Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ հայ գործընկերների ելույթներում հնչած ատելության խոսքը ԵԽԽՎ-ի քննարկման առարկա դարձնել. Սամադ Սեիդով

Ապրիլ 08,2019 16:51

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը:

Լիագումար նիստի ընթացքում վեհաժողովը քննարկեց Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների ուսումնասիրության արդյունքները, առաջընթացի զեկույցը:

Վեհաժողովն իր աշխատանքների ընթացքում կքննարկի ԵԽ բյուջետային ճգնաժամի հարցը: Նշենք, որ այսպիսի իրավիճակ է առաջացել Ռուսաստանի կողմից անդամավճար չվճարելու պատճառով: 2017 թ. հունիսից Ռուսաստանը դադարեցրել է Եվրախորհրդի բյուջե վճարումներ կատարել: 2019 թվականի սկզբի տվյալներով՝ այդ պարտքը կազմում է մոտ 60 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության ներդրումային բաժինը կազմում է Եվրոպայի խորհրդի ամենամյա բյուջեի 11% -ը (մոտ 30 մլն եվրո): Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն, եթե մինչև հունիս Ռուսաստանը չկատարի իր ֆինանսական պարտավորությունները, կարող է զրկվել ներկայացուցչական իրավունքից:

Ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ում կհյուրընկալվի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, իսկ հինգշաբթի՝ ապրիլի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գարնանային նստաշրջանի ընթացքում տարեկան զեկույց կներկայացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ելույթ կունենա վեհաժողովում:

Ապրիլի 8-ի լիագումար նիստի ընթացքում, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր առաջընթացի զեկույցը, ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Նա մտահոգություն հայտնեց, թե ինչու է ԵԽԽՎ-ն ընտրողական մոտեցում ցուցաբերում և առաջընթացի զեկույցում Ադրբեջանի մասին միայն քննադատական հարցեր է ներառում՝ չտեսնելով դրականը, որ Ադրբեջանում կատարվում է: Այնուհետև սկսեց մեղադրել հայ պատվիրակներին ատելության խոսքի տարածման մեջ: Նա հայտարարեց. «Մեր տարածաշրջանում շատ բան է փոխվում, միայն չեն փոխվում մեր հայ գործընկերների ատելության խոսք պարունակող ելույթները: Առաջարկում եմ սա քննարկման առարկա դարձնել առաջիկայում մեր աշխատանքների ընթացքում այս թեմայով քննարկման ընթացքում»:

Այնուհետև անդրադարձավ առաջընթացի զեկույցին և նշեց. «Ադրբեջանում շատ դրական տեղաշարժեր կան, պետք է դրանք էլ արձանագրվեն առաջընթացի զեկույցում, ինչը չի արվում: Օրինակ՝ Իլգար Մամադովն ազատ է արձակվել, ինչի մասին որևէ նշում չկա զեկույցում: Ադրբեջանում 61-ից ավելի մարդ է ազատ արձակվել, որոնց մասին մշտապես խոսվել է այս Վեհաժողովում: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանում իրավական բարեփոխումներ անցկացնելու մասին որոշում: Այս թվարկածս բարեփոխումներից և ոչ մեկի մասին որևէ բան ամրագրված չէ առաջընթացի զեկույցում»:

Ելույթն ավարտելով՝ ադրբեջանցի պատվիրակը Վեհաժողովին կոչ արեց ընտրողական մոտեցում չցուցաբերել և տեսնել նաև այն առաջընթացը, որը կա Ադրբեջանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930