Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը՝ լուսանկարներով

Ապրիլ 07,2019 20:36

Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգևոր սպասավորներ, Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած բարերար հայորդիներ, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ և հավատավոր բազում արցախցիներ:

Հընթացս օծման սրբազան արարողության` սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները: Այնուհետև Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու  Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի դիվանապետ Խաչատրյանի ձեռամբ օծվեցին  խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները և եկեղեցու մնացյալ սյուները:

Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակաչեց Սուրբ Աստվածածին:

Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախահայությանը և Սուրբ Ավետման տոնի և եկեղեցու օծման առիթով իր հայրապետական պատգամը բերեց ներկա ժողովրդին:

« Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զի Աստուած ընդ մեզ է»

(Եսայի Ը 10)

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

Գերաշնորհ Պարգև Սրբազան, առաջնորդ Արցախի թեմի,

Մեծարգո վաստակյալ Նախագահ,

Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր,

Պատվարժան պետական այրեր,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել ենք Ավետման տոնի խորախորհուրդ այս օրը Մեր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելու արցախահայ Մեր սիրելի զավակներիդ և կիսելու հոգևոր խնդությունն ու խանդավառությունը Ստեփանակերտի նորակառույց մայր եկեղեցու օծման առիթով: Արցախի գողտրիկ երկրամասում վեր խոյացած հայոց հավատի նոր վկայարանի հիմնարկեքը Մենք կատարեցինք 2006 թվականին՝ հավատով, որ Աստված միշտ մեզ հետ է և ձեռքբերումներ ու հաղթանակներ է պարգևում մեր պայքարների ու մեր բոլոր բարի ձգտումների մեջ: Մեր ժողովրդի զավակաց ջանքերով

վեր խոյացած այս եկեղեցին Աստծո օրհնությամբ ու շնորհով նոր ղողանջը պիտի դառնա մեր հավատքի ու հաղթական ոգու, նաև՝ ազդարարողը Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի անօտարելի իրավունքի, ինչպես և վկայությունը մեր քրիստոնեական հավատի և ազգային ինքնության անխորտակելի շաղկապվածության:

Այսօր, սիրելիներ, տոնն է Սուրբ Աստվածածնի ավետման, երբ հրեշտակը Փրկչի Ծննդյան բարի լուրը հայտնեց Սուրբ Մարիամին՝ ասելով. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Հրեշտակի  բարի ավետիսին Սուրբ Մարիամի խոնարհ ու հեզ պատասխանն էր. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. Ա 28, 38): Ինչպես Սուրբ կույսը՝ ընտրյալ տաճար, խորան դարձավ Բարձրյալի Միածին Որդուն և փրկության շնորհաբերը՝ մարդկության համար, նույնպես և այս եկեղեցին փրկության շնորհներն է պարգևելու հավատացյալներին, քանզի օծման սրբազան արարողությամբ և բարեպաշտ հայորդյաց ջերմեռանդ աղոթքներով նվիրագործվելով՝ քարեղեն շենքը այլևս վերափոխված է Աստծո տաճարի:

«Զի Աստուած ընդ մեզ է»: Որքա՜ն հավատ և ուրախություն է բովանդակում այս արտահայտությունը: Աստծո զորակցության հավատն ու գիտակցությունը վճռական դերակատարություն են ունեցել մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում, զանազան փորձություններին հանդիման մենք Աստծո շնորհընկալն ենք դարձել և հերոսաբար պայքարել թշնամիների դեմ ՝ միշտ հավատալով, որ «եթե Տերը մեզ հետ է, ապա ո՞վ կարող է լինել մեզ հակառակ» (հմմտ. Հռոմ. Ը 31): Այս զորեղ հավատով և առ Աստված ապավինությամբ են կերտվել մեր հաղթանակները, պաշտպանվել մեր հոգևոր-ազգային սրբազան արժեքները, այս քաջալերանքով են հասակ առել սերունդներ, ովքեր ազատատենչ ոգով արցախյան հերոսամարտը պսակեցին հաղթանակով: Սիրելի արցախցիներ, ո՞վ, եթե ոչ դուք, լավագույնս գիտեք արժեքն ու զորությունը «Աստված մեզ հետ է» հուսառատ հավատի, քանզի Արցախի ազատ ու անկախ կյանքի համար մղված արդար պայքարում թրծված ձեր հավատը և քաջարի ոգին պտղաբերեցին մեր նորագույն պատմության էջերում ոսկյա տառերով արձանագրված Արցախի հերոսամարտի փառապանծ հաղթությամբ: Այսօր մենք ամենքս այստեղ ենք վերստին վկայելու, որ հակառակ բոլոր դժվարությունների, պարտադրված պատերազմների, ավերի ու կոտորածի՝ անհնար է ընկճել հայի հավատն ու ոգին, քանզի Աստված մեզ հետ է, և մենք Աստծո ժողովուրդ ենք, պիտի ապրենք, ստեղծագործենք և կառուցենք, ինչպես որ կառուցել ենք Սուրբ Աստվածածին այս եկեղեցին: Այո՛, մեր հաղթանակը, մեր աննկուն ոգին ամրապնդվում, սփռվում ու տարածվում են նաև մեր եկեղեցիներից, քանզի Աստծո տան օրհնյալ կամարների ներքո են հույսով, կամքով, հոգով ու քաջությամբ զորանում հայորդիք և անպարտելի դառնում հայրենյաց պաշտպանության մեջ: Հիրավի, ազգն անհաղթելի է հավատի իր ապրումով և զորությամբ, քանի որ կենդանի հավատը ավելի զորավոր է բոլոր տեսակի սրերից ու զենքերից: Մեր ժողովուրդը խաղաղասեր է, ստեղծագործ ու համերաշխ կյանքի ջատագով, որին խորթ են բռնությունն ու ռազմատենչությունը: Մեր հայրենական ու ազգային կյանքին սպառնացող վտանգի առջև մենք երբեք չենք ընկրկել ու չենք ընկրկելու և միշտ պաշտպան ենք կանգնելու մեր սրբություններին՝ հայրենի մեր հողին, մեր ընտանիքներին, լեզվին ու մշակույթին, մեր սրբավայրերին:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր խոսեցինք հավատքի զորության և սրբությունների պահպանության կարևորության, քաջության ու սխրանքի մասին: Ձեր կյանքը և ամենօրյա կեցությունն արդեն իսկ արիության ու քաջագործության պանծալի դրսևորում են՝ հայրենի հողը պաշտպանելու անսասան նախանձախնդրությամբ: Ձեր հերոսական կեցվածքով ու արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակով դուք մեր սիրելի Արցախը դարձրել եք մեր ժողովրդի ինքնության պատմության կարևոր վկայություններից մեկը և մեր ազգային նկարագրի դրսևորման գեղեցիկ արտահայություն։

Հայրական Մեր հորդորն է, որ նույն ընթացքով ու վճռականությամբ շարունակեք ձեր կյանքը, այսպես ամուր մնաք առ Աստված ու առ հայրենին ձեր սիրո ու նվիրումի մեջ՝ հանուն արցախահայության բարօր ու շեն կյանքի, մեր ժողովրդի իղձերի իրագործման:

Ուրախալի այս առիթով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Արցախի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ինչպես նաև թեմի հոգևորականաց` իրենց նվիրյալ ծառայության համար: Սիրելի Սրբազան, գիտենք, թե ինչպիսի նախանձախնդրությամբ եք տարիներ շարունակ ջանք ու եռանդ բերել Արցախի հոգևոր կյանքի զորացման, ինչպես և Արցախի սրտում այս եկեղեցու կառուցման համար: Թող Աստված շնորհի Ձեզ քաջառողջություն, երկնահեղ օրհնություններ ու ամենայն բարիք և Իր աջակցությամբ նորանոր ձեռքբերումներ պարգևի տերունապատվեր ծառայության ճանապարհին:

Մեր գնահատանքն ենք հայտնում Արցախի իշխանություններին, ի մասնավորի՝ Արցախի նախագահ մեծարգո տիար Բակո Սահակյանին, ում հետևողական ջանքերի և աջակցության շնորհիվ այսօր մեր ժողովրդի առջև իր դռները բացեց Ստեփանակերտի առաջնորդանիստը: Մեր գնահատանքը նաև վաստակյալ նախագահ մեծարգո տիար Արկադի Ղուկասյանին, ում պաշտոնավարման շրջանում դրվեցին եկեղեցու հիմերը:

Անկարելի պիտի լիներ այս առաքելության իրագործումը պատկերացնել առանց մեր հավատավոր բարերար զավակների զորակցության: Այս նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրաբերությամբ սկզբնավորված դրամահավաքը իսկապես վերաճեց համընդհանուր հանգանակության: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հայտնում աստվածահաճո այս գործում ներդրում բերած բոլոր անձանց, մասնավորաբար գլխավոր բարերար Վարդանյան բարեպաշտ եղբայրներին և տիար Վիտալի Գրիգորյանցին: Մեր գնահատանքն ենք փոխանցում եկեղեցու ճարտարապետին, շինարարներին և վարպետներին: Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու սերն ենք բերում մեր հերոս արցախցիներին` հաստատակամություն մաղթելով մեր համազգային պայքարի առաջնագծում` հանուն Արցախի ազատ ու անկախ կյանքի, շեն ու բարգավաճ ապագայի:

Սուրբ Աստվածածնի ավետման բերկրալի տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում արցախաբնակ մեր մայրերին ու քույրերին: Բարձրորեն գնահատում ենք ձեր կարևոր առաքելությունը, որ դուք ունեք Արցախի մատաղ սերնդին դաստիարակելու, քաջարի ոգով զորացնելու, ձեր ընտանիքներում երջանկությունն ու սերը հաստատուն պահելու աստվածահաճո գործում:  Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում, որ Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ առողջ, բարօր ու քրիստոնեական առաքինություններով զարդարյալ:

Սիրելիներ, Սուրբ Պատարագի ընթացքին կատարելու ենք նաև Հանրապետական մաղթանք՝ մեր հայցը առ Աստված բարձրացնելով Արցախի շինության ու անսասանության, առաջընթաց ու ապահով կյանքի համար: Պիտի աղոթենք նաև Արցախի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հերոսների, ապրիլյան պատերազմի մեր քաջորդիների հոգիների հանգստության ու խաղաղության համար:

Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու անվտանգ պահի ու պահպանի Արցախ աշխարհը և պայծառ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Արցախի թեմը: Թող մեր բարեպաշտ զավակները ապրեն խաղաղ երկնքի ներքո ստեղծագործ կյանքով` աստվածային զորակցության ու շնորհների համար գոհունակ սրտով մեր աղոթատներում փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. ամեն»:

Իր պատգամի ավարտին Հայոց Հովվապետը նորաօծ եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբապատկեր, որպեսզի այդ տերունական օրհնյալ պատկերի առջև աղոթելով՝ հավատավոր արցախցիները արժանի դառնան Տիրոջ բերած փրկության բյուր շնորհներին:

Երկարամյա հոգևոր ծառայության և վաստակի գնահատանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պարգև Սրբազանին շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ Տիրոջ Սուրբ Աջի հանապազ զորակցության սրտագին մաղթանքով:

Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններին` նրանց արժանացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին` եկեղեցաշահ իրենց գործունեության, հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացին բերած գովարժան ներդրումի և բարի հանձնառությունների համար:

Այս ուրախալի առիթով Արցախի թեմի առաջնորդը Վեհափառ Հայրապետին ընծայեց Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ԺԷ դարի պատմական սկիհը` պատշաճ նկատելով, որ այն պահպանվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930