն այս տարի՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում: Նախարարության պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Մարալիկի հատվածում իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, և կապալառու կազմակերպությունը այդ հատվածը կասֆալտապատի եղանակային բարենպաստ պայմանների դեպքում:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում