Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս անել տնտեսական հեղափոխությունը

Ապրիլ 08,2019 14:00

ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի համոզմամբ՝ Հայաստանի արդյունաբերական զարգացումն այլընտրանք չունի

– Հնարավո՞ր է Հայաստանում տնտեսության արագ զարգացում ապահովել. խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ծրագրին, ժամանակն անցնում է, սակայն էական, առարկայական տեղաշարժ չի նկատվում:

– Որ Հայաստանում տնտեսությունը՝ առանձնապես արդյունաբերությունը, պետք է զարգանա, որևէ կասկած չկա ու այլընտրանք էլ չունի: Եվ որ վարչապետը ամեն ինչով փորձում է արագացնել այդ գործընթացը, դա նույնպես փաստ է: Սակայն այն կադրերը, ովքեր պետք է իրականացնեն վարչապետի ընդհանուր դրույթները, կարծում եմ, պատրաստ չեն: Մեծ մասը չի էլ պատկերացնում, թե դա ի՞նչ է և ինչպե՞ս պետք է իրականացնել: Նախ, կարծում եմ՝ վարչապետը ինքը հապաղում է մի կարևոր հարցում` վճռականորեն չի հայտարարում վաշխառուական տնտեսական համակարգից կտրականապես հրաժարվելու և դեպի սոցիալական շուկայական տնտեսական համակարգի անցնելու մասին: Առ այսօր, որպես հարաբերականորեն արդար հասարակարգի լավագույն մոդել, իր կենսունակությամբ ապացուցել է (Գերմանիա, Ավստրիա և այլն), որ դա սոցիալական շուկայական տնտեսական համակարգն է:

– Բայց որոշակի քայլեր` մենաշնորհներից ձերբազատվելու, ազատ մրցակցային դաշտ ստեղծելու համար, կարծես կատարվում են:

– Այո, կատարվում են, ինչը ակնհայտ է եւ տեսանելի է: Սակայն դա արդյո՞ք բավարար է տնտեսական հեղափոխության գաղափարին, տնտեսության թռիչքաձև զարգացմանը: Ոչ: Սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ներդրման համար ահռելի աշխատանք կա անելու` սկսած օրենսդրական դաշտը փոխելուց, վերջացրած պաշտոնյաների և ժողովրդի հոգեբանությունը փոխելով: Սոցիալական շուկայական տնտեսական համակարգի հիմքը կազմում է արդյունաբերությունը: Իսկ արդյունաբերության զարգացումը տարիների խնդիր է:

– Իսկ ինչո՞ւ եք այդքան կարևորում արդյունաբերության զարգացումը, արդյոք պարտադի՞ր է, որ Հայաստանը լինի արդյունաբերական երկիր:

– Իհարկե, պարտադիր է: Նույն բանն է, որ հարցնեք, արդյոք պե՞տք է ունենալ բարձր կենսամակարդակ ունեցող Հայաստան: Նախ, որ Հայաստանը պետք է դառնա կենսունակ պետություն, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Իսկ կենսունակ պետություն նշանակում է ունենալ գիտաարդյունաբերական զարգացած համալիր: Եթե մի փոքրիկ էքսկուրս կատարենք ոչ հեռավոր անցյալը, ընդամենը 30 տարի առաջ, ապա կտեսնենք, թե սուղ հնարավորությունների և տնտեսության զարգացման համար ոչ լիարժեք պայմանների դեպքում Հայաստանը ինչպիսի հաջողությունների հասավ գիտաարդյունաբերության բնագավառում: Հայաստանում զարգացման շատ բարձր մակարդակի հասան արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը՝ հաստոցաշինությունից սկսած՝ ավարտած գերճշգրիտ սարքերով: Իսկ դա հենց այնպես չկատարվեց, դա իրականացավ հայ ժողովրդի մտքի և աշխատասիրության հետևանքով: Այսինքն, մեր ազգը ցույց տվեց, որ ինքը գիտաարդյունաբերական, մշակութային բարձր ինտելեկտ ունեցող ազգ է: Յուրաքանչյուր ազգ առաքելություն ունի, Աստված մեր ազգին ամեն ինչ տվել է և խելք, և աշխատասիրություն, և բնական այնպիսի պայմաններ և այնպիսի հարստություն, որ ուրիշների նախանձն է շարժում:

– Դուք բնական հարստության մասին եք խոսում, բայց մենք ոչ նավթ ունենք և ոչ էլ գազ:

– Այո, նավթ և գազ չունենք, գուցե և դա բարեբախտություն է (որի մասին կարելի է առանձին խոսել), սակայն ունենք բնական ահռելի պաշարներ հանքանյութերի և քարի տեսքով, և բնակլիմայական հրաշալի պայմաններ, որոնք ավելին են, քան նավթը և գազը: Մեր հանքանյութերի արդյունահանումը և արտադրանքի վերածելը, արդյունաբերական համալիրների ստեղծում է նշանակում, իրենց ամբողջական համակարգերով՝ կոմունիկացիաներով, աշխատատեղերով, գիտական կադրերով, որակյալ բանվորական մասնագիտացում ունեցող անձնակազմերով, բարձր աշխատավարձ և կենսամակարդակ ունեցող աշխատակազմերով:

– Մինչդեռ Հայաստանը փոքր շուկա է, իսկ արտահանման դեպքում ճանապարհների սահմանափակ հնարավորություններն արդյո՞ք արգելակող հանգամանք չեն:

– Ոչ: Նախ, լինելով ԵԱՏՄ անդամ, արդեն ունենք շատ մեծ շուկա: Մի փոքր ջանք գործադրելու դեպքում Վրաստանով կունենանք անխափան գործող մի քանի ճանապարհ դեպի Ռուսաստան: Երկրորդ, Հայաստանը չափերով այս պահին է փոքր, իսկ ո՞վ գիտի առաջիկա տարիներին Հայաստանի տարածքը այժմյան 42 հազ քառ. կմ-ից որքա՞ն է աճելու և դառնալու՝ 160 հազ քառ. կմ, թե՞ ավելի: Մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ ներարկել էին խեղճ լինելու մտայնություն: Դա ռուսական կայսրության հատուկ ծրագիրն էր` մոռացնել տալու հայ ժողովրդի փառավոր անցյալը և նրան այդ միջոցով պահել իր ուղեծրում, մեղմ ասած, իսկ ավելի ճիշտ մշտապես պահել հպատակ: Քանի որ Հայաստանում, անկախ պետականության պայմաններում տեղի է ունենում սերնդափոխություն, պատմագրությունը սկսում է ավելի օբյեկտիվ ներկայացնել մեր անցյալը, որը ուղեցույց է լինելու մեր ապագայի համար: Անկախ պետականության վերականգնումից հետո, նկատի ունեմ 1991 թվականը, մեր սերունդը մեծ քայլ կատարեց, սակայն, ցավոք սրտի, շատ հարցերում լուրջ վրիպումներ թույլ տվեց: Տեսեք, աշխարհում այժմ ինչ է կատարվում. պետությունների մեծ մասը իրենց ազգային շահերը պաշտպանելու համար դիմում են անգամ պատերազմների: Գերտերությունները պատերազմների մեջ են, առայժմ առանց ռազմական բախումների: Այնպես որ, ճանապարհների հարցը համարում եմ լուծված հարց, պարզապես անհրաժեշտ է հետամուտ լինել մեր ազգային շահերին: Փառք Աստծո, վարչապետը այնպիսի քայլեր է կատարում, որ կասկած չի հարուցում, որ այդ խնդիրները առաջիկա տարիներին կլուծենք: Օրինակ, Նախիջևանի վերադարձը Հայաստանին և Պարսից ծոց -Սև ծով միջանցքի բացումը: Այս հարցի շուրջ մի փոքր ծավալվեցինք, ուզում եմ մեջբերում անել նաև Աստվածաշնչից՝ Եզեկիել 27.14. «Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները»: Խոսքը Փյունիկիայի Տյուրոս քաղաքի մասին է, այսինքն, Հայաստանն այնքան հզոր էր այն ժամանակ և տնտեսապես զարգացած, որ նրա ապրանքները լցված էին Միջերկրականի առևտրային քաղաքները: Հետևաբար, Հայաստանի իշխանությունից է կախված Հայաստանը այլ երկրների հետ կապող ճանապարհների անխափան և անվտանգ լինելու հանգամանքը:

Մյուս կողմից, Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում: Չէ՞ որ արդյունաբերական ապրանքներ արտահանող պետությունը բազում առավելություններ է ստանում՝ սկսած լավ միջպետական հարաբերություններ հաստատելուց, ավարտած փոխադարձ շահերի հետ հաշվի նստելը:

– Ըստ Ձեր ներկայացրածի, եթե առաջիկա 2-3 տարվա ընթացքում արդյունաբերության այդպիսի զարգացում դիտվի, ապա այդ պարագայում աշխատուժի մեծ պահանջարկ կունենանք:

– Ճիշտ եք: Այդ իսկ պատճառով էլ մեր իշխանության առաջնահերթ խնդիրը պետք է լինի ներգաղթի և վերադարձի կազմակերպումը հենց այսօրվանից: Արդյունաբերության զարգացումը իր հետ բերելու է տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր աշխատատեղերի առաջացում, ինքնըստինքյան նաև բնակարանաշինության աճի: Այս փուլում կառավարությունը պետք է ստանձնի ակտիվ դերակատարություն և իր անմիջական մասնակցությամբ կարգավորի բազում առաջացող խնդիրներ, սկսած` ինչպիսի՞ գործարան, ո՞ր տարածաշրջանում կառուցելուց, վերջացրած քաղաքաշինական և կենցաղային խնդիրների լուծումով: Քանի որ, կարճ ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը արհեստական աճի շնորհիվ կարող է և կրկնապատկվել:

– Այսինքն, Դուք առաջարկում եք, որ կառավարությունը թելադրի թե որտեղ ինչպիսի՞ գործարան կառուցվի:

– Այո: Կառավարությունը պետք է պլանավորի, թե որ մարզում, որ քաղաքում ինչպիսի գործարան պետք է կառուցվի և այն իրականացնելու համար մրցույթ հայտարարի, նշելով իր մասնակցության չափը: Կառավարության մասնակցությունը այդ բոլոր ծրագրերին պարտադիր է, թե յուրաքանչյուր ծրագրի ինչ մասնակցություն կունենա կառավարությունը, դա կառավարության նպատակահարմարության խնդիրն է՝ 10 տոկոս մասնակցությունից սկսած՝ մինչև 100 տոկոս:

– Իսկ արդյունաբերության ինչպիսի՞ ճյուղեր պետք է զարգացնի Հայաստանը:

– Կառավարությունը պետք է արդյունաբերության մի քանի ճյուղեր հայտարարի ռազմավարական և գերակա: Մեկի մասին արդեն ասվում է՝ բարձր տեխնոլոգիաների ճյուղը, որը շատ գովելի է: Սակայն այդ ճյուղով զբաղվողների թիվը սահմանափակ է, կախված մարդկային ունակություններից: Այդ իսկ պատճառով էլ գերակա ճյուղերի թիվը պետք է ավելացնել, ինչը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ նաև ելնելով Հայաստանին յուրահատուկ պարտադիր գործոններից:

Հանքարդյունաբերության ազգայնացման հետևանքով նրա հենքի վրա գունավոր մետալուրգիայի զարգացումը՝ պղնձաձուլական գործարանի կառուցում, պղնձի հենքի վրա պղնձյա, արույրյա, բրոնզյա արտադրանքների արտադրություն, դրանց հիման վրա սարքաշինության, էլեկտրական շարժիչների, գեներատորների և արդիական այլ սարքերի և սարքավորումների արտադրություն: Սրանք, որ թվարկում եմ, դա մի գործարան չի, այլ կարող են տասնյակի հասնել, տարբեր մարզերում և այլն:

Հաջորդ ռազմավարական և գերակա ճյուղը, իհարկե, քարի վերամշակման բնագավառն է, որը նույնպես իր հետ բերելու է ոչ միայն հազարավոր աշխատատեղեր, այլև գիտական մտքի թռիչք, երբ քարից պատրաստված արտադրանքները շատ ոլորտներում փոխարինելու են պողպատյա և այլ մետաղական կամ ոչ մետաղական արտադրանքների: Որոնց կիրառության բնագավառն է նաև բարձր տեխնոլոգիական դետալների, հանգույցների արտադրությունը:

Արևի էներգիան օգտագործելու բնագավառը՝ էլեկտրական էներգիայի ստացում, սննդամթերքի վերամշակում, բնակարանների տաքացում և այն: Այս բնագավառում նույնպես մենք մեծ ասելիք ունենք, որ տալու ենք արտադրանք բոլոր ուղղություններով, որի համար անհրաժեշտ կլինի կառուցել մի շարք գործարաններ՝ իրենց գիտահետազոտական հատվածով հանդերձ:

Արդյունաբերության զարգացումը առանց մեքենաշինության անհնար է իրականացնել, այդ պատճառով էլ այս ճյուղը նույնպես պետք է դիտարկել գերակա և ռազմավարական: Իսկ մեքենաշինությունը բաժանվում է բազմաթիվ ենթաճյուղերի, սկսած տեխնոլոգիական գործիքների, հանգույցների, սարքերի, հաստոցների, մեքենաների և այլ արտադրատեսակների արտադրությունից:

Կառավարությունը արդեն ձեռնամուխ է եղել բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության բնագավառը դարձնել գերակա ճյուղ, որը շատ գովելի է և խրախուսելի: Տեսեք, թե ի՞նչ կարող է անել ճիշտ կադրային քաղաքականությունը: Նախարարը խելացի է, նախաձեռնող, նոր գաղափարներ առաջադրող, գործը սկսում է արագ տեղաշարժվել: Այդպիսին պետք է լինեն բոլոր ճյուղային ոլորտների պատասխանատուները, որը առայժմ չենք տեսնում:

Էլեկտրոնային սարքավորումների, սարքերի արտադրության բնագավառը նույնպես պետք է դիտարկել ռազմավարական և գերակա ճյուղ: Ժամանակակից աշխարհը առանց նման սարքերի անհնար է պատկերացնել: Ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, որպես բարձր տեխնոլոգիական ճյուղ, պետք հայտարարել ռազմավարական և գերակա ճյուղ: Ռոբոտաշինությունը նույնպես պետք է դիտարկել ռազմավարական և գերակա, որի պահանջարկը ամբողջ աշխարհում սրընթաց աճում է: Իսկ այսպիսի գործարանների կառուցումը Հայաստանի կարգավիճակի բարձրացում է նշանակում նաև, որտեղ միահյուսվում են արտադրությունը և գիտությունը, ընդգրկելով բարձր տեխնոլոգիաների ամբողջ սպեկտորը:

Թեթև արդյունաբերությունը իր ենթաճյուղերով՝ տեքստիլ և կոշիկի արտադրություն, կարծես թե արդեն գտնում է իր տեղը, սկսել է բուռն զարգացման փուլ մտնել:

– Իսկ գյուղատնտեսության ոլորտը:

– Իհարկե, գյուղմթերքների վերամշակումը պետք է միշտ դիտարկել առաջնահերթ և ռազմավարական: Ճյուղի զարգացումը պետք է հանգեցնի գյուղմթերքների մշակման առաջընթացին և մշակման եղանակների արդիականացմանը, որպեսզի Հայաստանը սննդամթերքի արտադրության բնագավառում առաջին հերթին դառնա ինքնաբավ, իսկ երկրորդը՝ դառնա որակյալ և էկոլոգիապես մաքուր մթերքներ արտահանող երկիր:

– Իսկ ինչո՞ւ չեք մատնանշում ռազմական արդյունաբերությունը:

– Չնայած որ կառավարությունը արդեն հայտարարել է ռազմական արդյունաբերու-թյան զարգացումը ռազմավարական և գերակա, սակայն կարծում եմ, այստեղ մի փոքրիկ շտկում պետք է կատարվի, որովհետև ռազմական արդյունաբերությունը պետք է մաս կազմի ընդհանուր արդյունաբերության համալիրի: Այսինքն, էլեկտրոնային սարքեր արտադրող գործարանը մասնագիտանալու է նաև ռազմական նշանակության սարքեր արտադրելու մեջ, քանի որ տվյալ գործարանի արտադրանքի շատ հանգույցներ նույն պարամետրերն են ունենալու կամ տարբերությունը չնչին է լինելու: Սա մի օրինակ է, կարելի է այսպես մատնանշել նաև այլ ոլորտներ: Ինչու՞ Հայաստանում ավտոմեքենա, գյուղատնտեսական տեխնիկա չպետք է արտադրվի, որի հետ միասին էլ ռազմական ամենագնացներ, բրոնետանկային մեքենաներ և այլն, իսկ նրանց էլեկտրոնային սարքերը և սպառազինությունը արդեն կապահովեն Հայաստանի մյուս գործարանները կոոպերացիայի հիմունքներով:

– Ձեր կարծիքով Հայաստանում տնտեսության մեջ գերիշխող ճյուղեր այլևս չկա՞ն:

– Իհարկե կան, օրինակ ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիայի» ունեցած դիրքը և նրանց համար ժամանակին ստեղծված օրենսդրական ամբողջ փաթեթը՝ սկսած պայմանագրերի նմուշներից, որոնք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծել է նրանց համար և կոմունիկացիաների մենաշնորհային օգտագործումը: Այս երկու ընկերությունների դիրքը ցցուն մենաշնորհային է, քանի որ նրանցից կախված է Հայաստանի ամբողջ տնտեսությունը, որը օրենսդրորեն պաշտպանված չի այս երկու ընկերությունների կամայականություններից:

Այս ընկերությունների և սպառողների միջև կնքվում են պայմանագրեր՝ դրանք միակողմանի, այդ երկու ընկերությունների շահերը պաշտպանող պայմանագրեր են, առանց հաշվի առնելու մյուս՝ սպառող ընկերությունների շահերը: Դրանց բացասական հետևանքների մասին բերեմ մեկ օրինակ. տեսեք, տնտեսվարող ընկերությունը ինչ-որ փուլում ֆինանսական մուտքերի դժվարությունների առջև է կանգնում և չի կարողանում նշված ժամկետում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը վճարել ծախսած էներգիայի կամ բնական գազի դիմաց և բոլորին հայտնի է, թե ի՞նչ է լինում` անմիջապես անջատում են և՛ էլեկտրաէներգիայի, և՛ գազի մատակարարումը, իսկ եթե տնտեսվարողը արտադրական ձեռնարկություն է, ապա բացասական հետևանքները ակնհայտ են: Պետք է անհապաղ էներգետիկայի նախարարությունը և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեռնամուխ լինեն փոխելու պայմանագրերի բովանդակությունը, որտեղ պետք է հստակ դրվի և՛ ծառայություն մատուցողի, և՛ սպառողի շահերը հավասարապես, որը կբխի երկուսի շահերից էլ, առանց ոտնահարելու մյուսի շահերը, ինչը այժմ բացակայում է:

Երկրորդ, պետք է ընդունել օրենք՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու նպատակով: Պետք է մատակարար ընկերություններին տարանջատել՝ սպառողին անմիջապես մատակարարող և մինչև սպառողը էներգիայի և բնական գազը փոխադրողների: Առաջին, էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններ, երկրորդ, բարձր լարման էլեկտրաէներգիա մատակարարողներ՝ այն ընկերությունն է (ներկայումս ԲԷՑ, պետական ընկերություն) կամ ընկերությունները, որոնք 110 կամ 220 կվ էլ. էներգիան տեղափոխում են մինչև բնակավայրեր: Երրորդ, բնակավայրերում՝ մինչև սպառող օբյեկտներին և տներին, շենքերին հասցնող ընկերություններ և չորրորդ, անմիջապես սպառողին հասցնող ընկերություններ: Ստացվում է 4 աստիճանի կառույց՝ արտադրող և անմիջական սպառող միջակայքում: Այս տարանջատումը հնարավորություն կտա ձերբազատվել մեկ ընկերության մենաշնորհային վիճակից և մեծացնել մրցակցությունն ու էժանացնել էներգիայի վաճառքի գինը: Միևնույն ժամանակ պետք է օրենքները հնարավորություն տան, որպեսզի էներգետիկ միավորների տեղափոխման կոմունիկացիաները հասանելի դառնան ցանկացած ընկերության համար, ով կցանկանա այդ բնագավառով զբաղվել: Օրինակ, բոլոր գազատար խողովակներից պետք է հնարավորություն ունենան օգտվելու ոչ միայն խողովակաշարի սեփականատերը, այլև ցանկացած ընկերություն: Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիայի տեղափոխմանը:

– Նույնիսկ, թռուցիկ, այս հարցազրույցից երևում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարներ են անհրաժեշտ: Իսկ որտեղից այդքան գումար ներգրավել:

– Միանգամայն ճիշտ եք: Կառավարությանը, իր առջև դրված ծրագիրը իրագործելու համար, անհրաժեշտ կլինի ներգրավել մոտավորապես 80-90 մլրդ դոլարի գումար: Բայց այդ գումարը Հայաստանի ամբողջական տնտեսական համակարգին է վերաբերվում՝ կոմունիկացիաներ, էներգետիկ համակարգ՝ նոր ատոմակայան, արևային էներգիայի օգտագործում, գյուղատնտեսություն՝ ոռոգման համակարգ, ջրամբարներ, գյուղմթերքների արտադրություն, վերամշակում, արդյունաբերություն՝ իր ամբողջ ճյուղավորումներով, քաղաքաշինություն՝ բնակավայրերի վերակառուցում և այլն: Այսինքն, սա պետության արդիականացման ծրագիր է, որը կարծում եմ, մեծ գումար չի, եթե ընդունենք, որ այս ամենը կատարելուց հետո Հայաստանի բյուջեն կկազմի մոտավորապես 100 մլրդ դոլար, իսկ բնակչության թիվը կհասնի 7-8 միլիոնի: Սա, առաջիկա տաս տարվա ռազմավարական և մարտավարական ծրագիրը պետք է դառնա, ծրագիր, որը յուրաքանչյուր հայ պաշտոնյայի և յուրաքանչյուր հայ մարդու՝ անկախ բնակության վայրից և քաղաքացիությունից, ամենօրյա աշխատանքի արգասիքը լինի: Այդ պատճառով էլ պետք չի դանդաղել, այլ անհրաժեշտ է գործել արագացված տեմպերով: Այդ նպատակին հասնելու քայլերից մեկն էլ կառավարության կողմից պետական առևտրային բանկի և պետական ապահովագրական ընկերության հիմնադրումն է: Սա կլինի պետության, տնտեսության արդիականացման առաջին քայլերից հիմնականը, նրա անմիջական մասնակցության դրսևորումը, որը ոչ միայն որևէ մեկի մոտ կասկած չի հարուցի, այլև ցույց կտա, որ կառավարությունը շատ լուրջ է մոտենում իր ծրագրին և խթան կհանդիսանա մասնավոր բանկերի հետ մրցակցության մեջ մտնելով, մասնավոր բանկային համակարգին ավելի ակտիվ ներգրավելու արդյունաբերության վարկավորման գործում: Իսկ մյուս կողմից, օտարերկրյա ներդրողների մոտ Հայաստանում ներդրումների ռիսկայնությունը կհասցվի նվազագույնի: Հաջորդ առավելությունը, որ ուզում եմ նշել, դա կառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման՝ վարկավորման հարցն է, ինչու՞ պետք է այդ ծրագրերի վարկավորումը և ծրագրի իրականացման գործընթացի վերահսկողությունը կառավարությունը չիրականացնի ինքը, հենց այդ բանկի և ապահովագրական ընկերության միջոցով:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

06.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930