Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային արժեքների առաջնահերթությունները

Ապրիլ 09,2019 10:00

Հայաստանի քաղաքացին ԱԺ ամբիոնից խոսում է իր իրավունքներից, իր խմբի դեմ բռնություններ կիրառելու մասին, խտրականության դեմ: Էլ որտե՞ղ պետք է խոսվի դրա մասին, եթե ոչ խորհրդարանական լսումների ժամանակ՝ մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Մեր բոլոր քաղաքացիների իրավունքները, կյանքը, անվտանգությունը պետք է պաշտպանված լինի՝ անկախ այդ քաղաքացիների առանձնահատկությունից:

Այս, իմ կարծիքով, չափազանց ակնհայտ  ճշմարտության դեմ բերվում է հետեւյալ «փաստարկը»՝ ի՞նչ է, պե՞տք չէ պաշտպանել մեր ազգային արժեքները: Համոզված եմ, որ պետք է, անհրաժեշտ է: Սակայն ամեն մեկն ունի ազգային արժեքների իր առաջնահերթությունները: Ինձ համար կարեւորագույն արժեքներից է հայկական պետությունն իր Սահմանադրությամբ, որի 29-ը հոդվածում գրված է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Ինձ համար կարեւոր ազգային արժեք է հայոց լեզուն եւ հայոց այբուբենը, որը Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ մտահղացմամբ եւ, բնականաբար, ոչ պատահաբար տարբերվում է աշխարհի բոլոր մնացած այբուբեններից: Ինձ համար ազգային արժեք են Հայաստանի բոլոր քաղաքացիները, առաջին հերթին՝ նրանք, ովքեր այս 28 տարում, ի հեճուկս դժվարությունների, ապրել են հայրենիքում: Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանից գնացած իմ հայրենակիցներին, բայց երբ նրանք հեռվից համացանցում պաշտպանում են « хайреникы шехвацнериц», նրանց տեսակետն ինձ այնքան էլ համոզիչ չի թվում:

Ինձ դո՞ւր է գալիս տրանսգենդերների կամ միասեռականների ապրելաոճը: Խոստովանեմ՝ ոչ: Բայց ինձ դուր չեն գալիս նաեւ «Եհովայի վկաների» կրոնական համոզմունքները կամ այսպես կոչված՝ «աթեիստների» անհավատությունը: Ինձ դուր չեն գալիս շատ-շատ մարդկանց քաղաքական համոզմունքները: Բայց դա իմ անձնական մոտեցումն է, ու ես իրավունք չունեմ դատավորի դեր ստանձնելու: Առավել եւս՝ ոչ մեկս իրավունք չունի այս տեսակի տարաձայնությունների պատճառով մարդկանց հետապնդելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, բռնության կոչ անելու, խտրական վերաբերմունք ցուցաբերելու: 

Ի դեպ, ինձ դուր չի գալիս, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ԱԺ-ի այս վերջին միջադեպի հարցում ինձ հետ համաձայն են, բայց, իրենց «ընդդիմադիր հայացքներից» ելնելով, ձեւացնում են, թե իբր զայրացած են ԱԺ ամբիոնի «պղծմամբ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Առաջին հերթին իրենց խոսքը պետք է ասեն մասնագետ բժիշկներն ու իրավաբանները, բոլոր մարդիկ էլ ունեն ինչ որ շեղումներ, որոնցից մի մասը վտանգավոր է ազգի համար, ասենք գողություն անողները՝ նրանց ազգից մեկուսացնում են հատուկ մեկուսարաններում, կան հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց հոգեբուժարաններում կամ ազգային ժողովներում են մեկուսացնում ազգից, բայց կան նաեւ անվնաս հիվանդներ՝ հաշմանդամներ, բազմազավակներ, պարտքերի տակ խորասուզված կամ էլ անգործ սոված ծարավ քաղաքացիներ: Միայն բժիշկներն իրավաբանների հետ միասին պետք է որոշում կայացնեն՝ ո՞վ է անվնաս ազգի համար ու ում պետք է մեկուսացնել, թե չէ գողն էլ կարող է ամբիոնից ելույթ ունենա ու ասի, ես ազատ քաղաքացի եմ եւ մեղավոր չեմ որ գողանալու մոլուցքով եմ տառապում, դա մեր ընտանիքում սերնդե սերունդ է փոխանցվում արական կողմով, դրա համար ինձ իրավունք չունեք մեկուսացնելու, մենք մեր իրավունքների համար պայքարելու ենք: Իմ ոչ մասնագիտական կարծիքն այն է, որ այս բոլոր շեղումները բնական են մանկական հասակում, բայց ճիշտ դաստիարակության դեպքում այդ շեղումները ինքնաարտահայտվում են, ինքնաոչնչացվում են ու չեն անցնում չափահասության շեմից: Բոլոր մեծահասական հիվանդությունները՝ դրանք սխալ դաստիարակություն անցած մանկությունից մնացած պոչերն են: Մեր գիտնականների ռազմադաշտը՝ դա հայ ազգային ընտանիքի կանոնագիրք գրելն է՝ հայ ազգային ճիշտ դաստիարակությունը:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    «Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն» – բացեիբաց հայտարարեց մոլագար քահանա Ղազարը՝ Ալեն Սիմոնյանի հետ վիճելիս: Փաստորեն միջնադարից եկած մի խումբ մարդիկ ուզում են Հայաստանը դարձնել Իսլամական Պետության, Աֆղանստանի կամ Սուդանի նման մի հրաշք երկիր, որտեղ անհավատներին, հավատափոխներին, ուսումնատենչ աղջիկներին ու տարատեսակ այլ «սրբապիղծներին» ամբոխը քարկոծում ու տանջամահ է անում հենց փողոցի մեջտեղում: Թքած Սահմանադրության վրա, ասում են «ազգային արժեքների» (իրականում՝ կրոնական անհեթեթությունների) հայ ջատագովները: Պետք է վերցնել հրեական Աստվածաշունչը որպես մարդատյացության ու ցեղասպանության հրաշալի մի դասագիրք ու մարդկանց աջ ու ձախ մահապատժի ենթարկել: Կարճ ասած՝ կղերամիտ ամբոխը պահանջում է աուտոդաֆե հենց ԱԺ-ի այգում…

    21-րդ դար: Հայաստանի չգիտեմորերորդ Հանրապետություն: Քաղաքամայր Երեւան: Հասանք միջնադար՝ իջե՛ք…

    • Լավատես says:

      ապագա Վիքիպեդիայից՝

      Տիգրանուհի Բ
      Ծնվել է՝ ապրիլի 21, 2026[1][2][3][4] (92 տարեկան)
      Ծննդավայր Մեծ Երեւան, Հայք, Միացյալ Թագավորություն[5]
      Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
      Տոհմ Արտաշեսյանների դինաստիա[5]
      միապետ
      Կրոնական հավատքներ Հայ եկեղեցի
      Տիգրանուհի Բ,[7] 2052 թվականից մինչ այսօր Մեծ Հայքի իշխող թագուհի և պետության գլուխ։ Նաև հանդիսանում է Ազգերի Հայոց Համագործակցության 15 երկրների թագուհի, Հայ եկեղեցու գլուխ, Մեծ Հայքի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 2053 թ. մայիսի 29-ից առ 2061 թ. մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։
      Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և հայ զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Տիգրանուհի Բ-ն կարողացավ բարձր պահպանել հայ միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

  3. Լավատես says:

    ՝լավատեսական առողջության կենտրոն…՝
    Շատ լավն էր, …որտեղ բուժվում են հոռետեսները:

  4. Հ.Շ. says:

    Իսկ Երեւանի «դիմագիծը» իսկապէս կը համապատասխանէ՞ մնացեալ ամբողջ երկրի վիճակին… Նոյն «դարաշրջանի» մէ՞ջ են՝ Մայրաքաղաքը մէկ կողմէն, եւ մնացեալ լման երկիրը՝ միւս:
    Ի մտի ունենալով որ Ազգային Ժողովը Երեւանի կեդրոնի մի թաղական խորհուրդը չէ, այլ համայն երկիրը ներկայացնող հիմնարկութիւն:

    Ոեւէ մէկը կա՞յ, որ լրջօրէն եւ անկեղծօրէն կը հաւատայ թէ այս միջադէպը օգտակար ու նպաստաւոր եղաւ՝ Հայաստանի մէջ սեռափոխների եւ նոյնանման յատուկ անձերի հանդէպ բնակչութեան կարծիքին… Մինչ բացայայտ է որ հակառակ ազդեցութիւնը, հակազդեցութիւնը տեղի ունեցաւ: Ի դէպ, ոչ միայն Հայաստանաբնակ հայերի մօտ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930