Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուն, ասաց․ «Ինձ հետաքրքրում է մի հարց, պարոն Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչո՞վ է տարբերվում ՀՀԿ-ից։ Բազմիցս և՛ նա, և՛այլ ընդդիմադիր ուժեր, ինչպես նաև ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քննադատել եմ ՀՀԿ-ին, որ նույն ԵԿՄ-ն նրանք դարձրեցին քաղաքական առուծախի միջոց․ ներքաշեցին քաղաքական գործընթացների մեջ, որի իրավունքը չունեին և մեծ խնդիրներ ստեղծեցին ԵԿՄ-ի համար՝ պառակտելով շատ ազատամարտիկների միասնությունը։ Եվ դա հիմնականում բացատրվում էր նրանով, որ գեներալ Մանվել Գրիգորյանը, որը ղեկավարում էր ԵԿՄ-ն, նույն Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ պատգամավոր, որի որդուն էլ կարգեցին Էջմիածնի քաղաքապետ։
Հիմա նույն Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր է Կոտայքի մարզից, նրա որդին Հրազդանի քաղաքապետն է, և Սասուն Միքայելյանը հիմա ղեկավարում է ԵԿՄ-ն։ ԵԿՄ-ն մեխանիկորեն այս պարագայում ծառայելու է ՔՊ-ի շահերին, հիմա հարց՝ ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի և ՔՊ-ի միջև այս դեպքում, թավշյա հեղափոխության պատճառներից մեկը հենց սա էլ էր, որ ազատամարտիկներին անընդհատ դարձնում էին խաղաքարտ, գործիք ներքաղաքական գործընթացներում ։
Հիմա ինչո՞ւ է ՔՊ-ն նույն կոպիտ սխալը կատարում, ինչը որ ՀՀԿ-ն էր անում, ինչ տարբերություն նրանց մեջ։ Սա շատ սխալ որոշում էր, եթե Սասուն Միքայելյանն ուզում է, որ մնա ԵԿՄ-ի նախագահ, շատ լավ կլինի, որ ինքը դուրս գա «Իմ քայլը» դաշինքի ֆրակցիայից, չլինի պատգամավոր և ղեկավարի այդ կառույցը, որպեսզի կառույցը լինի ապաքաղաքական։ Եթե ԵԿՄ-ի նախագահը Հանրապետական է կամ ՔՊ-ական է, ուրեմն նշանակում է, որ այդ կազմակերպությունը ծառայում է նրանց շահերին, ծառայել է ՀՀԿ-ին և ծառայելու է հիմա ՔՊ-ի շահերին, որը շատ սխալ է։
Ես կրկին բարձրաձայն հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր գործողություններում շատ դեպքերում կրկնում է ՀՀԿ-ի սխալները, որոնք իրենք ժամանակին քննադատել են, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, իսկ այս պարագայում ուղղակի լրիվ նույնն է․ պատգամավոր ԵԿՄ վարչության նախագահ հայրիկները և նրանց քաղաքապետ որդիները։
Կարդացեք նաև
ՔՊ-ն ընդօրինակում է ՀՀԿ-ի վատ գծերը ու շատ ուրախ, զվարթ առաջ է տանում այդ գիծը՝ տարրական գրագողություն անելով՝ բոլոր առումներով։ Եթե ՀՀԿ-ն ունեցել է Մանվել, ՔՊ-ն էլ պիտի ունենա Սասուն, բոլոր առումներով գրեթե նույնն են՝ միայն անձերի տարբերությամբ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ