Վերջին շրջանում տեղի են ունենում ակտիվ բանավեճեր արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումների վերաբերյալ: Որպես պատվաստանյութ առաջարկվում է գարդասիլ պրեպարատը, որը մշակվել է Merck ընկերության կողմից: Ընդ որում կարելի է հանդիպել երկու իրարամերժ տեսակետների: Մի տեսակետի կողմնակիցները խոսում են պատվաստման անիմաստության մասին, մինչդեռ համաձայն մյուս տեսակետի՝ գարդասիլը պանացեայի նման մի բան է, որը փրկում է այդ եւ մի շարք այլ քաղցկեղներից: Ես կցանկանայի ներկայացնել տարբեր գիտական տվյալներ, որոնք թույլ կտան գնահատել այս հարցի տարբեր կողմերը:
Սկսենք նրանից, որ իրոք, հաստատված է պապիլոմա վիրուսի կապը մի շարք քաղցկեղների հետ եւ այս վիրուսը հանդիսանում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման այդ քաղցկեղների զարգացման համար: Նշեմ նաեւ, որ այս իմաստով պապիլոմայի վիրուսը չի հանդիսանում եզակի, քանի որ շատ ուռուցքների վիրուսային բնույթը կասկած չի հարուցում:
Ներկայումս հայտնի են այս վիրուսի մոտ 200 տարատեսակներ, որոնցից մոտ 40-ը վարակում են մարմնի տարբեր հատվածներ: Որոշ տվյալներով սրանցից 15-ը բարձր ռիսկ են հանդիսանում քաղցկեղի զարգացման համար: Երկարատեւ վարակը այս տիպերից որեւէ մեկով հաճախ բերում է նախաքաղցկեղի զարգացմանը, որը կարող է բացահայտվել 5-10 տարի հետո: Բուն քաղցկեղը կարող է զարգանալ փոքրաթիվ կանանց մոտ, այն էլ շատ ավելի ուշ՝ նույնիսկ տասնամյակներ հետո: Քաղցկեղի զարգացման ռիսկային տարիքը կազմում է 35-55: Այս տիպի քաղցկեղների ռիսկը առավել բարձր է զարգացող երկրներում, որտեղ բացակայում են համապատասխան սկրինինգային ծրագրերը եւ ադեկվատ բուժումը:
Համարվում է, որ աշխարհի կանանց մեծ մասը վարակված է այս վիրուսի մի քանի տեսակներով, սակայն հիմնականում իմունային համակարգը ինքնուրույն չեզոքացնում է այս վարակը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ նույնիսկ վարակի չեզոքացումից հետո կրկնակի վարակումը չի կարելի բացառել: Գոյություն ունեն մի շարք այլ արտաքին գործոններ, որոնք ավելացնում են քաղցկեղի առաջացման ռիսկերը: Դրանց թվին են պատկանում մասնավորապես ծխելը եւ հաբերի ձեւով հակաբեղմնավորիչների երկարատեւ օգտագործումը:
Որպես վարակի կանխարգելման եւ քաղցկեղի զարգացման նվազեցման միջոց մշակվել են պատվաստանյութեր, որոնք լայնորեն կիրառվում են մի շարք երկրներում: Երեւ թե սա միակ պատվաստանյութն է, որի շուրջ ծավալվում են բազմաթիվ բանավեճեր: Ստորեւ ներկայացնենք այն փաստերը, որոնք խոսում են ինչպես պատվաստման արդյունավետության մասին, այնպես ել հերքում են այդ տեսակետը:
Կարդացեք նաև
Այս տվյալներին կարելի է ավելացնել հետեւյալ նկատառումները: Տվյալները ցույց են տալիս, որ չնայած այն բանի, որ գարդասիլը նվազեցնում է քաղցկեղի դեպքերը, սակայն պատվաստումը քիչ արդյունավետ է սկրինինգի համեմատ: Այսինքն, եթե գոյություն ունի լավ սկրինինգային ծրագիր, պատվաստումը չի բերի քաղցկեղի դեպքերի լրացուցիչ նվազմանը:
Որպես լրացուցիչ տվյալ ներկայացնենք Merck ընկերության կողմից կատարված առաջարկները:
Պացիենտները պետք է տեղեկացված լինեն, որ պատվաստումը չի ենթադրում, որ պատվաստված կանայք չպետք է այցելեն սկրինինգային հետազոտության: Այսինքն այդ կանայք նույն կերպ պետք է մասնակցեն սկրինինգային ծրագրերին:
Գարդասիլը չի ապահովում պաշտպանություն վիրուսների նկատմամբ, եթե անձը արդեն վիրուսի կրիչ է: Պարզ ասած, դա նշանակում է երկու բան. 1-պատվաստումը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, բայց չի բացառում այն. 2-պատվաստումը կարող է լինել արդյունավետ, եթե այն կատարվում է կնոջ մինչեւ սեռական կյանքի սկիզբը՝ այսինքն բավականին վաղ տարիքում, իսկ այդ դեպքում գրեթե անհավանական է, որ պատվաստանյութը կպահպանի իր ակտիվությունը մինչեւ 35-55 տարեկանը, երբ քաղցկեղի ռիսկը մաքսիմալ է:
Բացի դրանից, քանի որ գոյություն ունի 200 տիպի պապիլոմայի վիրուսներ եւ տարբեր հետազոտությունների հետեւանքով պարզվում է, որ քաղցկեղածին վիրուսների տիպերը հետզհետե ավելանում են, ապա խնդիր է առաջանում ստանալ պոլիվալենտ պատվաստանյութեր (պատվաստանյութ մի քանի տիպի վիրուսների համար): Որպես դրա օրինակ կարելի դիտարկել ցերվիվաքսը- (բիվալենտ) առաջին այդպիսի պատվաստանյութը, որը նախատեսված էր 16 եւ 18 տիպի վիրուսների համար, այնինչ նոր գարդասիլը արդեն ինը վալենտային է: Դատելով սրանից այս տենդենցը շարունակվելու է եւ ապագայում: Շատ կարեւոր է նաեւ պրոբլեմի այլ կողմը: Ինչպես հայտնի է պատվաստման ծրագրերը բավականին թանկ են եւ դրանք կարող են իրենց թույլ տալ բավականին հարուստ երկրները, որոնց թվին Հայաստանը չի դասվում եւ հայտնի չէ, թե ինչ միջոցներով է այստեղ իրականացվելու անվճար պատվաստումները: Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ Հայաստանը գտնվում է կլինիկական փորձարկումների գոտում եւ պատվաստանյութը տրամադրվում է կամ անվճար, կամ շատ ցածր գներով:
Մի փոքր էլ խոսենք պատվաստւմների հետ կապված այլ խնդիրների մասին, որոնք ընդհանրապես չեն հիշատակվում: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում ինֆեկցիոն հիվանդությունների աճ, դրան գումարած հակաբիոտիկների արդյունավետությունը զգալիորեն պակասում է: Այդ իմաստով պատվաստումները դիտարկվում են որպես պրոֆիլակտիկ միջոց ինֆեկցիոն հիվանդությունները կանխարգելու համար: Դատելով նրանից, թե ինչպես է սրընթաց է աճում այն հիվանդությունների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում են պատվաստումներ, պարզ է դառնում, որ կոմերցիոն բաղադրիչը այստեղ ունի ոչ վերջին դերը: Ցանկացած պատվաստման իմաստը իմունային համակարգի ակտիվացումն է, որի ընթացքում որեւէ պաթոգենի նկատմամբ առաջանում են հիշողության բջիջներ, եւ երբ օրգանիզմը հանդիպում է պաթոգենին, այս բջիջները ակտիվ բազմանում են՝ սինթեզելով հակամարմիններ, որոնք վերջին հաշվով ոչնչացնում են պաթոգենը: Եվ իրոք պատվաստումը շատ դեպքերում պաշտպանում է օրգանիզմը հետագա հնարավոր վարակից տվյալ տիպի պաթոգենից: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ: Մանրեները եւ վիրուսները հանդիսանալով պարզագույն օրգանիզմներ (մեր պատկերացումներով), հաճախ ենթարկվում են մուտացիաների (փոփոխությունների) եւ հակամարմինները արդեն ի վիճակի չեն լինում ճանաչել եւ ոչնչացնել տվյալ պաթոգենը եւ այս դեպքում պատվաստումը դառնում է անիմաստ: Այդպես էր իրականում վիճակը ՁԻԱՀ-ի դեպքում, երբ ծախսվեցին ահռելի գումարներ պատվաստանյութ ստանալու համար վերջնական զրոյական արդյունքով: Հիմա դրա մասին ընդհանրապես չի խոսվում: Սակայն կա պատվաստման այլ, ավելի վտանգավոր ասպեկտ: Բնության մեջ կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին է մոլեկուլային միմիկրիա (նմանություն), եւ բակտերիաների եւ վիրուսների որոշ կոմպոնենտներ նմանություն ունեն մարդու սպիտակուցների հետ, եւ պատվաստման հետեւանքով կարող են առաջանալ հակամարմիններ նաեւ մարդու սպիտակուցների նկատմամբ` առաջացնելով աուտոիմունային հիվանդություններ: Այսպես օրինակ, հայտնի է, որ Streptoccocus տիպի բակտերիաների որոշ սպիտակուցներ շատ նման են սրտամկանի սպիտակուց միոզինին եւ իմունային համակարգը այդ վարակի դեպքում կարող է արտադրել հակամարմիններ սրտամկանի սպիտակուցների նկատմամբ: Այդպիսի աուտոիմունային հիվանդությունների դասին են պատկանում նաեւ ռեւմատոիդ արտրիտը, վահանաձեւ գեղձի աուտոիմունային հիվանդությունները, առաջին տիպի դիաբետը, ցրված սկլերոզը (рассеянный склероз) եւ այլն: Այդ պատճառով գովազդելով լայնածավալ պատվաստումները, պետք է խոսել նաեւ այդ պրոբլեմներից: Իհարկե գոյություն ունեն հիվանդություններ, որոնց դեպքում պատվաստումները բավականին արդյունավետ են, սակայն պետք չէ ընկնել այլ ծայրահեղությունների մեջ եւ փորձել պատվաստումներ անել ամեն ինչի դեմ, ավելացնելով ոչ ավելի պակաս վտանգավոր հիվանդությունների ռիսկերը:
ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի
ինստիտուտի
Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ
Հ. Գ. Եթե կան հիմնավոր հակափաստարկներ,հրավիրում ենք բանավեճի:
«Առավոտ» օրաթերթ,
06.04.2019
1. Քանի որ /2-պատվաստումը կարող է լինել արդյունավետ, եթե այն կատարվում է կնոջ մինչեւ սեռական կյանքի սկիզբը՝ այսինքն բավականին վաղ տարիքում/ իսկ գիտական գրականության մեջ գարդասիլից առաջացած իմունիտետի ժամկետ ամենաշատը նշվում է 8-10 տարի (ցմահ իմունիտետի մասին խոսքերն հեքիաթ են) հետևաբար 13 տարեկանում պատվաստվածը 21-23 տարեկանում` սեռական կյանքի ամենաակտիվ շրջանում, կլինի անպաշտպան ՄՊՎ նկատմամբ, էլ որն? է պատվաստման իմաստը: 2. ՄՊՎ շճատիպերի տարածվածությունը տարբեր երկրներում տարբեր է (օրինակ, հյուսիսային Իտալիայում քաղցկեղածիններից առավել տարածված է 43 շճատիպը): Գարդասիլ4-ը քաղցկեղածիններից երկուսի` 16-ի և 18-ի դեմ է, որոնք առավել տարածված են ԱՄՆ-ում: Բայց Հայաստանում որևէ բան հայտնի չի, թե որ շճատիպերն են առավել տարածված: 3. Զարգացած երկրներում ԱՎՔ դեպքերի հիմնական նվազումը եղել է մինչ պատվաստում սկսելը` սկրինինգի շնորհիվ: Հայաստանում հաջողությամբ տապալել են այդ ծրագիրը, և հիմա գարդասիլը ներկայացնում են որպես ամենափրկիչ, մինչդեռ ինչպես նշված է հոդվածում, պատվաստվելը չի վերացնում սկրինինգի անհրաժեշտությունը: Հետևաբար հաջորդ տարվանից տարեկան մոտ 100 մլն գարդասիլին տալու փոխարեն անհրաժեշտ է այդ գումարը ծախսել սկրինինգային նորմալ ծրագիր իրականացնելու համար:
Առողջապահության նախարարության աշխատակիցներ, անպայման կարդացեք հոդվածը և Աշոտի մեկնաբանությունը: