Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը` վարչապետի` ԱԱԾ-ին տրված հանձնարարականի, իրական եւ ակամա «մանիպուլյացիաների» մասին

Ապրիլ 08,2019 14:56

«Հոդված 3» ակումբում «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ԱԱԾ-ն առանց այդ էլ բավական շատ գործառույթներ ունի և պետք է զբաղվի իր գործով, իսկ մանիպուլյացիաների դեմ ու դրանց հակազդեցությամբ զբաղվելու համար պետական համակարգում բազմաթիվ այլ կառույցներ կան:

Միաժամանակ, պարոն Մելիքյանը չբացառեց, որ փաստերը, դրանց հիման վրա եզրահանգումները, փաստարկները կարելի է այնպես դասավորել, որ դա լինի ի վնաս ընդդիմախոսի կամ ասենք հակառակ ճամբարում գտնվող քաղաքական գործչի:

«Վարչապետի հանձնարարականի պարզաբանումը, որ վերաբերում էր օրենքով նախատեսված դեպքերին, այսինքն` ազգային, ռասայական, կրոնական եւ այլ խտրականություններին կամ պարունակում է վիրավորանք, զրպարտություն, պատերազմի, բռնությունների հրահրում, այդ ամենն օրենքով կարգավորվում է: Իսկ այն մասը, որ ԱԱԾ լիազորությունների մեջ է, կարծում եմ առանց այդ ցուցումի էլ ԱԱԾ-ն իր բարձրության վրա կարող է գտնվել, մանավանդ իր նկատմամբ հանրային վստահությունը մեծ է:

Բայց քանի որ հանձնարարականը լայն բնույթ էր կրում, դա մեր մտահոգությունն առաջացրեց եւ չէր կարող չառաջացնել»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Նրա ձեւակերպմամբ, «Եթե մանիպուլյացիաների դեմ պայքարելու հանձնարարություն է լինում, դա շատ սուբյեկտիվ, լայն դաշտ ունեցող բան է, կարող է նույնիսկ հասարակ սխալմունքը ընկալվել որպես մանիպուլյացիա»:

Աշոտ Մելիքյանը մի օրինակ բերեց. «Վերջերս մեր տարածած նյութերում տեխնիկական պատճառներով վրիպակ կար, մինչդեռ նայողը կարող էր ասել, որ դա մանիպուլյացիա է եւ մենք ինչ-որ նպատակներ ունեինք: Իրականում տեղեկացնելուց բացի ուրիշ նպատակ չունեինք…Ուզում եմ ասել, որ այդ անմեղ վրիպակից սկսած մինչեւ իսկապես մտածված քաղաքական շահեր հետապնդող, մարդուն անվանարկելու գործողությունները կարող են լինել: Եվ այդ ամենը տալ ԱԱԾ-ի հայեցողությանը, չի կարելի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930