«Հոդված 3» ակումբում «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լեւոն Բարսեղյանը նշեց, որ կնախընտրեր, որ վարչապետը չունենար իր հայտնի ելույթը, կամ ելույթի այն հատվածը, որտեղ խոսում է մամուլում ֆեյք լուրերի ու սոցցանցերում ֆեյքերի դեմ պայքարի մասին, նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարում քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմ, որոնք տարածվում են սոցցանցերով եւ լրատվամիջոցներով:
«Ինչպիսի հանձնարարական էլ լիներ, միեւնույն է` իրավապահ մարմինները կամ ԱԱԾ-ն պետք է առաջնորդվեն օրենքով եւ ուրիշ ոչնչով, բացի օրենքով նախատեսվածից»,-ասաց պարոն Բարսեղյանը:
«Կարծես թե մեկ օրինակ` Փաշինյանը շոշափեց, որ ազգային անվտանգությանը սպառնալիք պարունակող հայտարարություն կամ կոչեր են արել ֆեյքերը: Շատ հնարավոր է, որ կեղծանվամբ կամ իր անունից հանդես եկող մեկը կամ մի քանիսը այնպիսի հայտարարություններ անեն, որոնք քրեական հանցակազմ պարունակեն: Իրավապահներն անկախ վարչապետի հանձնարարականից, պարտավոր են զբաղվել դրանով: Այսինքն` դրա վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրելու կարիք չկար»,- կարծիք հայտնեց Լեւոն Բարսեղյանը:
Ինչ վերաբերվում է մանիպուլյացիա բառին, Բարսեղյանն ասաց, որ այն տարբեր մեկնաբանություններ ունի, ուղղակի հարկավոր է, որ մեր իրավապահները նայեն, թե մեր երկրում գործող օրենսդրության մեջ ինչ դեպքեր եւ դրանց համար նախատեսված ինչ պատիժներ կան:
Կարդացեք նաև
«Ինձ թվում է, որ խոսքի եւ արտահայտման ազատության որոշակի պատասխանատվություններ էական չափով սահմանված են օրենսդրության մեջ: Ատելության խոսքը, սակայն, դեռ հստակ սահմանված չէ, արտահայտման ազատության մեջ խտրականության կոչերը հստակ սահմանված չեն մեր օրենսդրության մեջ, իսկ զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացված են, եւ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ են:
Քրեական օրենսգրքում որոշ բաներ հստակ սահմանված են: Բոլորը գիտեն, որ մեր երկրում, օրինակ, ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է»,-ընդգծեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիրը:
Նույնն էլ, ըստ նրա, բռնության քարոզի, ինչ-որ մեկին սպանելու կոչերի պարագայում է, սակայն, որոշակի տեղ է թողնված գնահատելու համար. «Նման կոչերի համար պատիժը քրեական օրենսգրքով սահմանված է, սակայն, տեղ է թողնված գնահատելու համար, թե այդ սպառնալիքն իսկապես իրականացնելու հնարավորություն ունի, թե ոչ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ