Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ եւ հետո Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն վերացել, եւ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունը մի տեսակ աբստրակտ է հնչում:
«Սակայն կան տրամաբանական մի շարք բաղադրիչներ, որոնք պետք է առնվազն պահպանվեն, այսինքն, չպետք է շարունակել հասարակությանը թշնամության տրամադրել: Մենք հայկական կողմից տեսանք այդ պայմանավորվածությանը հավատարիմ մնալը, մինչդեռ, ադրբեջանական կողմից հայտարարությունները եղել են ու շարունակվեցին նաեւ հունվարին, այդ թվում՝ ուղղված նաեւ Հայաստանի հասարակությանը եւ նոր իշխանություններին: Նրանք անցած տարվա մայիսից հետո փորձում էին հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նոր իշխանությունները: Նրանց տպավորությունները խառն էին, այսպիսի ուղերձներ էին շրջանառվում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակողներն են՝ նախկինում հայտարարել են հողեր հանձնելու մտադրության մասին: Այսինքն, մտածում էին, թե այս իշխանություններն իրենց համար ավելի լավ են ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում:
Սակայն մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, երբ հայտարարեց բանակցային գործընթացում Արցախի ներգրավման մասին, ավելի ուշ՝ պնդեց այդ առաջարկը, հասկացան, որ այս իշխանություններն առնվազն ավելի մեղմ ու փափուկ չեն տրամադրված եւ միակողմանի զիջումների պատրաստ չեն: Ու սկսվեցին ագրեսիվ ուղերձները, հոգեբանական ճնշում գործադրելու փորձերը թե՛ նոր իշխանությունների, թե՛ Հայաստանում եւ Արցախում ազգաբնակչության վրա: Հայկական կողմը հիմա, ըստ էության, վերադիրքավորվում է՝ հարեւանին հասկացնելով, որ եթե իրենք խաղաղություն չեն ուզում, մենք իրենց կպարտադրենք այդ խաղաղությունը: Այսինքն, եթե մտածում են, թե խնդիրը կարող են լուծել ռազմական ճանապարհով, ապա թող պատրաստ լինեն, որ մենք պատասխան գործողություններով կստիպենք, որ խաղաղության հարցը լուծվի», – ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ