Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի ներկայացրել է իր գործունեության առաջին տարեկան զեկույցը:
Զեկույցում տեղ են գտել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, այդ թվում Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր խնդիրներ, այդ թվում միգրացիա, կանանց իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, իրավապաշտպանների և լրագրողների անվտանգություն:
«Միգրացիան մարդու իրավունքների վերաբերյալ ամենահրատապ հարցն է իմ օրակարգում,- ասել է նա:- Ազգային իշխանությունները պետք է բարելավեն ներգաղթյալների, ապաստան փնտրողների և փախստականների նկատմամբ վերաբերմունքը և իրենց միգրացիոն քաղաքականության կենտրոնում դնեն մարդու իրավունքները և պատասխանատվությունը կիսելու սկզբունքները»:
Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, հանձնակատարն ընդգծել է գենդերային կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման և կանանց նկատմամբ բռնության դադարեցման անհրաժեշտությունը: Նա նաև կոչ է արել ազգային իշխանություններին, այդ թվում Հայաստանին, կրճատել սեռով պայմանավորված վճարումների տարբերությունը, ինչը շարունակում է մնալ «հիմնական խոչընդոտ տղամարդկանց և կանանց միջև արդյունավետ հավասարության ճանապարհին և համընդհանուր խնդիր Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններում՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանում ընտանեկան բռնությանը՝ Եվրահանձնակատարը ողջունել է վերջին օրենսդրական փոփոխությունները և Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումը: Նա խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին վավերացնել կոնվենցիան՝ միաժամանակ ապահովելով, որպեսզի ընտանեկան օրենսդրությունն արդյունավետ կիրառվի գործնականում:
Իրավապաշտպանների և լրագրողների պաշտպանությունը նույնպես առավել մեծ ուշադրություն է պահանջում անդամ-երկրների իշխանությունների կողմից: «Բռնի ֆիզիկական հարձակումները, ինչպես նաև օրենսդրությունն ու պրակտիկան զգալիորեն նվազեցնում են իրավապաշտպանների և լրագրողների կարողությունը՝ նպաստելու մեր հասարակության ժողովրդավարական կառուցվածքին»:
Զեկույցում տեղ գտած մեկ այլ խնդիր է այն, որ բազմաթիվ անդամ երկրներ շարունակում են բախվել խտրականության կամ խորը արմատներ գցած նախապաշարմունքների հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, ծերերի և LGBT համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Հանձնակատարը նկատել է, որ երկարատև մշակութային, սոցիալական և տնտեսական խնդիրները շարունակում են առաջ բերել անհավասարություններ և սեգրեգացիա:
Հանձնակատարը ողջունել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց դեինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և ներառական կրթություն ապահովելու հանձնառությունը՝ խորհուրդ տալով հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթությանը նախադպրոցական շրջանում:
«Դեռևս շատ աշխատանք կա կատարելու՝ ամբողջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ես վճռական եմ ներդնելու իմ էներգիան այս խնդրում, և լիարժեք նպատակադրված եմ զարգացնելու կառուցողական գործակցությունը կառավարությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր նպատակի»,- ասել է Միյատովիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ