«Վարչապետը չի կարող միջամտել, նա քանիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքին երբեք չի խառնվելու: Այս գործը չի կարող բացառություն լինել»,-կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց անող «Սպայկա» ընկերության աշխատակիցներին այսպիսի բացատրություն տվեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր կալանավորվեց. նա մեղադրվում է հարկային պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար, աշխատակիցներն էլ առավոտից բողոքի գործողություններ են անում՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եթե այլ բան կա, որ ակնկալում եք վարչապետից, ես կարող եմ փոխանցել իրեն»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանի օգնականը: «Մեր պահանջն է՝ իրավական ընթացակարգի համաձայն Դավիթ Ղազարյանի կալանավորումը չեղյալ համարել: Ենթադրում ենք, որ դա հնարավոր է: Գուցե իրավաբանորեն ճիշտ չարտահայտվենք, բայց դա հնարավոր է պաշտոնյաների կողմից անձնական երաշխիքի միջոցով: Պահանջում ենք վարչապետի անձնական երաշխավորությունը, որպեսզի Դավիթ Ղազարյանը կալանքից ազատվի: Որեւէ մեկին չենք հավատում, միայն իրեն»,-ի պատասխան հայտարարեց «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց՝ իրենք չէին էլ ակնկալում, որ կառավարությունը միջամտի քրեական գործերին: «Իսկ չեք կարծո՞ւմ, որ ձեր նշած երաշխավորությունը հենց միջամտություն կդիտարկվի»,-չհամաձայնեց Նաիրի Սարգսյանը: «Ի՞նչ տարբերություն, թե ով է միջնորդում»,-իր հերթին չհամաձայնեց Կարեն Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նաիրի Սարգսյանն ամփոփեց՝ հիշեցնելով վարչապետի մոտեցումը, ապա նշեց, որ ցուցարարների պահանջը բառացի կփոխանցի Նիկոլ Փաշինյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ