Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակել տրանսգենդեր կնոջ հ/կ-ի հրավերը կամ՝ ներողություն խնդրել

Ապրիլ 08,2019 18:35

«Այսօր Ազգային ժողովի բակում հայտարարվեց, որ տրանսգենդեր կնոջը եւ «Իրավունքի կողմ» կազմակերպությանը Ազգային ժողով հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը: Սա լկտի եւ անամոթ սուտ է»,-արձագանքելով, այսօր Ազգային ժողովի բակում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե տրանսգենդեր կնոջն ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը՝ ցույց տալով նրա ստորագրությամբ փաստաթուղթը, ասաց ԱԺ Մարդու Իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը Ստրասբուրգից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի միջոցով Ալեն Սիմոնյանից պահանջեց հրապարակել տրանսգենդեր կնոջ՝ «Իրավունքի կողմ» հ/կ-ի հրավերը կամ՝ ներողություն խնդրել:

Ապա` պարզաբանեց, ինչպես է տրանսգենդեր կինը հայտնվել ազգային ժողովում.«Եռակողմ հրավերներ իմ ստորագրությամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողի եւ օմբուդսմեն Արման Թաթոյանի ստորագրությամբ, հրավերներ ուղարկվել են բացառապես միջազգային կազմակերպություններին, դեսպաններին եւ այն հասարակական կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հիմնական զեկույցներով: Մնացած հասարակական կազմակերպությունները մի քանի տասնյակ, որոնք ներկա են եղել լսումներին, նրանցից որեւէ մեկին, այդ թվում նաեւ այդ տրանսգենդեր կնոջ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությանը ո՜չ ես ո՜չ որեւէ մեկը հրավեր չենք ուղարկել»: Ըստ Նաիրա Զոհրաբյանի. «Այն ինչ թափահարում էր Ալեն Սիմոնյանը չէր եւ չէր կարող լինել որեւէ մեկին հրավեր, բայց, քանի որ նման պատասխանատու հայտարարություն է հնչել, ես պետք է խնդրեմ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանին հրապարակել Նաիրա Զոհրաբյանի կողմից «Իրավունքի կողմ» կազմակերպությանն ուղղված հրավերը: Կարծում եմ յուրաքանչյուրս պատասխանատու պետք է լինենք մեր ասած յուրաքանչյուր խոսքի եւ մեր հայտարարության համար:

Ես պետք է խնդրեմ հրապարակել պաշտոնական հրավերը, դուք չեք կարող հրապարակել, որովհետեւ նման հրավեր չկա եւ գոյություն չունի»:

Տիկին Զոհրաբյանն ասաց, որ այդ պահին, երբ ԱԺ բակում այդպիսի հայտարարություններ են արվում,ինքը Ստրասբուրգում բարձրացնում էր Ադրբեջանի կողմից գերեվարված եւ 20 տարի անարդարացիորեն դատապարտված մեր հայրենակից Կարեն Ղազարյանի հարցը:

«Այդ ընթացքում, երբ մենք կարեւոր հարցեր ենք քննարկում, Ազգային ժողովի բակում, փորձ է արվում անպարկեշտ ձեւով մանիպուլիացիաներ անել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, Ալեն Սիմոնյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը.

«Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:

Եվ այսպես.

1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:

2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն.Զոհրաբյանն է:

3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը (լուսանկար 1) :

Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին:

Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել:

Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով:

դեռ այսքանը…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930