Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ է ինչպես կին քաղաքական գործիչը, այնպես էլ տղամարդ մոդելը»

Ապրիլ 08,2019 12:00

Կարծում է մոդելային գործունեությամբ զբաղվող Տիգրան Դոդորյանը

Քաղաքում գրեթե չկա մի փողոց, որտեղ փակցված չլինեն փայլող ու շլացնող արտաքինով տղա կամ աղջիկ մոդելների պաստառներ, որոնց կողքով ոմանք անցնում են անտարբեր, որոշները՝ հմայված, մի մասն էլ այն երազանքով, որ մի օր կհանդիպեն այդ մեկին։ Տիգրան Դոդորյանը 20-ամյա մոդել է, որը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Դերասանական մնջախաղի ֆակուլտետում եւ միեւնույն ժամանակ զբաղվում է մոդելային գործունեությամբ: Նրա անուն-ազգանունն անծանոթներին պատկերացում չի տալիս ով լինելու մասին, բայց նկարները հիշեցնում են խանութ-սրահների պաստառների տղային:

– Տիգրան, երբ գնում եք գնումների այն խանութներ, որոնց «դեմքը» դուք եք, ճանաչո՞ւմ են աշխատողները ձեզ, թե ֆոտոշոփային փոփոխություններն այնքան շատ են, որ անճանաչելի եք։

– Հիմնականում ճանաչում են, զգում եմ խոսակցություններից ու հայացքներից։ Մի ծիծաղելի դեպք է եղել նկարների հետ կապված. քրոջս երեխաներն ամեն անգամ խանութի կողքով անցնելիս մտել ու սկսել են նայել նկարներին, աշխատողներին կասկածելի է թվացել, հարց ու փորձ են արել, թե ովքեր են իրենք ու ինչու են անընդհատ գալիս նայում նկարներին։

-Ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է կրթություն ստանալ մոդել դառնալու համար, թե՞ գեղեցկությունը բավական է։

– Մոդելային կրթությունը օգնում է հասկանալ՝ ինչպես քայլել պոդյումում, ինչ դիրքով նկարվել, ինչ միմիկա կիրառել, իսկ գեղեցկությունը փայլ է տալիս այս ամենին։ Եթե գեղեցիկ ես, բայց չես կարողանում տեսախցիկի հետ աշխատել ու գեղեցկությունդ ճիշտ ներկայացնել, ապա սա քո տեղը չէ։ Աշխարհում շատ գեղեցիկ մարդիկ կան, բայց ոչ բոլորն են մոդել։

– Արդեն բավականին երկար ժամանակ այս ոլորտում եք, կա՞ն երեւույթներ, որոնց պատճառով չեք սիրում ձեր աշխատանքը։

– Դե, յուրաքանչյուր ոլորտում էլ կան խնդիրներ ու դժվարություններ, կան չսիրելու բազմաթիվ պատճառներ, բայց եթե սիրում ես այն, ինչով զբաղվում ես, դրանք թաքնվում են առավելությունների հետեւում: Պետք է ամեն բանի նայել դրական աչքով։

– Մոդելային ոլորտը թելադրում ու ենթարկվում է ժամանակի ոճային պահանջներին, եւ մոդելները լինում են փոփոխությունների առաջին կրողները։ Դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս փոփոխությունները, արդյոք հե՞շտ եք համաձայնում։

– Մասնակցելով տասը ֆոտոսեսիայի՝ քսան կերպար կարող ես ընդունել։ Մի փոքր դժվար է, բայց ես փոփոխություններ սիրում եմ ու հեշտ եմ համաձայնում։ Սկզբում դիզայներները ցույց են տալիս, թե ինչ կերպար են ինձնից ուզում ստանալ՝ ինչպես պետք է մազերս կտրեն, ինչ շորեր պետք է հագնեմ, հետո արդեն որոշում եմ գնալ այդ քայլին, թե ոչ։

– Այնուամենայնիվ, լինո՞ւմ են դեպքեր, երբ հրաժարվում եք լուսանկարահանվել։

– Հիմնականում ոչ, բայց երբ գնում եմ ֆոտոսեսիայի, ու ուտելու բան չի լինում, չեմ նկարվում, որովհետեւ սոված ստամոքսով չեմ կենտրոնանում, դրա համար լուսանկարչին պարտադրում եմ՝ ուտելու բան ունենա։

– Հե՞շտ է աշխատել մի միջավայրում, որտեղ անընդմեջ շրջապատված ես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով։

– Այն էլ ինչքան. ոչ միայն հեշտ, նաեւ՝ հաճելի։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր տղա էլ կուզենար աշխատել աղջիկներով շրջապատված միջավայրում։ Ճիշտ է, աղջիկները շատ հաճախ քմահաճ ու կամակոր են, բայց մենք՝ տղաներս, կարողանում ենք դիմակայել։

– Հնարավո՞ր է ապագա ընտրյալը լինի այդ ոլորտից:

– Իհարկե, հնարավոր է։ Ես չունեմ «ոնց կարա իմ կինը էդտեղ աշխատի» մտածողություն: Ինձ համար դա նորմալ աշխատանք է, նորմալ երեւույթ։

– Հե՞շտ եք համակերպվում այն փաստի հետ, որ բեմ բարձրանալիս եւ նկարահանվելիս անհրաժեշտ է դիմահարդարվել։

– Առհասարակ չեմ սիրում, որ ինձ դիմահարդարում են պոդյում դուրս գալուց առաջ, անգամ դեպք է եղել, որ ամբողջությամբ մաքրել եմ։ Բայց եթե սիրում ես աշխատանքդ, ապա քայլում ես «չեմ սիրումների» եւ «չեմ կարողների» վրայով, մանավանդ, երբ հասկանում ես, որ սա անհրաժեշտ է լուսային փայլից խուսափելու, միմիկան ընդգծելու կամ այլ կերպար ստանալու համար։

– Մեր հասարակությունում տարածված կարծիք կա, որ մոդելային աշխատանքը տղամարդուն հարիր չէ, նա չպետք է վաճառի իր գեղեցկությունը։ Երբեւիցե բախվե՞լ եք այս խնդրի հետ։

– Կարծում եմ, որ մասնագիտության սխալ ընկալումն ավելի սրված էր տարիներ առաջ, ինչքան ժամանակն անցնում է, այդքան զարգացում ենք ապրում, եւ ժամանակակից սերունդը հասկանում է, որ նորմալ է ինչպես կին քաղաքական գործիչը, այնպես էլ մոդել տղամարդը։

ԹԵՀՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Դոդորյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 

06.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930