Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. «Բանակում զինվորի մոտ ուռուցք է առաջացել, առանց հետազոտության հեռացրել են, ուռուցքը գլխով տարածվել է»

Ապրիլ 08,2019 15:26

«Սպայական անձնակազմը պատասխանատվությունից դուրս է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Խոշտանգումներ եւ բռնություններ բանակում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Քննարկմանը ներկա Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ Արթուր Հակոբյանի դեպքը հիշեցրեց, նշելով՝ գործը 2015 թվականից մինչեւ հիմա շարունակվում է. «Արթուրը պնդում էր, որ 1 տարուց ավելի ծառայելուց հետո հոգեկան առողջության խնդիրներ է ձեռք բերել պարբերաբար խոշտանգումների հետեւանքով: Նրան Կանազի հոսպիտալ էին տեղափոխել, հետո զորացրվել է: Վճռաբեկ դատարանը ճանաչեց Արթուր Հակոբյանի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը: Վճռաբեկի որոշումից հետո դատախազությունը գործը վերաբացեց: Սակայն կան լուրջ խնդիրներ, 9-րդ կայազորի քննչական բաժինը գործը կոծկել էր, այն անձինք, որոնք Արթուր Հակոբյանի իրավունքները խախտել էին, նույն բաժնում հիմա վերաբացվել է գործը, բայց խոշտանգման հոդվածով չի վերաբացվել, այլ ծեծի հոդվածով: Բայց Վճռաբեկի որոշման մեջ գրված էր՝ խոշտանգում»:

Փաստաբանը պնդում է՝ արդյունավետ քննություն չի կատարվում, դիմել է դատախազին, վերջինս օրենքի խախտմամբ գործն ուղարկեց Գորիսի կայազորի դատախազին. «Դատախազից պատասխան եմ ստացել, թե իմ միջնորդությունն անհիմն է եւ մերժել են՝ ՀՔԾ գործը տեղափոխել»:

Ղարագյոզյանը վստահեցրեց՝ Վճռաբեկից հետո կրկին փորձում են  գործը կոծկել:

Փաստաբանի խոսքերով՝ «Արթուրի նկատմամբ փորձաքննություն են նշանակել, եւ հիմքում դրել են, որ Արթուրի հիվանդությունը պատկանում է ժառանգական  հիվանդություններին, եւ բանակը նպաստել է Արթուրի մոտ սթրեսածին վիճակին. «Հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով են Արթուրին զորակոչել բանակ, հոգեկան առողջության խնդիր ունեցողին ինչպե՞ս  զենք վստահել, ինչը կարող էր այլոց կյանքի համար վտանգ առաջացներ: Այս հարցը վարույթ իրականացնող մարմինը, Գորիսի կայազորի դատախազությունը չեն ցանկանում քննել: Ես վստահ եմ կոծկվելու է գործը, կարճվելու է: Բայց ես դիմելու եմ  ՄԻԵԴ»:

Ժաննա Ալեքսանյանն էլ անդրադառնալով Արթուր Հակոբյանի դեպքին, ասաց, որ խոշտանգումից հետո Արթուրը Կանազի հոսպիտալում էր, եւ երբ նրան այցելել էին, Արթուրը ծանր վիճակում էր, հոգեկան ծանր խանգարումներ էր ստացել. «Սարսափելի վիճակում էր, աննկարագրելի վախի ու սարսափի վիճակում էր: Անընդհատ սպայի անունն էր կրկնում, այդ ժամանակ սպային չէին հարցաքննել: ՊՆ-ն առաջ չի տանում գործը, որպեսզի բռնություն գործադրող իր սպաները պատասխանատվություն չկրեն»:

Ըստ Ալեքսանյանի, Վճռաբեկ դատարանը աննախադեպ որոշում կայացրեց, ճանաչեց, որ խոշտանգումներ են եղել. «Բայց քանի որ քննչական կոմիտեն դեմքը չի փոխել, նույն ոճով է աշխատում՝ ոչ խոշտանգումներով է գործը շարունակում: Այսպիսի խնդիրները  բարդ է լուծել, հատկապես, երբ առողջական խնդիրներ են առաջանում»:

Հիշեցնելով Յուրի Բրոյանի գործը, Ալեքսանյանը նկատեց՝ «Դոփում է տեղում, զինվորական հոսպիտալում է: Այդ գործը, երբ ստանձնեցինք, նա չէր խոսում, մեր միջամտությունից հետո, սկսեցին դեղեր ներարկել, թեթեւացավ, հիմա կարողանում է խոսել: Ծանր առողջական խնդիրների դեպքերը ՊՆ-ն  չի վերահսկում, նրանք չեն ստանում պատշաճ բուժում, որպեսզի զինվորները կարողանան վերականգնել իրենց կորցրած առողջությունը: Բրոյանը հոսպիտալում է, նա տեւական բուժման կարիք ունի»:

Ալեքսանյանը այլ դեպքեր էլ ներկայացրեց՝ Արմեն Օզանյանին զարկերակային բարձր ճնշումով՝ 170, բանակ են զորակոչել, Ասկերանի զորամասում է, նրա ծնողները նամակով դիմել են ՊՆ-ին եւ խնդրել նրան տեղափոխել ավելի ցածրադիր զորամաս.« Այդ դիմումը գրելուց հետո ՊՆ-ն նրան տեղափոխեց դիրքեր: ՊՆ-ի մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնից ասել են՝ դիրքերը նույն տարածությունն է, ավելի բարձր չէ, քան զորամասը: Ասում ենք՝ բայց զորամասն էլ լավը չէր, ինքնազգացողությունը վատ է զինվորի: Ի՞նչ դժվարություն կա հետազոտելու եւ նրան տեղափոխելու: ՊՆ-ի քաղաքականությունն է՝ ձեր ինադու սենց ենք անելու: Մյուս զինվորը՝ գլխին մաշկային հիվանդություն ուներ, բանակում ուռուցք է առաջացել, առանց հետազոտության հեռացրել են եւ ուռուցքը գլխով տարածվել է: Մայրը ահազանգում է՝ թե ինչ վիճակում է տղան: Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է առաջին հերթին իր գործունեությունը նվիրի բանակին, զինվորների առողջությանը և բռնության դեպքերին. պետությունը պետք է կամք դրսեւորի, ինչը մենք չենք տեսնում: Ինչքան կարող են սպանվել եւ ինքնասպանվել»:

Ալեքսանյանի խոսքերով՝ այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում՝ ՊՆ-ն ամբողջությամբ խուսափում է պատասխանատվությունից, բռնի մթնոլորտում, անպատժելիության հիմքում իրավապահ մարմինների՝ դեպքերի չբացահայտումն է. «Բացարձակ անտարբեր են հեղափոխությունից հետո, բանակի վրա հեղափոխությունը չի ազդել»:

ՄԻՊ գրասենյակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանն էլ նշեց՝  բանակում բռնության դեպքերի մասին բողոքներ են ստանում, ահազանգերը քիչ են լինում մահվան դեպքերով: Ըստ ՄԻՊ ներկայացուցչի,  2018-ին ինքնավնասման եւ մահվան դեպքերը նվազել են, սակայն մտահոգիչ է իրավիճակը զինծառայողի կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Պետությունը, ինչպես ասաց Մավրիկյանը, պետք է հստակ քայլեր ձեռնարկի կյանքի իրավունքի ապահովման ուղղությամբ, հատկապես, երբ քաղաքացին իր հոգածության տակ է: Նման դեպքերի արդյունավետ քննության պարտականությունը, ըստ Մավրիկյանի, միջազգային փաստաթղթերի 4 պահանջ կա; Նախ՝ գործը պետք է անկախ մարմինները քննեն, որեւէ անձ, որը հնարավոր առնչություն կարող է ունենալ մահվան հանգամանքների հետ, չպիտի ներգրավված լինի քննությունում:

2-րդ պահանջը՝ ապացույցները հավաքելու համար պետությունը պետք է պատշաճ ընթացակարգ ապահովի:

3-րդ պահանջը՝ անհապաղ եւ ողջամիտ ժամկետում գործը քննվի:

4-րդ պահանջը՝ հանրային վերահսկողություն՝ մահվան դեպքերի քննության նկատմամբ եւ տուժողի իրավահաջորդը պետք է ակտիվորեն ներգրավված լինի գործում:

«Գործի քննությունը պետք է մանրակրկիտ լինի ու ամեն դետալ քննության առարկա դառնա, չպետք է հապճեպ որոշում կայացվի:  Այս առումով պետք է նշենք, որ մահվան դեպքերը կանխելու նպատակով պետք է բանակում ամրապնդել կարգապահությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930