Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, և դրան կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին «Մոսկվա-Բաքու» պորտալի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 5-ին Մոսկվայում Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Ես կարծում եմ, որ ամենամոտ ապագայում կհայտարարվի (մենք արդեն պայմանավորվել ենք) հանդիպման մասին՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մակարդակով: Ես կարծում եմ, որ Սերգեյ Վիկտորովիչը նույնպես կմասնակցի: Ընդհանուր ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում անհրաժեշտ է առաջ շարժվել, այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է նա:
Լրագրողի հարցին՝ արդյոք Լավրովի հնարավոր մասնակցությունը նշանակում է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Մամեդյարովը դրական պատասխան է տվել:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Մամեդյարովը նշել է, որ Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ թեև դժվարությամբ, բայց շփման ընդհանուր կետեր նկատվում են:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ բեկում հնարավոր էր դեռ 2004թ., երբ ինքը նոր էր դարձել արտգործնախարար: «Հանուն արդարության, այն ժամանակ Վարդան Օսկանյանի հետ մենք շատ ակտիվ քննարկում էինք հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրեր: Դրանք մանրամասն, կոնկրետ ծրագրեր էին: Դրանք մամուլում չեն հրապարակվել, բայց այն ժամանակ մեր միջև փոխըմբռնում կար»,- ասել է Մամեդյարովը:
Մամեդյարովը նաև հավաստիացրել է, որ, բնականաբար, իրենք բնակչությանը պատրաստում են խաղաղության: «Խոսակցություն է գնում, որ հնարավոր է լրագրողական այցերով փոխանակվենք: Այսօր, ի դեպ, Սերգեյ Լավրովի հետ այդ հարցը քննարկել ենք, թե ինչ ձևով դա կարելի է անել»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ