Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:
Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:
Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ և ուսուցումներ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Այստեղ նաև ապահովվում է ինտերնետային կապ: Շինությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ինչպես բոլոր Ամերիկյան անկյուններում, այստեղ ևս բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:
Բացման արարողության ժամանակ դեսպան Թրեյսին իր խոսքում նշեց. «Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասով… Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»:
«Այս գերժամանակակից տեխնոլաբը, որն ԱՄՆ դեսպանության և Երևան քաղաքի միջև արդյունավետ համագործակցության հերթական փայլուն նմուշն է, հնարավորություն կտա գրադարանի ընթերցողներին օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: Այստեղ կկազմակերպվեն նաև նորագույն սարքավորումներից օգտվելու դասընթացներ՝ բոլոր տարիքային խմբերի համար: Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում, և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու եւ զարգանալու համար», – ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությանն արդյունավետ համագործակցության համար։
Երևանի Ամերիկյան անկյունը հիմնադրվել է 2005թ. ապրիլին: Երևանի ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո գործող 5 ամերիկյան անկյուններից մեկն է: Մյուս ամերիկյան անկյունները գտնվում են Գյումրի, Վանաձոր, Կապան և Չարենցավան քաղաքներում: Ամերիկյան անկյունների դռները բաց են բոլոր այցելուների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին, և այդ հարցում օգնելու համար Ամերիկյան անկյունները առաջարկում են տարբեր ծրագրեր, դասախոսություններ, ինչպես նաև գրքեր, ամսագրեր, ֆիլմեր: Ամերիկյան անկյունները տեղեկատվական հարթակ են, որտեղ այցելուները կարող են.
Կարդացեք նաև
- ստանալ խորհրդատվություն ամերիկյան կրթության վերաբերյալ, եթե հետաքրքրված են ԱՄՆ-ում ուսանելու հեռանկարներով,
- մասնակցել տարբեր թեմաներով աշխատարանների, որոնք միտված են որոշակի գործնական հմտությունների ու անգլերենի իմացության բարելավմանը,
- մասնակցել դասերի ու խմբակների, որտեղ ներկայացվում են նոր տեխնոլոգիաները, 21-րդ դարի թվային հմտությունները, օգտվել ակադեմիական գրականությունից,
- դիտել ֆիլմեր, մասնակցել քննարկումների և դասախոսությունների ձեռներեցության, առաջնորդման, ընթացիկ զարգացումների, արտաքին քաղաքականության և շատ ու շատ այլ հարցերի շուրջ:
Տեխնոլաբի հասցեն է. ք. Երևան, Կիևյան 1/58: Տեխնոլաբի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ. փոստի [email protected] հասցեով:
Երևանի ամերիկյան անկյունը գտնվում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան փող. 4/1: Ամերիկյան անկյան մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ. փոստի [email protected] հասցեով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն