Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան Ուկրաինայում և Ղրիմում մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ԵԽԽՎ քննարկման առարկա

Ապրիլ 08,2019 21:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը:

Ապրիլի 8-ի առաջին լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն ուրախությամբ նշեց, որ Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակ, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ինքը:

Տեղեկացնենք՝ ապրիլի 11-ին  Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատում, կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգի հաստատման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակ Սըր Ռոջեր Գեյլն առաջարկությամբ հանդես եկավ ԵԽԽՎ բյուջետային ճգնաժամի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպել և չհետաձգել այդ հարցը մինչև հունիս: Սակայն ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դեմ արտահայտվեց: Նշենք, որ ԵԽ-ում ճգնաժամային իրավիճակ է առաջացել Ռուսաստանի կողմից անդամավճար չվճարելու պատճառով: 2017-ի հունիսից Ռուսաստանը դադարեցրել է Եվրախորհրդի բյուջե վճարումներ կատարել: 2019 թվականի սկզբի տվյալներով՝ այդ պարտքը կազմում է մոտ 60 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության ներդրումային բաժինը կազմում է Եվրոպայի խորհրդի ամենամյա բյուջեի 11% -ը (մոտ 30 մլն եվրո): Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն, եթե մինչև հունիս Ռուսաստանը չկատարի իր ֆինանսական պարտավորությունները, կարող է զրկվել ներկայացուցչական իրավունքից:

Լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ներկայացրեց իր տարեկան զեկույցը և պատասխանեց պատվիրակների հարցերին: Առավել սուր էին ուկրաինացի պատվիրակների հարցադրումները: Նրանց հետաքրքրում էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գնահատականը Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում մարդու իրավունքների, ազատությունների, ինչպես նաև կրոնական ազատությունների խախտման առումով: Այս հարցերին ի պատասխան Դունյա Միյատովիչն ասաց. «Ես շատ կուզեի այցելել Արևելյան Ուկրաինա, Ղրիմ, իմ աշխատաոճն է մարդկանց ներգրավել, խոսել, հասկանալ նրանց խնդիրները, որպեսզի նրանք պատմեն իրենց խնդիրների մասին: Ես նոր եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպել եմ մի շարք փաստաբանների, որոնք աշխատում են Ղրիմում: Նույնն անելու եմ՝ մեկնելով Ուկրաինա: Այս պահին ես Ուկրաինա մեկնել չեմ կարող, և դա չի նշանակում, որ ես ստորադասում կամ արհամարհում են այնտեղ գոյություն ունեցող խնդիրները: Իմ պաշտոնավարման երկրորդ տարում անպայման դա կանեմ»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930