Այսօր խորհրդարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ ապրիլի 2-ը չի նշվում՝ որպես հիշատակի օր՝ ապրիլյան պատերազմի:
Մենք Ծառուկյանին հարցրեցինք՝ բա որ ապրիլյան պատերազմի համար այդպես խոսում եք, ինչո՞ւ մի օր Եռաբլուր չեք գալիս, ձեզ Եռաբլուրում չենք տեսնում՝ նա արձագանքեց. «Բայց ինչ որ պետք է, ես, բացի գնալը, միայն ոչ թե ձեւի համար մարդիկ պետք է գնան, որ կյանքում այդ գործում մասնակցություն չունեն, ինչը որ պետք է իրենց, իրենց ծնողների հետ կապված, Ծառուկյանը ամեն օր այդ խնդիրները կարգավորում է: Մենք պետք է հասկանանք ու գնահատենք, ոչ թե ձեւական հելնեն, կամ գնան մի հատ ծաղիկ դնեն, այլ իրական կյանքում հարկավոր է ծնողներին հարգել, գնահատել, որ իրենք մխիթարված լինեն, գոնե վիշտը թեթեւանա»:
Հարցին՝ հիմա որ վարչապետը գնացել էր, ձեւակա՞ն էր գնացել ծաղիկ դնելու՝ Ծառուկյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը դա արել է ի պաշտոնե, դա իր պարտավորությունն է եղել՝ որպես երկրի ղեկավար:
Անդրադառնալով «Սպայկայի» խնդրին՝ Ծառուկյանն ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց արտահանումը չպետք է կանգնացնեն, մեծ վնասներ կլինեն:
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությանն անելիք ունեն դուխով գործարարները, դուք ձեզ դուխով գործարար համարո՞ւմ եք, թե՞ չեք համարում՝ նա պատասխանեց. «Ոչ, ես ինձ դուխով գործարար չեմ համարում»: Իսկ թե ինչպիսի՞ գործարար է համարում՝ ասաց. «Սովորական, այսինքն, ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ՀՀԿ-ի ժամանա՞կ էիք լավ ապրում, թե՞ հիմա, կոնկրետ ձեր կյանքում ինչ-որ բան հեղափոխությունից հետո փոխվե՞լ է՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ոնց ապրել եմ՝ ապրում եմ, ինչ էլ փոխվի՝ ես կամ: Դուք տեսաք: Եղել եմ, կամ, կմնամ, որովհետեւ իմ պահվածքը, իմ աշխատանքը, մաքրությունը, նվիրվածությունը, ոչ մի բան չի փոխվում»:
Ծառուկյանը խոսեց տնտեսական փոփոխությունների, ներդրումների, խնդիրների մասին, մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ