Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետարանում քննարկել են «Քաղաքացու օր» միջոցառման նախապատրաստական աշխատանքները

Ապրիլ 08,2019 19:40

Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մշակույթի ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը: Նիստին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և մշակույթի ոլորտի փորձագետ Նվարդ Անդրեասյանը: Քննարկումը ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ էր:

Մարզպետը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է դրվեն աշխատանքների հիմքում: Առաջին՝ տոնի կայացմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար, այնուհետև՝ պետք է աշխատել, որ մշակութային ռեսուրսները առավելագույնս օգտագործվեն և երրորդ՝ տոնը պիտի հասանելի լինի մարզի յուրաքանչյուր քաղաքացու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց օրվա հիմնական ծրագիրն ու միջոցառումների շարքը:

Ծրագրում ներառված են ծառատունկի աշխատանքներ, մարզական միջոցառումներ, հանրային քննարկումներ, մարզի կոլորիտը, վարք ու բարքը ներկայացնող ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ ու ներկայացումներ, գրքի շնորհանդեսներ, համերգային հարուստ ծրագիր ու տոնական հրավառություն: Մի խոսքով, տավուշցիներին սպասվում է բազմաթիվ միջոցառումներով հագեցած, ուրախ ու հետաքրքիր տոնական օր:

Ծրագրի կետերի վերաբերյալ մարզպետը նաև իր նկատառումները ներկայացրեց: Նշեց, որ միջոցառման քարտեզ կձևավորվի, կլինեն ցուցանակներ, հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն սահմանամերձ համայնքներն ու փոքր գյուղերը, կարևորեց տոնական օրվա ընթացքում ներքին տրանսպորտի կազմակերպման ու իրազեկման աշխատանքները:

Տավուշի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել