Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջ ու գեղեցիկ մաշկի գրավականը՝ կոլագեն

Ապրիլ 07,2019 23:00

Հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդն իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Գեղեցկությունը գումար արժե»։ Մեր ժամանակներում դժվար է չհամաձայնել այս տեսակետի հետ․ շատերն են պատրաստ հսկայական գումարներ ծախսել պլաստիկ վիրահատությունների ու կոսմետիկ միջամտությունների, երիտասարդացնող «հրաշագործ» կրեմների վրա, բայց իրականում գեղեցկության բանաձևերը երբեմն շատ ավելի պարզ ու մատչելի են, քան մենք կարծում ենք։

Նորություն չէ, որ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունն առաջին հերթին պայմանավորված է ներքին առողջությամբ, մասնավորապես հետևյալ օրգանների կանոնավոր աշխատանքից է կախված մաշկի հարթ և առաձգական վիճակը․

  • Բարակ և հաստ աղիք – սննդարար նյութերն օրգանիզմ են ներթափանցում աղիների միջոցով, որոնք էլ այնուհետև օրգանիզմից արտամղում են ավելորդ նյութերը, և այս դեպքում չափազանց կարևոր է, որ դա լինի կանոնավոր կերպով (այդ հարցում մեծ դեր ունի բջջանյութով հարուստ սննդին նախապատվություն տալը)։ Եթե սնունդն օրգանիզմում շատ երկար է մնում, մաշկը ճարպոտվում է, գունատվում է, դառնում անհարթ։
  • Կանոնավոր աշխատող մակերիկամները կարևոր հորմոններ են արտադրում՝ էստրոգեն, պրոգեստերոն, տեստոստերոն և այլն։ Հորմոնալ անհավասարակշռության հետևանքով մաշկի հետ կապված խնդիրներ են առաջանում։
  • Օրգանիզմն անընդհատ մաքրվում է լյարդի ու երիկամների օգնությամբ։ Եթե այդ օրգանները բավականաչափ և համապատասխան սննդարար նյութեր չեն ստանում, ապա ծանրաբեռնվում են, ինչն էլ հանգեցնում է մաշկի վիճակի վատթարացման։
  • Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները նույնպես ազդում են մաշկի վրա՝ այն չորանում է, կամ ընդհակառակը՝ «դուրս է տալիս», կարող են առաջանալ վաղաժամ կնճիռներ, քոր։

Ուստի մաշկի հետ կապված խնդիրներ առաջանալուն պես արժե հոգալ նախ և առաջ ներքին առողջության մասին։

Կոլագենը՝ առաձգական ու հարթ մաշկի երաշխավոր

Երբ հայելին մեզ ցույց է տալիս գունատ, խամրած մաշկով, տեղ-տեղ անսպասելի կնճիռներով «զարդարված» ու կարծես թե «անծանոթ» մի դեմք, ուրեմն օրգանիզմում կոլագենի պաշարները լրացնելու մասին հոգալու ժամանակն է։ Կոլագենը մաշկի համար կարևորագույն սպիտակուց է, որը պատասխանատու է վերջինիս երիտասարդության և առողջության, հետևաբար նաև գեղեցկության համար։ Սակայն կոլագենն օգտակար է ոչ միայն մաշկի առաձգականության համար, այլև մազերի ու եղունգների։ Այն մեր օրգանիզմում բավականին մեծ քանակությամբ է պարունակվում, սակայն, չի արտադրվում օրգանիզմի կողմից, ուստի օրգանիզմի համար դրա հիմնական աղբյուրը սնունդն է։

Կոլագենը երկայնաշղթա ամինաթթու է՝ կազմված առանձին ամինաթթուներից, ինչպիսիք են գլիցինը, պրոլինը, հիդրոքսիպրոլինը, արգինինը և այլն։

«Better Nutrition» ամսագիրը գրում է․ «Օրգանիզմը կոլագենի ավելի քան 20 տեսակ է պարունակում, սակայն մոտավորապես 25 տարեկանից հետո այն սկսում է պակասել»։ 80 տարեկանում օրգանիզմում կոլագենի քանակը մոտ 4 անգամ նվազում է, ինչն ակնհայտորեն երևում է մաշկի վրա։ Հաշվի առնելով վերոնշյալ տվյալները՝ կարող ենք փաստել, որ օրգանիզմում կոլագենի պաշարները հարստացնելով՝ կարող ենք հնարավորինս դանդաղեցնել մաշկի ծերացման անխուսափելի գործընթացը։

«Medical News Today» ամսագիրը մեկնաբանում է․ «Եթե օրգանիզմում կոլագենի մակարդակը բարձր է, մաշկը փափուկ է, հարթ և էլաստիկ։ Բացի դա, կոլագենը հոգում է մաշկի խոնավության պահպանման համար։ Ահա թե ինչու է կոլագենը ներառվում մաշկի խնամքի միջոցների բաղադրակազմում»։

Կոլագենի ձևավորմանը խոչընդոտող գործոնները

Կոլագենի ձևավորման վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ էկոլոգիական գործոններն ու կենսակերպը, հորմոնալ փոփոխությունները, դեղամիջոցները, սննդարար նյութերի պակասն ու վերամշակված սննդամթերքի օգտագործումը, շաքարի չափից ավելի օգտագործումը, ճառագայթումը, սթրեսը, աղիների վատ վիճակը, ալկոհոլը և այլն։

Կոլագենով հարուստ սննդամթերքներ են

  • Տավարի ոսկորներից պատրաստված արգանակը,
  • Սաղմոնը,
  • Հատապտուղները, ինչպիսիք են մոշը, ազնվամորին ու հաղարջը, որոնք նաև պաշտպանում են մաշկն ազատ ռադիկալներից։
  • Նարինջը, թուրինջը, կիտրոնն ու լայմը, որոնցում պարունակվող վիտամին C-ն նպաստում է լիզին և պրոլին ամինաթթուների՝ կոլագենի վերածմանը։
  • Սխտորը, որը պարունակում է կոլագենի արտադրության համար անհրաժեշտ ծծումբ, ինչպես նաև լիպոյաթթու և տաուրին, որոնք օգնում են վերականգնել կոլագենի վնասված մանրաթելերը։
  • Ժենշենը, որը հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի և մեծացնում է արյան մեջ կոլագենի քանակը։
  • Կանաչ բանջարեղենը՝ սպանախ, բազուկի կանաչ տերևներ, կաղամբ և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930