Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի եւ Իմ քայլը» խմբակցության Փաշինյան-Ալիեւ հանդիպման շուրջ քննարկումը, որը դռնփակ էր:
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ ԵԿՄ համագումարում իր հայտարարությանն ու Ալիեւի հետ բանակցություններին:
«Բանակցություններն արդյունավետ են եղել ասելով մենք ի՞նչ էինք ակնկալում՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որեւէ բանակցություն արդյունավետ չէ, եթե այս տրամաբանությամբ ենք նայում: Բայց համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում: Այս տեքստի շուրջ բոլորս համաձայնվել ենք»:
Հարցին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունից հետո Ադրբեջանը մեկնաբանում է, թե Հայաստանը պատերազմ է ուզում, վարչապետը պատասխանեց՝ «Այս թեմային բազմիցս անդրադարձել եմ: Մենք ասում ենք՝ մեզ մի՛ վախեցրեք պատերազմով, որովհետեւ մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական եւ առավել եւս ապակառուցողական բան չկա: Բնականաբար, եթե որեւէ մեկը պատերազմ սկսեց, որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայաստանը հանձնվելո՞ւ է: Իհարկե՝ ոչ: Եթե պատերազմ սկսվում է, մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն եք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Եթե մենք անընդհատ խաղաղության օրակարգից ենք խոսում, թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի: Եվ ընդհանրապես, տարածաշրջանն ունի վախենալու բան, բոլորն ունեն վախենալու բան, որովհետեւ մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն: Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր նպատակը խաղաղությունն է լինելու: Եվ դա մեր պատերազմը չի լինելու, եւ եթե որեւէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք պարտադրելու ենք խաղաղություն: Ամեն բանակցությունից առաջ կամ հետո պետք չէ անընդհատ խոսել պատերազմի մասին»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ