Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի պատգամավորները ԱԺ-ում թեժ վիճեցին՝ տրանսգենդերի թեմայով

Ապրիլ 08,2019 15:07

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին տրանսգենդերի ելույթի հետ կապված, ինչպես տեղեկացրել ենք, այսօր նիստերի դահլիճում բանավեճը շարունակվեց:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի անունն էր տվել, թե նա է ելույթները ծրագրել: Կարապետյանն էլ ելույթով հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանը ստում է:

Դրան հաջորդեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը. «Այստեղ հայտնիներ կան, ովքեր հայտնի լինելու ուրիշ տարբերակ չունեն, քան ԲՀԿ-ի պատգամավորների անունները հնչեցնելը: Տիկին Զոհրաբյանը իրեն պահել էր շատ կոռեկտ եւ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի տառին համապատասխան եւ որպես Մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ելույթ չի ընդհատել։ Հիմա ձեր համար դուրեկան կլինի՞, որ ես հելնեմ ասեմ՝ ինչո՞ւ է աղմկում գետը կամ ի՞նչ են հուշում աստղերը։ Օրակարգը լրիվ ուրիշ բանի մասին է, եկել եք էստեղ լրիվ ուրիշ թեմայից եք զարգացնում»:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն, իր առաջնորդի գլխավորությամբ ավանդական արժեքները պահպանող ուժ են եղել եւ մնում. «Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսգենդերներին ԱԺ ամբիոնը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչև էդ ասում։ Հասել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով՝ դառել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»:

Դիմելով Մարիա Կարապետյանին՝ ասաց՝ «Եթե դուք չէիք կազմակերպել, էդ ի՞նչ էր նշանակում ելույթից հետո այդ ծափողջույնները, դո՞ւք էիք կազմակերպել, թե՞ մենք: Ուրեմն պետք է ժողովրդի հետ ազնիվ լինեիք ու ասեիք՝ ինչ էիք ասում մինչեւ այստեղ հայտնվելը եւ ինչով եք հիմա զբաղված»:

Ի պատասխան՝ Մարիա Կարապետյանն էլ հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իր թիմում ունի Ծառուկլյանի նախկին թիկնապահ Էդուարդ Բաբայանին, որին դատարանը մեղավոր է ճանաչել՝ Վյաչեսլավ Հարությունովին մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար, հետեւաբար, իր ռեյտինգը չէր կարող բարձրանալ այդ մարդկանց անունները տալու հաշվին:

Նա ասաց, որ գեթ մեկ անցագիր լսումներին ինքը չի տվել՝ ԱԺ այդ ՀԿ-ների մուտքը ապահովելու համար:

Արման Աբովյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ ինչո՞ւմ է խնդիրը, որ այսպես բոցաշունչ ելույթներ են ունենում. «Հիշատակում եք Էդուարդ Բաբայանին՝ մոռանալով, որ նա վիճարկել է որոշումը եւ առայժմ ոչ մի բան պարզ չէ: Ցեխ շպրտելով մարդկանց՝ ոչ մի բան չի ստացվի»: Նա հորդորեց մարդկանց ուշադիր զննել տեսանյութը, թե տրանսգենդերի ելույթից հետո ովքեր են ծափահարում դահլիճում. «Տիկին Զոհրաբյանը էդ ի՞նչ ա արել, որ տենց բորբոքված… անուն տվե՞լ ա»:

Մարիա Կարապետյանն էլ փաստաթուղթ ցույց տվեց, որտեղ Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը կար: Դա հրավիրյալների ցուցակն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930