«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշված է՝ կողմերը, վերհիշելով, հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել եւ ուժեղացնել հրադադարի ռեժիմը»,-այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության հետ Փաշինյան-Ալիեւ հանդիպման շուրջ դռնփակ քննարկումից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հաշվի առնելով 2016-ի փորձը՝ արդյո՞ք Վիեննայի այս բանակցությունները տալիս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի հերթական անգամ գնալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով:
Փաշինյանը նշեց՝ դա է մեր քաղաքական պայմանավորվածությունը.«Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական պայմանավորվածությունը: Ո՛չ, էդպիսի հնարավորություն չկա: Բայց եթե որեւէ մեկը դրժի, չի նշանակում, որ չենք պաշտպանվելու»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ հույս ունի Ադրբեջանն էլ չի դրժի այդ պայմանավորվածությունը. «Որովհետեւ մենք շատ հստակ պայմանավորվել ենք, գրավոր արձանագրել ենք, որը արձանագրվել է Մինսկի խմբի համանախագահությամբ: Պայմանավորվածությունն է՝ ոչ միայն ուժ չկիրառել, այլեւս ուժի կիրառման սպառնալիք չկիրառել: Մենք բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը որպես բանակցային գործոն փորձում է օգտագործել: Ասում ենք՝ եկեք չօգտագործենք դա, եթե շարունակեն օգտագործել, մենք էլ կօգտագործենք: Արդյունքում ի՞նչ կստացվի: Եկեք խաղաղության օրակարգը ձեւավորենք եւ աշխատենք դրա շուրջ: Պետք չէ խաղաղությանը մեր նվիրվածությունը, ինչպես Հայաստանի ներսում եմ ասում, որ պետք չէ մեր բարեկրթությունը մեկնաբանել որպես թուլություն, այնպես էլ միջազգային ասպարեզում եմ ասում՝ պետք չէ խաղաղության օրակարգին նվիրվածությունը մեկնաբանել թուլություն կամ վախ որեւէ մեկից կամ որեւէ բանի առաջ: Մենք վախ որեւէ մեկից չունենք»:
Մարդասիրական քայլերի եւ խաղաղության օրակարգի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին էլ Փաշինյանն ասաց, հույս ունի, որ երկուստեք կկարողանան երաշխավորել գյուղացիների անվտանգությունը. «Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որեւէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավելեւս գյուղացիական աշխատանքներ իրականացնողների: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք պահպանել»:
Կարդացեք նաև
Կա նաեւ մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, եւ ինչպես Փաշինյանն ասաց, բայց պետք է շահառուները ցանկանան օգտվել այդ հնարավորությունից: Լրագրողի ճշտող հարցին՝ գերիների՞ հարազատներին տեսակցելը, Փաշինյանը պատասխանեց՝ «Այո, այո: Ես կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ այդ ընտանիքները, եւ Ադրբեջանի եւ մեր կողմից մարդիկ կցանկական այդ հնարավորությունից օգտվել, թե չէ: Ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ չցանկանան օգտվել դրանից: Խոսքը ոչ թե քաղաքական, այլ անձնական պատճառների մասին է»:
Փաշինյանը նաեւ ասաց՝ եթե մեզանից ակնկալվում է կառուցողական լինել, մենք էլ ենք ակնկալում կառուցողական լինել. «Մեր խնդիրն է՝ լինել լսելի է եւ մենք պատրաստ ենք լսել մեր գործընկերներին: Տեղ կա առանց սեթեւեթանքի, այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ ինչ-որ նյուանսում մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, մենք կարող ենք մեր դիրքորոշումն ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգն առաջ մղելու: Բայց դա չի կարող միակողմանի լինել»:
Դիտարկմանը՝ բանակցությունները սկսել եք այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը, Փաշինյանն այսպես արձագանքեց՝ «Դա թյուրիմացություն է: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»:
Վարչապետը մեկնաբանեց նաև ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը վկայում են պատերազմ սկսելու ցանկության մասին։
Մարտի 30–ին Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂ հակամարտության թեմայի մասին, հայտարարել է, որ փոխել է «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձևաչափով։
«Մենք ասում ենք` մի վախեցրեք մեզ պատերազմով, քանի որ մենք չենք վախենում դրանից։ Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ որևէ ապակառուցողական բան չկա։ Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսի, Հայաստանը կհանձնվի՞։ Իհարկե ոչ։ Այդպես կարող է մտածել միայն միամիտը», – ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմն արել ու անում է ամեն ինչ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, սակայն թող չստեղծվի տպավորություն, թե նա վախենում է պատերազմից։
«Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք կպարտադրենք խաղաղության։ Մեր պատերազմի նպատակը կլինի խաղաղությունը։ Մենք չենք պատրաստվում ձեռնարկել ռազմական գործողություններ, սակայն եթե դա տեղի ունենա, մենք կպարտադրենք խաղաղության», – նշեց Փաշինյանը։
Նա կոչ արեց ավելի քիչ խոսել պատերազմի մասին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ