Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. կրթության համակարգի խոստացվող բարեփոխումների վրա ծախսվելիք  դրամաշնորհային, թե վարկային միջոցների արդյունավետությունը դեռևս երաշխավորված չէ

Ապրիլ 08,2019 14:32

Հայաստանի երրորդ Հանրապետության  կառավարման համակարգում կա մի մեծ թերություն, երբ նոր կառավարություն է գալիս,  ցանկացած ոլորտում  հայտարարում է ոլորտի բարեփոխման մասին, այսինքն` բարեփոխումների  հաշվարկը  սկսում է  հենց  իրենից՝  մերժելով նախկինում կատարված ցանկացած դրական կամ բացասական քայլ։ Այս տենդենցը շարունակում  է հեղափոխությունից հետ ձևավորված կառավարությունը և մասնավորապես, կրթության ոլորտի լիազոր պետական մարմնին՝ ԿԳՆ-ն, որը մերժելով  նախկինում արված ցանկացած քայլ, բարեփոխման անվան տակ, օրինակ, կասեցրեց  մեր երկրի համար այնպիսի կարևոր ծրագիր, ինչպիսին էր «Արարատյան բակալավրիատի» ծրագիրը, որի հիմքում դրված էին հետևյալ սկզբունքները․

«1. Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսն ուղղել դպրոց:
Դարձնել ուսուցչի աշխատանքը պատվաբեր և ապահովել պատշաճ ու մրցունակ վարձատրություն:
2. Ձևավորել բարձրակարգ մանկավարժների համայնք:
Ստեղծել դասավանդման համաշխարհային լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ու մրցունակ ուսուցիչների համայնք:
3. Ներդնել դպրոցներում նոր այլընտրանքային կրթական ծրագիր:
Տարածել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրը երկրով մեկ:
4. Աջակցել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացմանը:
Ներդնել Արարատյան բակալավրիատը Հայաստանի և Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ լավագույն կրթության անվճար հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայ աշակերտի:
»

Այս սկզբունքների մասին այսօր խոսում են նաև կրթության ոլորտի  ներկայիս պաշտոնյաները, սակայն առանց այս նպատակին ուղղված  ռազմավարական ծրագրի, հայեցակարգի, որի մասին անվերջ բարձրաձայնում  են կրթության փորձագետները։ Հիշեցնեմ, որ մեր  կառավարության հնգամյա ծրագրի «Կրթություն» գլխում գրված ոչ բոլոր կետերն ունեին ժամկետ  ու չափելիություն, իսկ ամենատարօրինակն այն է, որ կրթության լիազորված մարմինը մինչ օրս ոչ մի քայլ չի անում  հաջորդ տարիների համար «Կրթության զարգացման ծրագիր» օրենք ունենալու ուղղությամբ, որը «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է, իսկ մենք անվերջ լսում ենք «Օրենքի երկիր» ունենալու տեսլականի մասին։

Անցնեմ առաջ, 2018թ․ հունիսի 14-ին ԿԳ նախարարը հանդիպեց «Արարատյան բակալավրիատ»-ի ծրագրով վերապատրաստված ուսուցիչների հետ, ասեց, որ  վերապատրաստված թիմի ներուժն, իհարկե, չի անտեսվի և կգնահատվի հավուր պատշաճի, բայց քանի որ այդ ծրագրի “տերը”  պետությունը չէ, ուրեմն այն հանրակրթական դպրոցներում ներդնելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ, չնայած այդ ծրագիրն իրականացվել էր պետության պատվերով ու հսկայական գումար էր ներդրվել։ Եվ  այս ծրագիրը կրթության մեջ պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ էր այն դեպքում, երբ ավագ դպրոցների պետական ծրագիրը  շա՜տ ավելի թանկ նստեց պետության վրա ու  կուսակցականացված  պետական համակարգն այն տապալեց:

Բնականաբար հարց է բարձրանում, «Արարատյան բակալավրիատի» ծրագրի կասեցումը ոլորտի բարեփոխման ո՞ր շահերից էր  բխում։   Եթե ծրագիրը չկասեցվեր, այսօր Հայաստանի մարզերի 14 ավագ դպրոցներում կրթությունը կկազմակերպվեր նոր որակով, աստիճանաբար այն կտարածվեր բոլոր ավագ դպրոցներում։ Ավելի լավ չէ՞ր  14 ավագ դպրոցներում ունենալ նախորդից ավելի արդյունավետ կրթություն, քան՝ ոչ մեկում, չէ՞ որ գումարն արդեն ծախսվել էր։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նույն տեմպով ու առանց ուսումնասիրելու, թե  նախկինում կրթության բարեփոխման ո՞ր  ծրագրի իրականացման արդյունքներն  ինչպե՞ս են գնահատվել, ի՞նչ եզրակացություն է դրանց  տրվել դրսից բերված շատ թանկարժեք  կրթության փորձագետների կողմից, կրկին հսկայական գումարներ են ծախսվելու նույն նպատակների համար։

Մասնավորապես, 2011թ․հոկտեմբերին ԿԳՆ-ի պատվերով, դա նշանակում է լուրջ գումարով,  UNDP-ն իրականացրել է ՀՀ կրթության ոլորտի կարողությունների զարգացման կարիքների գնահատում, որի 64  էջանոց զեկույցի մեջ մանրամասնորեն գրված են ոլորտի քաղաքականության ռազմավարական պլանավորման կարողությունների զարգացման կարիքներն ու առաջարկությունները, կրթության ոլորտի բոլոր մակարդակներում կառավարման կարիքներն ու առաջարկները, ֆինանսական ռեսուրսների պլանավորման արդյունավետության բարձրացման ճանապարհներն ու վերջում՝ կարողությունների զարգացման գործողությունների ծրագրի առաջարկներ։ Ի դեպ, այս հաշվետվության մեջ  առկա է նաև ԿԱԻ-ին վերաբերող առաջարկություններ։

Ինչո՞ւ եմ հիշեցնում այս զեկույցի մասին, որովհետև տեղյակ եմ, որ Ասիական բանկի հետ վերոնշյալ, մոտավորապես նույն նպատակների համար  ծրագիր է արվում, կրկին գումար է ծախսվում, իսկ ԵՄ-ի դրամաշնորհով  իրականացվելու է մի  ծրագիր, ըստ որի «բնագիտական առարկաների դասավանդման փորձնական ծրագրի» շրջանակներում վերամշակել ուսումնական համապատասխան պլաններ, առարկայական ծրագրեր, դասի պլաններ, գնահատման ձևեր և դասագրքեր STEM (բնագիտական) առարկաների մասով։»

Այնինչ, 2016թ․ ԿԳՆ ԾԻԳ-ի պատվերով ev consulting և «Այբ» կրթական հիմնադրամը <Կրթության բարելավում> ծրագրի շրջանակներում իրականացրել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, որը շատ արժեքավոր է, բայց, կարծես, դա մի կողմ է դրվել, այնինչ  այնտեղ  կա առկա իրավիճակի շատ հիմնավորված վերլուծություն, որտեղ յուրաքանչյուր առարկայի չափորոշիչների վերաբերյալ տրված են առաջարկներ, առանց որի հնարավոր չի լինի բարեփոխել այն, ինչը նախատեսվել է  2018 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագրով, այսինքն, կարծում եմ  այն շատ լավ ուղեցույց կարող է ծառայել  ու նույն նպատակի համար այլևս գումար նախատեսելու կարիք չկա։ Այս ծրագրով նախատեսվում է  մինչև 2021 թվականը «բնագիտական առարկաների դասավանդման փորձնական ծրագրի» շրջանակներում վերամշակել ուսումնական համապատասխան պլաններ, առարկայական ծրագրեր, դասի պլաններ, գնահատման ձևեր և դասագրքեր STEM (բնագիտական) առարկաների մասով, իսկ համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախատեսված են հանրակրթական մյուս առարկայական ծրագրերի վերանայման աշխատանքներ, որոնք 2019-ին պետք է ավարտվեն։ Որպես այս բարեփոխումների ծրագրի հետևանք, e-draft-ում մարտի 27-ից ապրիլի 11-ը  հանրային քննարկման դրված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների առկա նախագծով առաջարկվում է մինչև 2022թ․ կասեցնել   ուսուցիչների վերապատրաստումների գործընթացը հետևյալ հիմնավորմամբ․ « նպատակահարմար չէ մինչև 2022 թվականը իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ և ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խնդիրներից կառաջացնի նաև տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր:» Ոսուցիչների վերապատրաստումները կասեցվում են այն դեպքում, երբ Կառավարության ծրագրով հանրապետության բոլոր դպրոցներում մինչև 2023 թվականը ներդրվելու է համընդհանուր ներառական կրթությունը, ո՞ր կառույցներն են դպրոցներին նախապատրաստելու և ուսուցիչներին վերապատրաստելու այս պատասխանատու անցմանն այն դեպքում, երբ  անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում նաև Կրթության ազգային ինստիտուտի ապագայի ուղղությամբ, որը, փաստորեն, ըստ աշխատակիցներին տրված ծանուցագրերի, ոչ թե լուծարվում է, այլ՝ աշխատողների քանակն ու հաստիքներն են  կրճատվելու։ Ըստ «Ար» հեռուստաընկերությանը ԿԳ փոխնախարարի տված հարցազրույցի, այն պայմանավորված է հանրակրթության առկա վատ որակով, որի մեջ գուցե իրավամբ մեղադրվում է ԿԱԻ-ն, իսկ ԿԳՆ-ի ԾԻԳ-ը մեղքի  բաժին չունի՞, չէ՞ որ Կրթության բարեփոխումների նպատակով Համաշխարհային բանկի վարկային 3 ծրագրերն էլ նրանք են իրականացրել։ Վերջապես,  ի՞նչ հեռանկար է սպասվում ԿԱԻ-ին, երբ փոխնախարարը հայտարարում է, որ այն լինելու է  լայն գործառույթներով նոր «ուղեղային կենտրոն», այս բառերի տակ ի՞նչ են հասկանում կամ մի՞թե նախապես չէր կարելի ձևակերպել այդ «ուղեղային կենտրոն» «լայն գործառույթները», հետո այն լուծարելու կամ օպտիմալացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Բնականաբար հարց է առաջանում, ի՞նչ երաշխիքներ կան, որ  2018 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագրով այդ նպատակի համար նախատեսված գումարի ծախսն ավելի արդյունավետ է լինելու, եթե հայտնի չէ, թե ԿԳՆ-ի ԾԻԳ-ում ինչպիսի կադրային և  գործառույթային փոփոխություններ են նախատեսվում: Վստահեցնում եմ, որ այս պարագայում միայն կոռուպցիան չէ մեր թշնամին, խնդիրն այլ տեղ է։

Արժե հիշել նաև այն մասին, որ որոշ ծրագրեր սկսվեցին ներդրվել վարկային միջոցներով այն պայմանով, որ հետագայում պետությունը շարունակելու էր դրանք, սակայն վարկային միջոցներն ավարտվելուց հետո, դրանք այդպես էլ չդարձան պետական քաղաքականություն, օրինակ` դպրոցների կառավարման խորհուրդների շարունակական վերապատրաստումը, որը, իմ կարծիքով, այդ խորհուրդների չկայացման պատճառներից մեկն է։

Նախկինում էլ վարկային միջոցների հաշվին կրթության բարեփոխման ծրագրերի համար դրսի փորձագետներին հսկայական գումարներ են տրվել, նրանց կողմից առաջարկություններ են արվել  ու դրանց մեծ մասը  մնացել են նրանց  հաշվետվությունների մեջ, հետևաբար մտահոգությունս այն է, որ կրթության համակարգի խոստացվող բարեփոխումների վրա ծախսվելիք  դրամաշնորհային, թե վարկային միջոցների արդյունավետությունը դեռևս երաշխավորված չէ, պետք է  հայտարարություններից անցնել գործնական քայլերի, որոնք պետք է լինեն հրապարակային։

 Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

08․04․2019թ․

Հ.Գ. ընդ որում, երբ ուսումնասիրում ես այս ոլորտի բարեփոխումների պատմությունը, սկսած  ՀՀ կառավարության առաջին՝ 01․06․1999թ․ N377  «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիր» որոշման վավերացման օրվանից մինչ օրս, ապա տեսնում ես, որ այդ բարեփոխումներին ուղղված որոշումները, քայլերն  այդպես էլ  չեն դառնում մեկը մյուսի շարունակությունը, ավելին, նույն նպատակի համար տարբեր տարիներին տարբեր վարկային միջոցներով նույն նպատակի համար գումարներ են ծախսվում, այն էլ՝ շատ մեծ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930