Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր խոսեց Արցախյան հիմնախնդրի լուծման եւ արվող հայտարարությունների մասին:
«Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո վերջին շաբաթվա ընթացքում փոխադարձ հայտարարություններով բավականին լարված ֆոն է: Ինչ են դրանք նշանակում: Հանդիպումից անմիջապես հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Միացյալ Նահանգներում արած. «Նոր պատերազմ՝ նոր տարածքների համար» հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հարձակվում է, դիմում ագրեսիվ գործողությունների, այլ եթե Ադրբեջանի կողմից վտանգ սպառնա, Հայաստանը կդիմի պրեվենտիվ նախահարձակ գործողությունների եւ դրա արդյունքում ավելի շատ կտուժի ադրբեջանական կողմը:
Ըստ էության, սա ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ ռազմական ճանապարհով այս հարցը լուծում չունի: Եվ եթե նա գնա ռազմական ճանապարհով, ապա դա վատ ավարտ կունենա իրենց համար: Սա ուղերձ էր նաեւ հայկական հանրությանը՝ ոգին բարձրացնելու եւ ցույց տալու, որ Ադրբեջանը չի կարող ճնշում գործադրել մեր վրա, եւ ինչու չէ, նաեւ ուղերձ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի եւ որ ռազմական հռետորաբանությանը միայն Ադրբեջանը չէ, որ կարող է դիմել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ